2020 թվականին սփյուռքահայ գործարարի կողմից Արցախի ՊԲ-ին նվիրաբերված մեքենայի վաճառքի հանվելու դեպքով դեռեւս որեւէ անձի նկատմամբ չկա քրեական հետապնդում: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խոշոր չափերի հասնող վստահված գույքի հափշտակում):
Հիշեցնենք, «ԱԿՇՆ ՔՈ» ՍՊԸ տնօրեն Հակոբ Գույումճյանը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ 2020թ. հոկտեմբերի 6-ին «Foton Tuland» մակնիշի LVAV2MWB3FJ գործարանային համարի ավտոմեքենան նվիրատվությամբ հանձնել է Արցախի հանրապետության ՊԲ-ին եւ այս տարվա հոկտեմբեր ամսվա վերջերին տեղեկացել է, որ նշված մեքենան «list.am» կայքով վաճառում են:
Սփյուռքահայ գործարարը իրավապահներին նաեւ հայտնել է, որ մեքենան նվիրելու պահին արժեցել է 33.000 դոլար: «Հաղորդումը ստացվել է, դրա հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Վարույթը նոր է նախաձեռնվել, դեռևս ուսումնասիրություն է կատարվում գործարքի իրավական հիմքերի առնչությամբ, դեռևս վաղ է որևէ գնահատական տալ, հետևաբար այս պահին դեռ ժամանակավրեպ է որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել-չհարուցելու հարցին անդրադառնալը»,- Aravot.am-ին փոխանցեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Մեր հարցին՝ մեքենայի վաճառքի գործա՞րքի մասին է խոսքը, այդպիսի գործարք եղե՞լ է, ի պատասխան՝ պարոն Աբրահամյանն ասաց. «Վարույթը նոր է, հանգամանքները ստուգվում են»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները