Ինչից է ծագել երեկ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում տեղի ունեցած վեճն ու ծեծկռտուքը, որի ժամանակ ՋԷԿ-ի փոխտնօրեն, ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը հարվածել է ՓԲԸ անվտանգության պետ Արթուր Պահլավունուն, որը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աներն է։
MediaHub – Մենք գրել էինք, որ Պահլավունին երեկ առավոտյան, երբ գնացել է աշխատանքի, նրա առջև հրաժարվել են բացել արգելափակոցը, որ Պահլավունին մեքենայով մտնի ՋԷԿ-ի տարածք։ Պարզվել է՝ դա եղել է հենց Սարգիս Հովհաննիսյանի որոշումը, ինչից էլ հենց ծագել է վեճը, և Հովհաննիսյանն այնպես է հարվածել Պահլավունուն, որ վերջինս քթի արյունահոսությամբ տեղափոխվել է հիվանդանոց։
MediaHub-ի հետ զրույցում Արթուր Պահլավունին հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ մենք ինչ գրել ենք, ճիշտ ենք գրել։
«Ինչ գրել եք, դա է, ավել բան չկա, գործն էլ հիմա քննչականում է, դրա համար չեմ կարող մանրամասներ հայտնել»,- ասաց պարոն Պահլավունին։
-Այսինքն՝ Դուք մոտեցել եք, ու Ձեր առջև չե՞ն բացել այդ արգելափակոցը (շլագբաում)։
-Այո, չբացեցին՝ հենց իր հրամանով, չնայած որ ինքը իրավունք չունի հրաման տալու։
-Բայց անվտանգության պետը Դուք եք, պետք է, որ Դուք որոշեք՝ ում առջև բացեն, ում առջև՝ ոչ։
-Դե, բոլորը դրա վրա են զարմանում, ես էլ էի զարմացել։
-Իսկ բուն վեճը ինչի՞ց ծագեց, ասում են՝ հայհոյանքներ են հնչել, ճի՞շտ է։ Դո՞ւք եք առաջինը իրեն հայհոյել, թե՞ ինքը՝ Ձեզ։
-Դե, էական չի՝ ոնց ա եղել, որովհետև մեկը մի ձև կպատմի, մյուսը՝ մյուս ձև, քրեական գործը կա, քրգործում ամեն ինչ կհաստատվի։
-Իսկ Սարգիս Հովհաննիսյանը, երբ մոտեցել է Ձեզ, խոսքով հնարավոր չի՞ եղել իրար հասկանալ։
-Իրեն խոսքով մի քանի անգամ բացատրվել է, ինքը չի հասկացել։ Էդ պահին ասել եմ իրեն, որ դա քո գործը չի, դու ուրիշ բանով ես զբաղվում, մի՛ խառնվիր իմ աշխատանքներին։ Իսկ ինքը գոռում էր տարածքը հսկող ոստիկանների վրա՝ «մի՛ բացեք» և վերջ։
-Իսկ ինչպե՞ս եղավ, որ հարվածեց Ձեզ, ու սպասելի՞ էր, որ կխփի Ձեզ։
-Դե, ինձ չէր թվում։ Ճիշտ է, ինքը ագրեսիվ մոտեցավ, բայց ինձ չէր թվում, որ կխփի։
-Իսկ հայհոյանքներ հնչե՞լ են։
-Հնչել են, այո, փոխադարձ հնչել են։
-Իսկ Դուք հարցրե՞լ եք իրեն հարվածել։
-Ոչ։
-Իսկ հիմա ինչպե՞ս է այդտեղ իրավիճակը, Դուք աշխատանքի գնացե՞լ եք, նրան հանդիպե՞լ եք այսօր։
-Այո գնացել եմ, բայց իրեն չեմ տեսել, ինքը ցանկություն էլ չի ունեցել ինձ տեսնի, ներողություն խնդրի կամ այլ մի բան։
-Բայց Դուք, ինչպես հասկացանք, հաղորդում եք տվել հանցագործության մասին, ճի՞շտ է։
-Դե, եթե չեն ուզում ինչ-որ հայտարարի գան, դրա համար էլ հաղորդում եմ տվել։
-Իսկ ճի՞շտ է, որ Ձեր առջև արգելափակոցը չբացելու պատճառը եղել է այն, որ Դուք կենդանասեր եք, տարածքի թափառող շներին ամեն օր կերակրում եք, և դա իրեն դուր չի եկել։
-Դե, ինքը չի սիրում, հետո շներից մեկը ձագեր է բերել, մի քիչ շատացել են տարածքում, իր մոտ անհանգստություն կա անընդհատ, ինքը չի սիրում, որ իր մեքենայի դիմացով անընդհատ շուն է անցնում․․․ Երևի շների հանդեպ ինչ-որ բան ունի։
-Իսկ իր բացատրությունը ո՞րն էր, որ չէր ուզում՝ Դուք մեքենայով մտնեիք տարածք, ինչո՞վ էր լուծելու շների խնդիրը Ձեր՝ մեքենայով չմտնելը։
-Չեմ իմանում, ես իր հետ մի քանի անգամ նորմալ խոսեցի, բացատրեցի, բայց ինքը չէր հասկանում, ասում էր՝ չէ, իմ ասածով պետք ա լինի։ Ասում էր՝ գնա, կանգնիր «ստայանկայում»։
-Այսինքն, եթե Դուք այլ վայրում կայանեիք մեքենան, շները էլ չէի՞ն գա ՋԷԿ-ի տարածք։
-Էլի էին գալու, դա կապ չունի՝ որտեղ կկանգնես, շանը որտեղ կեր կտաս, մենք 60 հեկտար տարածք ունենք, պտտվում են, մի պոստից մյուսն են գալիս։
-Կարո՞ղ է՝ այդ շների պատճառով ցանկացել է Ձեզնից վրեժ լուծել Սարգիս Հովհաննիսյանը:
-Դե, չեմ իմանում, իր ուղեղի աշխատանքը չեմ կարող ասել՝ ոնց է, ի՞նչ իմանամ՝ ինքը ինչ է մտածել։ Իրեն բացատրվել է, որ քո աշխատանքը ուրիշ է, իմը՝ ուրիշ է, դու մի՛ խառնվիր, գնա՛ քո գործով, հազար անգամ բացատրվել է, էնքան, մինչև էլ չհասկացավ։
-Իսկ տնօրենը՝ Ալիսա Բաղդասարյանը, փորձե՞լ է միջամտել, խնդրին լուծում տալ, և ո՞ւմ կողմից էր ավելի շատ, Ձե՞ր, թե՞ Հովհաննիսյանի։
-Հիմնականում՝ իր։
-Ի դեպ, ասում են՝ դժգոհություններ կան ՋԷԿ-ում թե՛ տնօրենից, թե՛ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանից։
-Հա, ասում են, հիմա․․․ ես չեմ ուզում տարածվել էդ թեմայով։
-Շարունակելո՞ւ եք այդ հիմնարկում աշխատել այսքանից հետո, այդպիսի մթնոլորտում։
-Ես աշխատում եմ հիմա։
-Ես գիտեմ, որ նախկինում էլի է նմանատիպ միջադեպ եղել, և այդ միջադեպի պատճառով պաշտոնյա էր ազատվել աշխատանքից, որովհետև Գնել Սանոսյանն էր այդպես որոշել։ Ի՞նչ եք կարծում, այս անգամ էլ Գնել Սանոսյանը նույն կերպ կվարվի՞, այսինքն՝ կազատի՞ Սարգիս Հովհաննիսյանին աշխատանքից։ Եւ կարևո՞ր է այդ հարցը Ձեզ համար։
-Ինձ համար ինչ ձևով ուզում է՝ Գնել Սանոսյանը թող էդ հարցը լուծի, դա իր գործն է, ես չեմ կարող ասել՝ ազատի կամ չազատի։
-Ի դեպ, այսօր Գնել Սանոսյանն Ազգային ժողովի ամբիոնից այս թեմային անդրադառնալիս ասաց, որ միջադեպ, այո, եղել է, բայց կենցաղային հարցի շուրջ է եղել և ՋԷԿ-ի հետ կապ չի ունեցել։
-Ինքը պետք է էնպես ասի, որ փափկացնի։ Քրեական գործ կա, ամեն ինչ նկարած է, կլինի, վերջնական արդյունքը կիմանաք։
-Իսկ Ձեր փեսան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ինչ-որ կերպ միջամտե՞լ է, հետաքրքրվե՞լ է, թե ինչ է եղել։
-Իրեն ուղղակի միջադեպի մասին տեղեկացրել են, զանգել է ինձ, ասել է՝ «դիմիր, թող ամեն ինչ օրենքի սահմաններում լինի»։
-Ասում են՝ արդեն որոշակի լարվածություն կամ կոնֆլիկտ կա Ավինյանի և Սանոսյանի միջև այս թեմայով, տեղյա՞կ եք դրանից։
-Չեմ իմանում, ես իր հետ էդ մասով չեմ խոսել։
Վահե Մակարյան
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել, ինչու ․․․
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան