21/11/2024

Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինայում պատերազմի մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ափսոսանք է հայտնել Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ, հայտնում է CNN-ը։

Նրա խոսքով՝ ինքը տեսել է հաղորդագրություններ, ըստ որոնց՝ «երեք օրվա ընթացքում հազարավոր մարդիկ են սպանվել»։

«Դրանք զինվորներ են և խաղաղ բնակիչներ…»,- ասել է նորընտիր նախագահը։

Թրամփը նշել է, որ իր վարչակազմը կենտրոնանալու է ռուս-ուկրաինական պատերազմի վրա։
«Մենք շատ համառորեն աշխատելու ենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Սա (պատերազմը – խմբ.) պետք է դադարեցվի։ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է կանգ առնեն: Մենք աշխատելու ենք այս ուղղությամբ»,- հավելել է քաղաքական գործիչը:

Նախընտրական մրցավազքի ժամանակ Թրամփը բազմիցս խոստացել է վերջ տալ Ուկրաինայի պատերազմին։ Նա պնդում է, որ կարող է դա անել 24 ժամում։