26/12/2024

Կենդանասեր լինելը` ծեծի պատճառ․ ինչի՞ց է ծագել երեկվա վեճն ու ծեծկռտուքը «Երևանի ՋԷԿ»-ում. Լուսանկար

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ից երեկ երեկոյան պարզաբանում տարածեցին MediaHub-ի գրած հոդվածի վերաբերյալ՝ նշելով, որ ՋԷԿ-ի փոխտնօրեն, ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ, քաղաքապետ Տիգրան Ավինյանի աներ Արթուր Պահլավունու միջև վեճը ծագել է կենցաղային հարցի շուրջ և ընկերության տարածքում չի եղել։

Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ, ԱԺ-ում անդրադառնալով այս հարցին, չհերքեց, որ վեճ եղել է՝ դարձյալ նշելով, թե իբր ՋԷԿ-ի տարածքից դուրս է եղել դա, կենցաղային հարցի շուրջ է եղել և իբր ՋԷԿ-ի հետ կապ չի ունեցել. «Ինքը մեծ միջադեպ չի, ծեծկռտուք չի եղել, եղել է առավոտյան ութն անց քանիս, այսինքն՝ դեռ աշխատանքային ժամ էլ չի եղել, մինչև շենք մտնելը ինչ-որ խոսակցություն և, ավելի շատ, հրմշտոց է եղել։ Ես նաև վիդեոներն եմ տեսել, այսինքն՝ էդպես ծեծկռտուք, ինչ-որ էդպիսի բան չի եղել։ Ինչ-որ հարցի շուրջ, ընդ որում՝ էնպիսի հարցի, որը ՋԷԿ-ին չի առնչվում, եղել է խոսակցություն, որոշակի հրմշտոց, ընդամենը այդքանը։ Մնացածը՝ որոշակի գործընթաց կա, երևի ավելի մանրամասն կպարզվի»։

MediaHub-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչից է, իրականում, ծագել վեճը և որքանո՞վ է այն ՋԷԿ-ի տարածքից դուրս եղել։ Մեզ պատմեցին, որ վեճի առիթը եղել է այն, որ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ անվտանգության պետ Արթուր Պահլավունին, երբ երեկ առավոտյան գնացել է աշխատանքի, նրա դիմաց արգելափակոցը (շլագբաում) չեն բացել, որ մեքենայով մտնի տարածք՝ առաջարկելով մեքենան կանգնեցնի դրսում և ոտքով մտնի ներս։ Պահլավունին զարմացել է, թե ո՞վ է այդպիսի հրահանգ տվել, ինչին ի պատասխան՝ ասել են, թե տնօրինությունից են հրահանգել այդպես վարվել իր հանդեպ։ Պատճառն էլ, ասացին, այն է եղել, որ Արթուր Պահլավունին շատ կենդանասեր է, ամեն օր կերակրում է տարածքի թափառող շներին, որոնք Պահլավունուն տեսնելուն պես՝ անմիջապես մոտենում են նրան, և, ըստ ՋԷԿ-ի ղեկավարության, իբր անհանգստություն են պատճառում իրենց։ Ու որպեսզի պատժեն Պահլավունուն, որը, ինչպես նշել ենք, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աներն է, նման կենդանասիրական դրսևորումների համար, որոշել են արգելել մեքենայով նրա մուտքը ՋԷԿ-ի տարածք։

Սա, բնականաբար, դուր չի եղել Ավինյանի աներոջը, որն էլ պահանջել է, որ տնօրինությունից մոտենան և պարզաբանում տան, թե ինչու են արգելում իր մուտքը ընկերության տարածք մեքենայով։ Պարզաբանման համար մոտեցել է «Երևանի ՋԷԿ»-ի փոխտնօրեն, Փաշինյանի կողմից անցյալ տարվա սեպտեմբերին ՊՊԾ պետի պաշտոնից ազատված Սարգիս Հովհաննիսյանը, որն իր ծառայության ընթացքում քանիցս աչքի է ընկել սկանդալային միջադեպերով։

Հովհաննիսյանի և Պահլավունու միջև խոսակցությունը հարթ չի ընթացել, մեզ ասացին՝ հնչել են հայհոյանքներ, ինչից հետո Հովհաննիսյանը հարվածել է Պահլավունու դեմքին։ Ըստ ականատեսների՝ հարվածն այնքան ուժգին է եղել, որ Պահլավունու քթից արյան շիթեր են ցայտել, և տեսնելով, որ չեն կարողանում արյունահոսությունը կանգնեցնել, զանգահարել են շտապօգնություն և Պահլավունուն տեղափոխել հիվանդանոց։

Այդ ընթացքում նաև ոստիկանություն են ահազանգել, ինչը MediaHub-ին հաստատեցին ՆԳՆ լրատվականից, որ «Ֆիզիկական ներգործության վերաբերյալ ստացվել է ահազանգ, որը փոխանցվել է Քննչական կոմիտե»։

Այսիքանից պարզ է դառնում, որ Սանոսյանի ու «Երևանի ՋԷԿ»-ի այն «պարզաբանումը», թե կենցաղային հարցի շուրջ է եղել վեճը և կապ չունի ՋԷկ-ի հետ, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանզի վեճը, փաստացի, աշխատանքային միջավայրում է եղել և բխել է աշխատանքային հարաբերություններից, եղել է երկու աշխատակցի միջև վեճ, և եթե այդ մարդիկ «Երևանի ՋԷԿ»-ում չաշխատեին, գուցե երբևէ իրար ոչ էլ հանդիպեին։

Կենդանասեր լինելը` ծեծի պատճառ․ ինչի՞ց է ծագել երեկվա վեճն ու ծեծկռտուքը «Երևանի ՋԷԿ»-ում