«Վրացական երազանք» կուսակցությունն ստանում է պատգամավորական 89 մանդատ: Եթե ընդդիմությունը հավատարիմ մնա խորհրդարանը բոյկոտելու որոշմանը, ապա «Վրացական երազանքը» խորհրդարանի նիստ գումարելու իրավական հնարավորություն չի ունենա:
Վրաստանի սահմանադրությունն օրենսդիր մարմնի լիազորությունը լեգիտիմ է ճանաչում առնվազն հարյուր պատգամավորի մասնակցության դեպքում:
Վրացի որոշ փորձագետներ հավանական են համարում, որ նախկին վարչապետ Գախարիայի կուսակցությունը պատգամավորական մանդատներ կստանա և կմասնակցի խորհրդարանի աշխատանքներին:
Բայց առկա է այլ խոչընդոտ. նորընտիր խորհրդարանը Վրաստանում առաջին նիստ գումարում է ոչ թե իրավունքի ուժով, այլ նախագահի հրամանագրով: Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին ընտրությունները լեգիտիմ չի ճանաչում և հայտարարել է, որ խորհրդարանի գումարման հրամանագիր չի ստորագրի:
Գործող վարչապետ Կոբախիձեի կարծիքով՝ եթե նախագահն իր սահմանադրական պարտականությունը չկատարի, ապա խորհրդարանը նիստ կգումարի իրավունքի ուժով և կընտրի խոսնակ, տեղակալներ, հանձնաժողովի նախագահներ, կձևավորի կառավարություն: Գործնականում ինչ տեղի կունենա, առայժմ դժվար է կանխատեսել:
Ուշագրավ է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման նախօրեին Սուխումում փաստացի հեղաշրջում է իրականացվել, ինչին շատ դրական է արձագանքել Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին և ողջունել Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի դեմ աբխազական ընդդիմության ապստամբությունը:
Աբխազիայի դե ֆակտո առաջնորդ Ասլան Բժանիան լքել է նստավայրը, հեռացել Սուխումից և ներկայումս գտնվում է իր հայրենի գյուղում: Բժանիան դիմել է համակիրներին, հորդորել, որ սադրանքների չտրվեն: «Ես գտնվում եմ Աբխազիայում և շարունակում եմ աշխատել ինչպես միշտ»,- Բժանիային մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Աբխազական ընդդիմության աղբյուրները, մինչդեռ, պնդում են, որ Բժանիան «փախուստի է դիմել և ապաստան գտել ռուսական ռազմակայանում»: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան «այդ պետության (Աբխազիայի) ներքին գործերին չի միջամտում և կողմերին կոչ է անում ծագած խնդիրները կարգավորել քաղաքակիրթ երկխոսության ճանապարհով»:
Աբխազիայում հրապարակայնացվել է մեկ խնդիր. դա Ռուսաստանի հետ այսպես կոչված՝ «ներդրումային համաձայնագրի» դեմ ընդդիմության կազմակերպած զանգվածային բողոքն է, որ հանգեցրել է խորհրդարանի, կառավարության և նախագահի ու նրա աշխատակազմի գործունեության դադարեցմանը:
Ընդդիմությունը պահանջում է Բժանիայի և կառավարության ամբողջ կազմի հրաժարականը: Նոյեմբերի 15-ին մինչև կեսգիշեր տևած բանակցությունները ոչ մի փոխզիջման չեն բերել, որից հետո Բժանիան լքել է մայրաքաղաքը: Թե հայրենի գյուղից ինչպե՞ս է նա շարունակելու աշխատել և իրացնել պաշտոնական լիազորությունները, անհասկանալի է:
Փաստ է նաև, որ ուժային կառույցները, նույնիսկ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները ցուցարարների դեմ ուժային ոչ մի գործողության չեն դիմել:
Որևէ կապ կա՞ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների և աբխազական ապստամբության միջև: «Վրացական երազանքի» նախընտրական խոստումներից գլխավորը խաղաղ ճանապարհով երկրի ամբողջականության վերականգնումն էր: Բայց դա գոնե տեսականորեն հնարավոր կլիներ, եթե «Վրացական երազանքը» խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ստանար և Ռուսաստանին ձեռնտու օրենսդրական փոփոխություններ կատարեր:
Նման հնարավորություն չկա, ուստի Մոսկվան ոչ մի շահագրգռվածություն չունի, որպեսզի Վրաստանը կազմավորվի իբրև կոնֆեդերատից պետություն՝ ֆորմալ առումով միավորելով Աբխազիան և Հարավային Օսեթիան: Այս համատեքստում չափազանց բարդ է կողմնորոշվել՝ աբխազական ապստամբությունն իրոք հակառուսակա՞ն է, թե՞ այդ ձևով Ռուսաստանը «Վրացական երազանքին» հասկացնում է, որ «ջենթլմենական պայմանավորվածությունները չեղարկված են»:
Բաց մի թողեք
Կամ Ռուսաստանը կփլուզվի, կամ Եվրոպան․ Le Monde
Շահերի սուր բախման դեպքում Կասպից ավազանը կարող է վերածվել ռազմական լուրջ բախման թատերաբեմի
Թրամփը չիրագործելի պայմաններ է առաջադրել Եվրոպային