Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում։
Նախաձեռնողը «Պարադիզ/Սիթիլայն» կինոընկերությունն է։ Նոյեմբերի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ֆիլմի փակ պրեմիերան՝ ֆիլմի ստեղծագործական կազմի մասնակցությամբ։
Ազնավուրը պարզապես լեգենդ չէ, այլ մի ամբողջ դարաշրջանի եզակի ձայնն է, ձայն, որը նվաճել է միլիոնավոր մարդկանց հոգիներն ու սրտերը ամբողջ աշխարհում: Այս ֆիլմը հզոր մոտիվացիա է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են հասնել սեփական նպատակներին՝ անկախ խոչընդոտների և դժվարությունների: Այս ֆիլմը ոգեշնչում է և հիշեցնում, որ մեծ ձեռքբերումները սկսվում են փոքր քայլերից:
Երաժշտության լեգենդին մարմնավորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր և «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների կրկնակի հավակնորդ Թահիր Ռահիմը, ով հայտնի է դարձել «Մարգարեն», «Նապոլեոն» և «Մավրիտանացին» ֆիլմերում իր ակնառու դերերով։ Ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։ Նրանք հեղինակել են նաև սցենարը։
Ֆիլմի ռեժիսորներից Մեհդի Իդիրը, ով ներկա էր երևանյան պրեմիերային, տեղեկացրեց, որ Ազնավուրը եղել է այս նախագծի կնքահայրը․ նա տեսել է իր և Գրան Կոր Մալյարդի նախորդ աշխատանքներից և տպավորված է եղել իրենց գործունեությամբ։
«Ազնավուրը շատ սկսնակ արտիստների հաջողության երաշխավորն էր։ Այդպես էլ եղավ մեր ֆիլմի պարագայում։ Երկար ժամանակ Ազնավուրի հետ քննարկում էինք, թե ինչպիսին է տեսնում ֆիլմը, ինչ զարգացումներով այն պետք է լինի։ Ցավոք, Ազնավուրը հեռացավ կյանքից, և մենք ստիպված էինք մի կողմ դնել ֆիլմը՝ ավելի ուշ անդրադառնալով նրա գործունեությանը»,-լրագրողների հետ զրույցում նշեց Մեհդի Իդիրը։
Ֆիլմի պրոդյուսերներից Ժան-Ռաշիդ Կալոշն առանձնահատուկ շեշտեց՝ ֆիլմը չէր կայանա, եթե չլիներ Ազնավուրի ընտանիքը։ Նա շեշտեց, որ դերասան Թահիր Ռահիմին համարում է աշխարհի լավագույն դերասաններից, և վերջինս Ազնավուրի կերպարը փայլուն ձևով է մարմնավորել։
«Ոչ ոք, այդ թվում՝ ես, չէր կարող պատկերացնել, որ ես կարող եմ Ազնավուրի դերը մարմնավորել։ Այս գաղափարն ամբողջությամբ խենթ էր թվում։ Ես այնքան անպատրաստ էի, որ ցանկանում էի մերժել առաջարկը, բայց դիտեցի մի շարք վավերագրական ֆիլմեր Ազնավուրի մասնակցությամբ, ուսումնասիրեցի նրա կյանքը, որոշեցի համաձայնել։ Չէի կարող դիմակայել այս գայթակղությանը և չմարմնավորել այս մեծ մսյոյի կերպարը»,-նշում է դերասան Թահիր Ռահիմը, ով Հայաստանում իրեն տանն է զգում։
Ազնավուրի երեխաները՝ Կատյա և Նիկոլա Ազնավուրները, ևս ներկա էին պրեմիերային։ Նրանք առանձնահատուկ կարևորեցին պրեմիերայի անցկացումը Հայաստանում։ Կատյան շեշտեց՝ Ազնավուրը, վստահաբար, կսիրեր այս ֆիլմը։ Նիկոլան էլ ընդգծեց՝ ֆիլմը հաջողված է, և Ռահիմն ամբողջապես կարողացել է մարմնավորել Ազնավուրի կերպարը։
Ֆիլմում խաղացել է նաև հայ դերասանուհի Նարինե Գրիգորյանը։ Ստեղծագործական անձնակազմը շատ տպավորված է եղել Նարինեի հետ աշխատանքից։
«Մեծ պատիվ էր լինել այս ֆիլմում։ Առաջին անգամ էի տեսնում, որ երկու ռեժիսոր են նկարահանում ֆիլմը, և շատ զարմացած էի այդ ներդաշնակ ընթացքից։ Մթնոլորտը բացարձակ լարված չէր, ինձ համար մեծ պատիվ էր խաղալ Թահիր Ռահիմի հետ»,-նշեց Նարինե Գրիգորյանը։
Առաջին քայլերից դեպի համաշխարհային հռչակ՝ լեգենդար Շառլ Ազնավուրի ուղին. Սա պատմություն է երաժշտության հանդեպ կրքի, աննկուն կամքի և աշխատասիրության մասին և այն մասին, թե ինչպես է մի մարդ կարողացել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և իր յուրահատուկ տաղանդով նշանակալից հետք թողել երաժշտության աշխարհում: Ֆիլմը թողարկվել է 2024 Ֆրանսիայում։ Հայ հանդիսատեսին այն կներկայացվի հայերեն կրկնօրինակմամբ։ Ազնավուրին կրկնօրինակել է դերասան Խորեն Լեւոնյանը։ Ֆիլմի մյուս հերոսներին կրկնօրինակել են դերասաններ Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը, Տաթևիկ Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Ռուզաննա Հախնազարյանը և այլք։
Հավելենք, որ ֆիլմի վարձույթում կհայտնվի դեկտեմբերի 5-ից։
Բաց մի թողեք
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ. Լուսանկարներ
Կյանքից հեռացել է թբիլիսահայ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը․ Լուսանկար
Կմեկնարկի Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը. Լուսանկար