ՀՀ նախկին բոլոր կառավարություններն էլ անմասն չեն մնացել պաշտոնանկություններից ու հրաժարականներից, կադրային փոխատեղումներից, եթե կուզեք՝ «ջարդից», «չիստկայից» կամ «կոտորածից»։
Գործող կառավարությունն այդ առումով բացառություն չէ եւ չէր կարող լինել, հատկապես որ այն ձեւավորվել է ոչ թե ժողովրդի կամքի բռնաբարման, ընտական զեղծարարությունների, իշխանության զավթման, այլ նույն այդ՝ ժողովրդի կամքի անխարդախ իրացման արդյունքում։ Հետևապես՝ ժողովրդի քվեով ձևավորված կառավարությունը բազմապատիկ ավելի նախանձախնդիր պետք է լինի ժողովրդի տված իշխանության արդյունավետ իրացման հարցում։
Վերոհիշյա պրոցեդուրաները, նկատենք, նորմալ, բնական գործընթաց են, եթե միտված են մեկ նպատակի՝ պետական համակարգի առողջացմանը, կառավարման որակի ու արդյունավետության բարձրացմանը։ Հատկապես այնպիսի երկրի դեպքում, որն ունի արտաքին բազում մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար անչափ կարևոր է պետական մեքենայի պատշաճ դիմադրողականությունը։ Ունի՞ պետական համակարգն այդ դիմադրողականությունը։ Մի շարք պետական պաշտոններից դրանք զբաղեցրած պաշտոնյաների հրաժարականները հենց այդ հարցադրման համատեքստում պետք է մեկնաբանել՝ արդյոք նրանք իրենց վստահված ոլորտներում կատարած աշխատանքով, գրանցած առաջընթացով նպաստե՞լ են «պետական իմունիտետի» բարձրացմանը, թե՞ սաբոտաժի, թերակատարումների ու անբարեխիղճ աշխատաոճի հետևանքով այն դարձրել են ավելի թույլ ու խոցելի ոչ միայն ներքին, այլև արտաքին մարտահրավերների նկատմամբ։
Նկատենք, որ հեղափոխական՝ 2018-ից հետո ձևավորված կառավարությունների դեպքում կադրային փոխատեղումները և կամ փոփոխությունները նորություն չեն՝ նախկինում ևս տեղի են ունեցել մասնավորապես ուժային կառույցների՝ Ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի, ՔԿ նախագահի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, (հետագայում էլ՝ պաշտպանության նախարարի, արտակագ իրավիճակների նախարարի, ինչպես նաեւ ՊԵԿ նախագահի) փոփոխություններ, սակայն, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, այդ կառույցների աշխատանքի արդյունքներն առ այսօր չեն գոհացնում գործադիրի ղեկավարին։
Կառավարության վերջին նիստում, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն, իր դժգոհությունը հայտնելով կառավարման համակարգի գործունեության համընդհանուր որակից, խոսքն ուղղել էր մասնավորապես իրավապահներին՝ նկատելով․ «Հարգելի՛ իրավապահ, դատական համակարգի նեկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. գալիս եմ ձեր բոլորի միջոցառումներին, ելույթ եմ ունենում, խոսում եմ, դուք էլ ծափ եք տալիս, ես թողնում, գնում եմ, հետո հաջորդ տարի էլի գալիս եմ, նույն ելույթն եմ ունենում, դուք ավելի ուժեղ եք ծափ տալիս, ես թողնում, գնում եմ։ Ուզում եմ հասկանալ` ո՞վ ա ում ձեռ առնում։ Ես ուղիղ եմ ասում` սրա վերջը եկել է։ Ինձնից ինչ ուզել եք, ես տվել եմ, էլ բան չունեմ տալու։ Չեմ միջամտել որևէ մեկի գործին։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում թույլ իշխանությո՞ւն է։ Ո՛չ, թույլը ոստիկանությունն է. ես թույլ չեմ տա որևէ մեկին` ինձ թույլ անվանի։ Ո՞նց կարող է լինի, որ պետության մեջ ընդհանրապես որևէ մեկը թպրտա։ Ես որևէ մեկին նման հիմք եմ տվել, որ նման բան ասի՞»։ Փաշինյանը նաեւ շեշտել էր՝ այլևս խորհրդակցություններ չի անելու, այլ միայն որոշումներ է կայացնելու․ «Ամենամեծ պրոբլեմը ուրիշ բան ա, մարդիկ չեն հավատում, որ էդ բոլոր բեմականացումների տակ ես չեմ ստորագրում, չեն հավատում , որ կարա ըտենց բան ըլնի ու սա լրջագույն քաղաքական խնդիր ա, ես չեմ ուզում հասնենք նրան,որ մենք էլի գնանք բաներ՝ շենքեր շրջափակենք, էս անենք, էն անենք»։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ երկրի ղեկավարը դժգոհում է «հեղափոխական» կառավարության գործունեության արդյունավետությունից։ 2019-ին էլ, գործադիրում ՊԵԿ 2020-2024 թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի քննարկման ժամանակ Փաշինյանն ահազանգեց․ «Կներեք, չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի ա ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք ա ժամանակ առ ժամանակ անց ասես՝ բա ի՞նչ էղավ, բա ի՞նչ էղավ: Ու պատճառ միշտ էլ կգտնվի, միշտ պատճառ կա, էն օրը ասեցի՝ իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին․ որ ուրիշ պատճառ չլինի, էս պատճառը միշտ էլ կա։ Փորձաքննությունը, էն մեկը, էն մեկը ցուցմունք չի տալիս, էն մեկը փախավ, էն մեկը չփախավ, էն մեկը ուզում ա փախնի»։ Գործադիրի ղեկավարն այնուհետ հավելեց՝ «եկեք արձանագրեք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում ա, դիմադրում ա ամբողջ պետական համակարգը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ: Որովհետև Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ինձ՝ անձամբ ինձ, ձայն ա տվել և մեր քաղաքական ուժին ձայն ա տվել, որ էս երկրում փոփոխություն տեղի ունենա»։
Այս հայտարարությունից հետո, ինչպես ասում են, մի շարք փորձանքներ ու փորձություններ են անցել Հայաստանի և անձամբ իշխող թիմի ու դրա ղեկավարի գլխով, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմը, սակայն պետական կառավարման արդյունավետությունը լիարժեք բարձրության վրա չէ, «հեղափոխությանը դիմադրելու» գործընթացն էլ կոտրված չէ։ Եվ քանի դեռ կոտրված չէ այդ դիմադրությունը, պետական դիմադրողականության բարձրացման ուղղված միջոցառումները՝ տարատեսակ բարեփոխումների, ռազմավարությունների տեսքով, հնարավոր չէ բարձրացնել։
Արձանագրենք՝ հեղափոխությունից անմիջապես հետո ձևավորված այսպես կոչված «օպերատիվ կառավարության» դեպքում, եթե ներելի էին կառավարիչների սայթաքումներն ու վրիպումները՝ որպես անփորձության հետևանք (քանի որ նրանցից շատերը նոր էին պաշտոնի նշանակվել եւ ադապտացիոն շրջան անցնելու խնդիր ունեին), ապա հետպատերազմական բարդագույն շրջանում ժողովրդի քվեն վերստին ստացած կառավարության դեպքում այլեւս սպառված են ստանձնած պարտականությունները թերի, կիսատ-պռատ, անարդյունավետ, եթե կուզեք՝ սիրողական մակարդակով իրացնելու, հաճախ նաև «թուլանալու» և պաշտոնյա լինելու հանգամանքից «հաճույք ստանալու» բոլոր «լիմիտները»: Լրացել են նաև ՔՊ-ին քվե տված ՀՀ քաղաքացիների՝ կառավարող թիմի վրիպումներին ու բացթողումներին «ըմբռնումով մոտենալու», «թողեք թող աշխատեն»-ի «լիմիտները» և քաղաքացին ակնկալում է միջնաժամկետ շոշափելի արդյունք՝ տարատեսակ ռազմավարությունների ու գրական-գեղարվետական զեկույցների փոխարեն։
Կհաջողե՞ն հրաժարական տված կամ պաշտոնանկ արված կադրերի փոխարեն նշանակված նոր կադրերը իրենց վստահված ոլորտում՝ ցույց կտա ժամանակը։ Չհաջողելու դեպքում գործադիրի ղեկավարը վերստին կարող է օգտվել Սահմանադրությամբ ու օրենքով իրեն վերապահված լիազորությունից։
Հ․ Մանուկյան
Բաց մի թողեք
Զանգեզուրի միջանցքի շուրջ նոր խմորումներ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև
Ինչ է փնտրում հայ ադրբեջանական հարաբերություններում Գերմանիան
Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը