Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ճավճավաձեի պողոտան:
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք պատրաստվել են գիշերել Թբիլիսիի պետական համալսանի առաջին մասնաշենքի մոտ և վերականգնել իրենց վրանային ճամբարը:
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարներին ցրելու ժամանակ ձերբակալել են 16 մարդու, երեքն ազատ են արձակվել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Ճավճավաձեի և Վարազիսխևի պողոտաների խաչմերուկում տեղի ունեցած ցույցի ժամանակ վարչական կալանքի տակ է առնվել 16 մարդ, որոնցից երեքը գրավի դիմաց ազատ են արձակվել»,- ասվում է հաղորդագրությունում։
Պետական համալսարանի շենքի մոտ ցուցարարներին ցրելուց հետո Թբիլիսիում իրավիճակը հանգիստ է. մարդիկ չեն հեռանում քաղաքի կենտրոնից, սակայն ոստիկանության հետ բախումներ չկան, առավոտյան հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ընդդիմադիրները կիրակի երեկոյան կաթվածահար էին արել Թբիլիսիի պետական համալսարանի դիմացի տարածքը։ Նրանք կրակ էին վառել, երգեր երգել: Վրանային ճամբարը քանդել են իրավապահները, ջրցան մեքենաներով ցրել ցուցարարներին, եղել են բախումներ:
Հիշեցնենք, որ Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում հոկտեմբերի վերջին կայացած ընտրությունների արդյունքները և նշում են, որ դրանք կեղծվել են։
Անցած շաբաթավերջին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների արդյունքները, որոնցում, ըստ պաշտոնական արդյունքների, հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես հրաժարվել է ճանաչել պաշտոնական արդյունքները՝ Ռուսաստանին մեղադրելով ընտրություններին միջամտելու համար:
Ընտրությունների արդյունքների դեմ առաջին բողոքի ցույցերից հետո մի շարք ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկն էականորեն չի փոխել ԿԸՀ-ի՝ նախկինում հայտարարված տվյալները։ Քվեարկության արդյունքները չեղարկվել են 30 ընտրատեղամասերում քվեարկության գաղտնիությունը խախտելու պատճառով։
Միևնույն ժամանակ, միջազգային դիտորդները մատնանշել են ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները՝ ընտրողներին ահաբեկելու և ընտրակաշառքի դեպքեր, ճնշումներ պետական պաշտոնյաների նկատմամբ, բազմակի քվեարկություններ և լցոնումներ։
ԱՄՆ-ը և Եվրամիության երկրները կոչ են արել հետաքննել Վրաստանում ընտրական գործընթացին հնարավոր կեղծիքների և ենթադրյալ միջամտության դեպքերը։
Բաց մի թողեք
Ինչպես Իլոն Մասկը վերածվեց 21-րդ դարի Հուլիոս Կեսարի․ El Mundo
Կանխվել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ պլանավորված մահափորձը. ինչպես էր այն իրականացվելու
Կրեմլը չի մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով