Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Կիևն առաջին անգամ կիրառել է բրիտանական հեռահար հրթիռներ, որոնցով հարվածել է ՌԴ տարածքին՝ Կուրսկի մարզին:
Նախօրեին հայտարարվել էր, որ Կիևը ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածել էր Բրյանսկի մարզին: Դրանք առաջին հարվածներն են այն տեղեկությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել Ուկրաինային օգտագործել հեռահար հրթիռներն ու խոցել թիրախներ ՌԴ տարածքում:
Նույն օրը ՌԴ նախագահ Պուտինը ստորագրեց Ռուսաստանի միջուկային դոկտրինի փոփոխությունը, որ արել էին շաբաթներ առաջ: Ըստ այդ փոփոխության՝ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենքի կիրառման հիմք դարձնել ոչ միջուկային երկրի հարվածն էլ, եթե դա իրականացվում է միջուկային երկրի աջակցությամբ կամ մասնակցությամբ:
ԱՄՆ նախագահի ընտրությանը Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո տպավորություն էր և համընդհանուր մի սպասում, որ ուկրաինական պատերազմը մոտենում է՝ եթե ոչ ավարտին, ապա՝ դադարի, քանի որ դա Թրամփի նախընտրական հիմնական խոստումներից կամ դիրքավորումներից մեկն էր:
Սակայն փաստացի ունենք պատկեր, երբ պատերազմը մտնում է լարվածության նոր փուլ, նոր մակարդակ, մեկ քայլ կամ գուցե մի քանի քայլ վերև: Կա գնահատական, որ դեմոկրատական վարչակազմը դա անում է Թրամփի գործը բարդացնելու համար: Սակայն առերևույթ շատ հիմնավոր ու տրամաբանական թվացող փաստարկը այդուհանդերձ արժե փոքր ինչ շուռումուռ տալ:
Եթե Թրամփը լրջորեն պատրաստ է ջանքեր գործադրել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, ապա ստանձնելով պաշտոնը, նա առաջիններից մեկը կչեղարկի Ուկրաինային տրված այդ թույլտվությունը: Ռազմական տեսանկյունից թերևս միամտություն է մտածել, թե Ուկրաինան կարող է հեռահար հրթիռային հարվածներով սկզբունքորեն բեկել իրավիճակը ճակատում, որն իր համար բարենպաստ չէ:
Ուկրաինան կարող է հեռահար հրթիռների ներգրավումով պարզապես պահել իրավիճակը, թույլ չտալ լիակատար փլուզում: Իսկ դա Թրամփի համար նույնիսկ օգտակար է, հաշվի առնելով այն, որ նա իհարկե պատերազմի դադարի ձգտելու է այսպես ասած սակարկությամբ, առևտրով: Իսկ դրա համար պետք է, որ մինչ այդ Ուկրաինան չփլվի ամբողջությամբ: Հետևաբար, մեծ հարց է՝ Բայդենի թույլտվությունը Թրամփի դե՞մ է, թե՞ նրա օգտին, օգտակար է նրա համար՝ հետո պատերազմը կանգնեցնելու աշխատանքում ինքնավստահ դիրքից գործելու համար: Այո՛, Թրամփի թիմը կոշտ քննադատել է Բայդենի որոշումը:
Բայց առնվազն տարօրինակ կլիներ, եթե Թրամփը ողջուներ այն, որքան էլ օգտակար հանգամանք նկատեր դրանում: Կրկնեմ, միարժեք պնդել որևէ տարբերակ, թերևս լուրջ չէ, սակայն, ըստ այդմ, հազիվ թե կարող ենք միարժեք պնդել, որ Բայդենի որոշումը Թրամփի դեմ է:
Ավելին, ի վերջո, ինչպե՞ս պետք է կանգնեցնել շատ բարդ պատերազմը, եթե ոչ դրա լարվածության աստիճանը բարձրացնելով այնքան, որ հետևանքների ծանրության ռիսկը ստանա այնպիսի «միս ու արյուն», որ հնարավոր լինի հաղթահարել այն հոգեբանական և քաղաքական բարդությունները, որ կան պատերազմը սառեցնելու հարցում:
Միով բանիվ, միջուկային ապոկալիպսիսի մասին սպասումները տեսականում, իհարկե, հիմնավոր թվացող, գործնականում, սակայն գուցե վաղաժամ են կամ չափազանցված: Այդուհանդերձ, որքան էլ լարվածության մակարդակի աճը թվում է միանգամայն կառավարվող, այդուհանդերձ Հայաստանի համար շատ կարևոր է առավել աչալուրջ և զգոն լինել հնարավոր մետաստազների առնչությամբ, որ կարող են լինել մեր ռեգիոնում:
Բաց մի թողեք
Աշխարհը սպասում է. Թրամփը պահանջել է անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում
Կհաղթանակի՞ առողջ դատողությունը…
Ադրբեջանը դժգոհ է ԱՄՆ-ից, ուստի՝ Բայրամովը հրաժարվել է հանդիպել Միրզոյանին