03/12/2024

Սխալ հաշվա՞րկ, թե՞ չիմացություն․ Թումանյան փողոցում 5 տարի է՝ շինարարություն է

Երևանի փոքր կենտրոնի փողոցները շարունակում են մնալ քանդված՝ անհարմարություններ ստեղծելով և՛ վարորդների, և՛ հետիոտների համար։ 

Թումանյան փողոցը, օրինակ, 5 տարի է՝ քանդված է։ 2019-ին, երբ Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանն էր, շինարարություն էր սկսվել՝ կենտրոնական փողոցը մալուխների խրձից ազատելու ու լեդ լուսավորություն անցկացնելու համար։ Սակայն մինչ այժմ ծրագիրն ավարտված չէ։ Սկզբում մայթերը քանդվեցին, հիմա՝ երթևեկելի հատվածներն են քանդված։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով բացատրել, թե ինչո՞ւ մինչ այժմ չի ավարտվել այս փողոցում կահավորման գործընթացը, ո՞րն է եղել խնդիրը։

Պարզվում է՝ ի սկզբանե սխալ հաշվարկ է կատարվել, և ծրագիրն սկսելուց առաջ անհրաժեշտ ուսումնասիրություն չի կատարվել, հնարավոր ռիսկերը հաշվի չեն առնվել։

«Խնդիրը Երևան քաղաքի չափազանց խիտ ստորգետնյա կոմունիկացիաների առկայությունն էր։ Ուստի, ի սկզբանե ծրագրով նախատեսված մայթերում խողովակաշարերի կառուցումը համարվեց ոչ նպատակահարմար, քանի որ կոնցեպտուալ նախագծի համաձայն խրամուղու կառուցումը նման պայմաններում գրեթե անհնար էր»,- պատասխանել են Երևանի քաղաքապետարանից։

 Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քանդման աշխատանքների ընթացքում քաղաքին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար մշակվել է միկրոխրամուղու կառուցման նոր տարբերակ՝ երթևեկելի հատվածում։

Նշվում է, որ քանի որ միկրոխրամուղին տարածաշրջանում պետք է կիրառվեր առաջին անգամ, հաշվի առնելով կենտրոնի խիտ բնակեցվածությունը՝ նոր տարբերակով խրամուղու կառուցման համար նախատեսվող սարքն առաջին անգամ փորձարկելու համար ընտրվել է Աճառյան փողոցը։

Դեռևս 2020 թվականին Երևանի քաղաքապետարանի և շինարարությունն իրականացնող կապալառու ընկերության ներկայացուցիչները խոստանում էին արագ լուծում տալ խնդրին, որ բնակիչներն անհարմարություններ չզգան։ Սակայն գոնե Թումանյան փողոցում լուծումն արագ չստացվեց։

«Կա ժամանակացույցի շեղում, քանի որ ծրագրում ներառվել են մոտ 1 տասնյակ  կապի օպերատորների, լուսացույցների, կայանատեղերի տեսահսկողության համակարգերի կոմունիկացիաները, բակային լուսավորության սնուցման համար անհրաժեշտ խողովակաշարերի (խրամուղիների) կառուցումը, ինչը լրացուցիչ ժամանակ և ռեսուրսներ է պահանջում»,- նշել են քաղաքապետարանից։

Այս շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու ընկերությունը ֆինլանդական «Օննինեն Օյ և Էնստո Օյ համատեղ ձեռնարկություն» ընկերությունն է, որը ընտրվել է մրցույթում, ինչպես վստահեցնում են քաղաքապետարանից՝ նորմերին համապատասխան։ Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ։

ՎԶԵԲ-ի հատկացրած վարկի գումարը կազմում է 4 մլն ԱՄՆ դոլար, իսկ դրամաշնորհը՝ 1․9 մլն եվրո։ Ծրագրի իրականացման համար մինչ օրս ծախսվել է շուրջ 1.2 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար, ինչը քաղաքապետարանի պայմանագրով նախատեսված գումարի մոտ 20%-ն է:

Հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք հավելյալ աշխատանքների համար լրացուցիչ գումար է ծախսվել: Քաղաքապետարանից բացասական պատասխան են տվել․ «Ավել գումար չի ծախսվել»։ Ծրագրում ներառված է Երևանի 28 փողոց։

Fip.am-ը նաև հարց էր ուղղել՝ արդյո՞ք կիրառվում են տույժեր, եթե այո, ապա որքա՞ն է կազմել տույժը ծրագրի իրականացման ընթացքում։ Պատասխանել են, որ տույժեր չեն կիրառել․ «Տույժեր չեն կիրառվել, քանի որ փոխվել են աշխատանքների իրականացման մեթոդը և ծավալները, ինչի հետևանքով նաև ժամանակացույցը»։

Հասմիկ Համբարձումյան