Հիմա մենք ինչքան ենք նեղվում, երբ ասում են «Արևմտյան Ադրբեջան» և պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ մարդիկ օգտագործում են այդ տերմինը: Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Այս մասին Հ1-ին տված հարցազրույցում հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Արևմտյան Հայաստանը մեր պատմական հայրենիքն է, իսկ Հայաստանն արդյոք Ադրբեջանի պատմական հայրենիքն է, այդ ինչի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի շեշտադրումների ու բովանդակության թողած համախառն տպավորությունն այն է, որ այդ հարցազրույցով նա քաշեց որոշակի գիծ: Խոսքն իհարկե «կարմիր գծի» մասին չէ, այլ գիծ իր պաշտոնավարման «անցյալի» ու «ներկայի» միջև՝ զգալի անորոշության մեջ թողնելով ապագան:
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի մի զգալի մաս նվիրեց հեղափոխական խոստումների «գույքագրմանն» ու դրանց չկատարման համար պատասխանատվությունը ենթակաների վրա տեղափոխելուն:
Օրինակ՝ այն, որ Հայաստանը դեռ «պադավատապետություն» է, ընդ որում՝ ավելի տպավորիչ, քան մինչև հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ այն պատճառով է, որ թիմակիցները չեն կատարել մեքենաները կրճատելու իր հանձնարարությունները: Եվ հիմա, քանի որ ենթակաները տապալել են սահուն կրճատումը՝ ինչպես բնորոշում էր Փաշինյանը, ինքը խոստումը կկատարի կացնային հարվածով:
Փաստորեն գրեթե 7 տարի անց: Բայց այդտեղ գլխավոր ազդակը, իհարկե, «կացինը» չէր, այլ թիմի վատ աշխատանքը: Մեծ հաշվով դրա մասին էր պաշտոնանկությունների sms տեխնոլոգիային անդրադարձը և էական հայտարարությունը՝ պաշտոնանկությունների որոշումները կայացվել են միանձնյա՝ առանց կուսակցականների հետ խորհրդակցության:
Բավականին ակնառու էր, որ Փաշինյանը շատ սահուն, «թավշյա», «ոչ բռնի» ոճով նրբորեն ուրվագծում էր «թիմի անպիտանությունը» և այն, որ, ինչ-որ բան տեղից շարժվում է, երբ ինքը կայացնում է միանձնյա որոշումներ:
Այս հաղորդագրության «ամենաբարձր գագաթը» հարցազրույցի վերջում խորհրդանշական անդրադարձն էր սափրվելուն, երբ Փաշինյանը դա, ըստ էության, բացատրեց նրանով, որ այլևս ինքն իր համար ստացել է 44-օրյա պատերազմից հետո իրեն ամեն գիշեր տանջած հարցերի պատասխանները և այն պահին, երբ սափրվում էր՝ ինքն այլևս իր համար չունի իրեն տրվող անպատասխան հարց:
Իսկ հարցազրույցն իր ոգով, ըստ էության, հարց էր թիմին կամ «խնդրանք», որպեսզի կառավարող ուժի ներկայացուցիչները սկսեն հարցեր տալ իրենք իրենց:
Մյուս էական հանգամանքն այն էր, որ Փաշինյանը բավականին ուշադրության արժանացրեց հանրաքվեի «գաղափարը»՝ իհարկե արագաչափերը հանելու անկատար խոստման մասին հիշեցմանն ի պատասխան: Բայց այստեղ էլ էական տողատակը թերևս այն էր, որ Փաշինյանը մի կողմից նրբորեն ի ցույց դնելով այսպես ասած թիմի անարդյունավետությունը, մյուս կողմից փաստացի վերստին շոշափեց հանրության և իր՝ «ուղիղ կապի» տրամաբանությունը, ինչպես 2018-ի օրերին:
Լայն իմաստով, Նիկոլ Փաշինյանը ամփոփեց «թավշյա հեղափոխությունը՝ չբարձրաձայնելով սակայն, թե ի՞նչ փուլ է մտնում Հայաստանը:
Չգիտե ի՞նքն էլ, թե՞ որոշ ժամանակ անց կկրկնի, որ իր սխալը ժամանակին չասելն էր: Ընդ որում՝ Փաշինյանն այդ միտքը շոշափեց հարցազրույցում՝ ասելով, թե ինքը իրեն պարտավոր է համարում հանրությանը հայտնել պետականությանը սպառնացող վտանգերը՝ Անկախության հռչակագրի մասին հայտնի խոսույթի համատեքստում:
Բայց ամբողջ հարցն այն է, որ այդ համատեքստում ծավալվող «խոսույթը», որքան էլ «իրական Հայաստանի» փաթեթավորումով, այդուհանդերձ կարծես թե իրական քաղաքական իրողությունների մասին չէ:
Բաց մի թողեք
COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»