23/11/2024

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․

Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում են գրել ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Սեփական դիմումի համաձայն պաշտոնից հեռացել է նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։

2018 թվականի մայիսից վարչապետի պաշտոնը ստանձնած Փաշինյանի կառավարությանն օրինաչափ են իրավապահ համակարգի կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները կամ պաշտոնաթողությունները։ «Փաստերի ստուգման հարթակը» ի մի է բերել Փաշինյանի կառավարման տարիների՝ վերոհիշյալ կառույցների պաշտոնանկությունները։

Ոստիկանություն

Վալերի Օսիպյանը Փաշինյանի հետհեղափոխական կառավարության առաջին ոստիկանապետն էր, որը պաշտոնավարել է 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի սեպտեմբեր, այսինքն՝ մոտ 15 ամիս։

Նույն թվականի սեպտեմբերին Արման Սարգսյանը նշանակվել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ամիսներ անց՝ ոստիկանապետ․ Սարգսյանը ուժային կառույցի ղեկավարի պաշտոնից հեռացել է 2020 թվականի հունիսին՝ չպաշտոնավարելով նույնիսկ մեկ տարի։

Ուժային կառույցը ամենից շատ ղեկավարել է Վահե Ղազարյանը՝ պաշտոնավարելով 2020-ի հունիսից մինչև 2024 թվականի նոյեմբեր՝ սկզբում որպես ոստիկանապետ, ապա՝ ոստիկանության բարեփոխումների շրջանակում կառույցի ձևավորման արդյունքում 2023-ի հունվարին նշանակվել է  որպես ներքին գործերի նախարար։

Ի դեպ, նույն բարեփոխումների արդյունքում ՆԳՆ կազմում գործող ոստիկանությունն այժմ ղեկավարում է Արամ Հովհաննիսյանը, որը նաև ՆԳՆ տեղակալն է։

Այսպիսով, այս կառույցում Փաշինյանը կառավարման վեց տարում 3 ղեկավար է փոխել, որից մեկը նաև գրեթե մեկ տարի ՆԳ նախարար էր։

Պետական եկամուտների կոմիտե

Կառույցը 2018 թվականի մայիսից ղեկավարել է Դավիթ Անանյանը․ նա հրաժարական է տվել 2020 թվականի հունիսին։ Ապա կառույցի ղեկավար է նշանակվել Էդուարդ Հովհաննիսյանը, որն այդ պաշտոնից հեռացել է 2021 օգոստոսին։

ՊԵԿ ղեկավարի պաշտոնը Փաշինյանի կառավարությունում ամենից երկարը զբաղեցրել է Ռուստամ Բադասյանը՝ 2021 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի դեկտեմբեր։

Փաստացի, ՊԵԿ-ում ևս Փաշինյանը կառավարման վեց տարում 3 ղեկավար է փոխել։

Քննչական կոմիտե

Փաշինյանի կառավարման օրոք կոմիտեն ունեցել է երկու ղեկավար․ առաջինը ՔԿ ղեկավար է նշանակվել է Հայկ Գրիգորյանը՝ 2018 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր, ապա Արգիշտի Քյարամյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (ՏԿԵՆ)

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ևս Փաշինյանի կառավարման օրոք երկու ղեկավար է ունեցել՝ գործող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ապա Գնել Սանոսյանը։

Հակակոռուպցիոն կոմիտե

Սասուն Խաչատրյանը, թերևս, վերը թվարկված պաշտոնյաներից «ամենաերկարակյացն» է իր կառույցում․ նա 2018-ի մայիսից մինչև 2021 թվական եղել է Հատուկ քննչական ծառայության պետ։ Կառույցի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի վերափոխվելուց հետո էլ եղել դրա ղեկավարը։

Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)

Չնայած Բարձրագույն դատական խորհուրդը ըստ ՀՀ սահմանադրության գործադիր իշխանության մաս չէ, սակայն այստեղ ևս պարբերաբար պաշտոնանկություններ են լինում։ Այսպես, դեռևս ՀՀԿ-ական իշխանության կողմից Խորհրդի անդամ ընտրված, ապա Խորհրդի անդամների կողմից դրա նախագահ նշանակված Գագիկ Հարությունյանը պաշտոնից հեռացավ 2019 թվականին։

Նրան փոխարինեց Ռուբեն Վարդազարյանը՝ ղեկավարելով ԲԴԽ-ն 2019-2022 թվականներին։ Ապա պաշտոնը ԱԺ-ի կողմից ընտրությունների միջոցով ստանձնեց Գագիկ Ջհանգիրյանը, որը, սակայն, հրապարակված սկանդալային ձայնագրությունից հետո նույնպես լքեց այն։

2022-ի հոկտեմբերին պաշտոնը, դարձյալ ԱԺ-ում ընտրությունների միջոցով, ստանձնեց Կարեն Անդրեասյանը՝ պաշտոնավարելով գրեթե երկու տարի։

Այսպիսով, վեց տարում ԲԴԽ-ն ունեցել է արդեն 4 նախագահ։

Նանե Մանասյան