Երևանը Բաքվին առաջարկում է Եվամիության դիտորդներին հանել հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներից, որոնք սահմանազատված են: Այդ մասին նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սա նշանակում է, որ Հայաստանը Բաքվի հետ առնվազն քննարկելի է համարում, կամ գուցե արդեն քննարկում է Եվրամիության դիտորդական առաքելությունը սահմանից հեռացնելու հարցը:
Իսկ հարցը առաջին անգամ բարձրաձայնել էր Բաքուն, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հարցերի կանոնակարգի հաստատումից հետո հայտարարել էր, որ այլևւս չկա Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ դիտորդների իմաստ:
Ավելին, Ադրբեջանը նաև գաղտնազերծեց այսպես կոչված խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված բովանդակություն, որտեղ խոսք կա Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրի ներկայություն բացառելու մասին:
Սահմանազատված հատվածներից դիտորդներին հանելու վերաբերյալ Երևանի առաջարկը, թերևս, վկայում է այն մասին, որ ներկայումս իրապես ընթանում են քննարկումներ այսպես ասած եռաչափ ֆորմատով՝ Եվրամիության, Հայաստանի և Ադրբեջանի ներգրավմամբ:
Ընդ որում՝ Եվրամիություն ասվածը տվյալ պարագայում և ենթադրում է եվրոպական առանձին երկրների մասնակցություն: Այլ կերպ ասած, եռաչափը, թերևս, միայն մակերեսն է, իսկ խորքում այն շատ ավելի բազմակողմ է: ԵՄ դիտորդների տեղակայվածության, թե փաստի, թե հեռանկարի առնչությամբ առանցքայինն անշուշտ այն չէ՝ նրանք սահմանին են, թե՞ ոչ:
Միամիտ է մտածել, որ սահմանին կանգնած դիտորդներն էին ապահովում կայունությունն ու անվտանգությունը, հատկապես այն պարագայում, երբ նրանք չունեն մշտական սահմանային տեղակայում, այլ իրականացրել են մոնիտորինգ, որի ընթացքում եղել են նույնիսկ դեպքեր, երբ ադրբեջանցիները կրակել են հենց դիտորդների ուղղությամբ:
Կայունության կամ հարաբերական կայունության ժամանակահատվածը պայմանավորված է եղել և պայմանավորված է լինելու քաղաքական գործոններով, ըստ այդմ՝ ԵՄ դիտորդական առաքելության հարցում առանցքայինն այն է, թե արդյո՞ք քննարկվում է Հայաստանում ընդհանրապես առաքելությունը պահելու հարցը՝ «սահմանային գործառույթի» չեղարկումից հետո, թե՞ ոչ:
Որովհետև, եթե չեղարկվում է այդ գործառույթը՝ աստիճանաբար, թե փաթեթային, ապա առաջանում է հարց, թե ուրիշ ի՞նչ իմաստով է առաքելությունը տեղակայված մնում Հայաստանում: Իսկ այդ հարցն իր հետ բերում է արդեն մի շարք նոր հարակից հարցեր, որոնք կարող են հուշել նոր և բարդ պրոցեսի ձևավորման մասին:
«Մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց, քանի որ դա կնշանակեր բանակցությունը մտցնել փակուղի»,- հայտարարում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա հայտարարություն է, ըստ էության, այն մասին, որ բանակցությունը փակուղում է: Համենայն դեպս դա է հուշում պարզ տրամաբանությունը: Եթե Հայաստանը, բարձրացնելով Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց, բանակցությունը կմղի փակուղի, ապա տրամաբանությունը հուշում է, որ Ադրբեջանն էլ Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջ բարձրացնելով՝ ինքն է բանակցությունը մղում փակուղի:
Իսկ քանի որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի հարցը, բարձրացնում է, և շատ վաղուց, ուրեմն բանակցությունը շատ վաղուց փակուղում է: Կամ եթե փակուղում չէ, ապա կնշանակի, որ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի պահանջները: Իրական գործընթացը, անշուշտ, շատ ավելի բարդ է, քան այս պարզ տրամաբանական վարժանքը: Իսկ բարդության «աղբյուրը» Հայաստանից ու Ադրբեջանից դուրս է: Ադրբեջանի վարքագիծը բխում է այդ աղբյուրից՝ միջազգային իրավիճակից, որն օգտագործելով, Ադրբեջանը փորձում է Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից: Ավելի շուտ, ոչ թե փորձում է, այլ՝ խոսում:
Հայաստանը դրա հանդեպ դրսևորում է «ասիմետրիկ» դիրքավորում, այսինքն` խոսում է դիրքերից, որոնք կարող են ստանալ՝ «անուժ» բնորոշումը: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հասնելու համար ինքը անում է իրենից հասանելիքը 100 տոկոսով և մի բան էլ ավելի:
Նիկոլ Փաշինյանը փորձում է դիմադրության կամ ճկունության ռեսուրս դարձնել ընդհուպ Հայաստանի հանդեպ ադրբեջանական պահանջների լեգիտիմացումը առնվազն հրապարակային խոսույթի մակարդակում: Անկախության հռչակագրի թեմայով նրա հայտարարությունները, թերևս, հենց այդ փորձն են:
Բայց կհաջողվի՞ այդ կերպ «զինաթափել» Ադրբեջանին, եթե նկատի առնենք այն, որ փորձելով «օպերատիվ» ռեժիմում այդ կերպ ստեղծել առաձգականություն, Նիկոլ Փաշինյանը, այդուհանդերձ, մյուս կողմից իր հայտարարություններով բարակեցնում է ռետինը և բարձրացնում միջնաժամկետ ռեժիմում դրա կտրվելու հավանականությունը: Փաշինյանը հազիվ թե ունենա միամտություն պատկերացնելու, թե մինչև տարեվերջ հնարավոր է լինելու կնքել խաղաղության պայմանագիր և այդ կերպ դադարեցնել ձգել բարակող ռետինը:
Այդ իմաստով, 2025-ի առաջին ամիսները կարող են լինել բավականին լարված, հաշվի առնելով առաջին հերթին այն, որ դրանք լինելու են ԱՄՆ նոր վարչակազմի՝ «ադապտացիայի» շրջան, հետևաբար միջազգային հարաբերություններում օպերատիվ մակարդակում հարցականների բազմապատկման շրջան: Դա իր հերթին կպահանջի Հայաստանի անվտանգության միջավայրի հարցում օպերատիվ կառավարման լրացուցիչ ռեսուրս:
Բաց մի թողեք
Այս ուր եք իջել, ով եք դուք․ ինչ օրակարգեր ու մարտահրավերներ են Հայաստանի առաջ այսօր
Ի՞նչն է պատճառը, որ Փաշինյանի համար անցանկալի է դարձել լինել մի տեղ, որտեղ է նաև Իլհամ Ալիևը
Փաշինյանն ինչո՞ւ որոշեց հանկարծ սրել արցախյան բանակցության թեման