Վրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նախագահի երդմնակալությունը տեղի կունենան այս տարի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։
Հիշեցնենք, որ երկրի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքականապես տարանջատվել է իշխող «Վրացական երազանք»-ից. կողմերի միջև սկզբունքային և խորը տարաձայնություններ կան երկրի վարած ներքին ու արտաքին կուրսի հարցում:
Ավելին, Զուրաբիշվիլին պահանջում է չեղարկել հոկտեմբերի 26-ին հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ դրանք կեղծված համարելով: Նա դրանք վիճարկելու համար դիմել է Սահմանադրական դատարան:
Բացի այդ, նա հակասահմանադրական է անվանել 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի անցկացումը, որը երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահը չի նշանակել: Օրենսդիր մարմնի անդրաանիկ նիստը նախատեսված է այսօր՝ նոյեմբերի 25-ին:
Հիշեցնենք նաև, որ բացի «Վրացական երազանքից» երկրի պառլամենտ են անցել չորս ընդդիմադիր ուժեր, որոնք հրաժարվել են իրենց մանդատներից և շարունակում են խորհրդարանի առջև բողոքի ցույցերը: Ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները գիշերել են պառլամենտի առջև՝ այնտեղ վրաններ տեղադրելով: Նրանք շարունակում են պահանջել ընտրությունների չեղարկում և նոր ընտրությունների անցկացում:
Այս պահին Վրաստանի խորհրդարանի բոլոր մուտքերը փակ են. հատուկ ռեժիմ է մտցվել անվտանգության նկատառումներով, իրավապահները ուժեղացված ծառայության են անցել:
Բաց մի թողեք
Ինչպես Իլոն Մասկը վերածվեց 21-րդ դարի Հուլիոս Կեսարի․ El Mundo
Կանխվել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ պլանավորված մահափորձը. ինչպես էր այն իրականացվելու
Կրեմլը չի մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով