22/12/2024

Էլ ի՞նչ պետք է ասեր մեր ժողովրդի ու պետության դեմ, որ հասկանանք, թե ո՞րն է իր նպատակը

Նիկոլ Փաշինյանի հերթական հակահայ հայտարարությունը միանգամից որսաց Բաքուն։ Ադրբեջանի Միլի մեջլիսի, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան վերադառնալու» նախաձեռնող խումբը հայտարարություն տարածեց՝ մտացածին «Արեւմտյան Ադրբեջանի»  ու Արեւմտյան Հայաստանի միջեւ Փաշինյանի հակագիտական ու թուրք-ադրբեջանական թեզերի զուգահեռի կապակցությամբ։

Հրապարակ թերթը գրել է․ Բաքվից Արեւմտյան Հայաստանի հիշատակումը համարել են «տարածքային պահանջ» ու խոսել իրենց «վերադարձի արդար իրավունքի» մասին, թե «Արեւմտյան Ադրբեջանի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է, որը ծառայում է էթնիկ զտման ենթարկված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձին Հայաստան»:

Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ուղիղ զավթողական նպատակ հետապնդող ադրբեջանական կեղծ համայնքի հայտարարության մեջ շեշտվում է, թե  «Արեւմտյան Ադրբեջան համայնքը, բազմիցս դիմելով Հայաստանի կառավարությանը, առաջարկել է երկխոսություն սկսել արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի հետ կապված միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ներառյալ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Բաքուն հերթական անգամ բացահայտում է, որ, փաստորեն, ադրբեջանցիների կեղծ «վերադարձի իրավունքի» շուրջ ուղիղ առաջարկներ են արել Փաշինյանին։ Հիշեցնենք․ Հանրայինին տված հարցազրույցում Փաշինյանը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել էր․ «Հիմա մենք նեղվում ենք եւ շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք՝ Արեւմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է։ Ոնց որ ասում են՝ «Արեւմտյան Ադրբեջան», եւ դա մեզ գրգռում է, այդպես էլ, երբ ասում ենք՝ Արեւմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում»։ Այս հայտարարությամբ ՀՀ վարչապետի աթոռին նստած մարդը հերթական անգամ խեղաթյուրում է պատմությունը եւ ադրբեջանական կեղծ օրակարգի հետ տարվող զուգահեռով փորձում արդարացնել իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ նվաճողական քաղաքականությունը։ Փաշինյանի հայտարարությունն այնքան անհեթեթ ու հիմնազուրկ էր, որ անգամ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձագանքեց՝  X-ի էջում գրելով, թե միակ Արեւմտյան Ադրբեջանն Իրանում է։

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Հրապարակ»-ին ասաց՝ որպես գիտությամբ զբաղվող մարդ, գիտական տեսանկյունից կարող է մեկնաբանել վարչապետի հայտարարությունը, ու հիշեցրեց, որ «Արեւմտյան Հայաստան» տերմինն օգտագործվում է դեռ 4-րդ դարից՝ 387 թվականից, Հայաստանի առաջին բաժանումից սկսած։ «Եթե գիտական բացատրություն տանք այս ամենին, մի դեպքում խոսքը կեղծիքի մասին է, մյուս դեպքում՝ պատմական իրողության։ Անգամ հիմիկվա Ադրբեջանն Ատրպատական չէ, իրանական Ատրպատականն Իրանի հյուսիս-արեւմտյան մասում է գտնվում։ «Արեւմտյան Հայաստան» տերմինն օգտագործվել է դեռ 378 թվականից, 4-րդ դարից՝ Բյուզանդիայի տիրապետության տակ անցնելուց, եւ 591 թվականից՝ Հայաստանի երկրորդ բաժանումից հետո։ Կիրառվում էին «Հունաց Հայաստան», «Տաճկահայաստան», «Թրքահայաստան» տերմինները, անգամ թուրքերն են «Արեւմտյան Հայաստան» տերմինը կիրառում։ Իսկ, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանն» ընդամենը քաղաքական կեղծիք է, որի նպատակը ՀՀ-ից տարածքային պահանջն է»,- ասում է պատմաբանը։ Չգիտի՞ արդյոք այս պարզ ճշմարտությունը Փաշինյանը․ Աշոտ Մելքոնյանը հորդորում է հարցն ուղղել վարչապետին։

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանն ավելի ուղիղ է գնահատականներում՝ Փաշինյանը ոչ միայն Ադրբեջանին հերթական խաղաքարտն է տալիս, այլեւ բացահայտում է արդեն իսկ պայմանավորված ծրագիրը։ «Նա, այսպես ասած, հասարակական կարծիքն է փորձում ստուգել, ճշգրտումներ անել։ Իր հայտարարությամբ նա ասում է, որ եթե դուք չեք ընդունում, որ սա «Արեւմտյան Ադրբեջան է», ապա թուրքերն էլ շատ ճիշտ են անում, որ չեն ընդունում Արեւմտյան Հայաստանը։ Մեր պատմական տարածքում գոյություն չունեցած Ադրբեջանը նա համեմատում է պատմագիտության մեջ հայտնի, աշխարհի կողմից ընդունված ու գոյություն ունեցող Արեւմտյան Հայաստանի հետ, դնում է հավասարության նշան՝ սրանով շարունակելով պատմական Հայաստանի գաղափարը ոչնչացնելու իր ծրագիրը եւ ուղղակիորեն ուզում է ասել, որ ադրբեջանցիներն իրավունք ունեն այդպիսի պահանջ ունենալու։ Իսկ երբ պետության ղեկավարն է նման հերթական դավադրական հայտարարություն անում, դա նշանակում է` այդ հայտարարությունը հենց այդպես չի արվում, որովհետեւ փաստացի պատերազմի մեջ գտնվող թշնամու ջրաղացին որեւէ ղեկավար հենց այնպես ջուր չի լցնի, եթե նրա հետ համատեղ ծրագրեր չի իրականացնում եւ համախոհ չէ»,- ասում է Ալվրցյանը՝ նկատելով, որ հայ հասարակությունն այլեւս չպետք է զարմանա Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։

«Ի՞նչ չի ասել, որ սա չասի, էլ ի՞նչ պետք է ասեր մեր ժողովրդի ու պետության դեմ, որ հասկանանք՝ նրա նպատակը Հայաստանը ոչնչացնելն է։ Սահմանադրությունից սկսած, մեր հերոսներով ու Արարատով վերջացրած, ամեն ինչ առոչինչ համարեց, հիմա Արեւմտյան Հայաստանը նրա համար ի՞նչ է, որ չանի նման հայտարարություն։ Նա այդպես շարունակելու է, քանի դեռ մենք թույլ կտանք»,- ասում է Հայկազուն Ալվրցյանը։

Ադրբեջանի Միլի մեջլիսի, այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջան վերադառնալու» նախաձեռնող խմբի հայտարարության այն դրվագը, որտեղ խոսք է գնում ՀՀ կառավարությանը բազմիցս դիմելու մասին, ըստ մեր զրուցակցի, փաստում է՝ Փաշինյանը նախապատրաստվում է այստեղ էլ զիջել։ «Լավ իմացեք, խոսքն ամբողջ Վարդենիսի, Տավուշի, Սեւանա լճի կեսի մասին է, որի ներքեւով Հայաստանը կտրում է եւ իջնում է դեպի Երասխ ու Սյունիք։ Հայաստանի կեսը նրանց համար «Արեւմտյան Ադրբեջան» է, ո՞վ պետք է խանգարի, որ չտա, Արցախն ավելի մեծ տարածք էր, տվեց»,- ահազանգում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքին, Ալվրցյանն ասում է՝ դա ցուցիչ է, որ մենք այլեւս ազգային պետություն չունենք։ «Մենք ունենք դրածոների կողմից ձեւավորված մի վարչություն, որը դրածոյի կամքն է կատարում, որովհետեւ, եթե լիներ պետություն, ոչ թե այդ գաղափարների ջրաղացին ջուր պետք է լցներ, այլ հակադրվեր ու հաշիվ պահանջեր՝ միջազգայնորեն, ՄԱԿ-ում, այլ կառույցներում, զորքերը պետք է հաներ, սահմանին մոտեցներ։ Սա է պետությունը, որն իր անվտանգության պահպանման համար բոլոր միջոցները ձեռք է առնում։ Այս մարդը մեր պետության թիվ մեկ թշնամին է, որը գործում է արտաքին թշնամիների հովանավորությամբ»,- ահազանգում է Հայկազուն Ալվրցյանը։