09/12/2024

Եթե իմ երազած մակարդակի վրա լիներ մեդիան, Փաշինյանի ելույթը չպետք է հեռարձակվեր․ Մարտիրոսյան

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը վերջերս հարցազրույց է տվել եւ հայտարարել, որ Հայաստանում գաղջ մթնոլորտ կա, ինչի մասին առաջինը խոսել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 2007 թ․, ապա կրկնել է Սերժ Սարգսյանը, ինչի հետ ինքը համաձայն է եւ կարծում է, որ դրա մեղավորը մեդիան է` լրատվամիջոցները։

Հրապարակ թերթը գրել է․ Մենք մի քանի հարց տվեցինք նրան:

– Ի՞նչ է նշանակում՝ գաղջ տարածել։ Լրատվամիջոցները գրում են այն, ինչ կատարվում է երկրում։ Դուք կարծում եք` լրագրողները պետք է իրականության հետ կապ չունեցող՝ վերամբարձ թեմաների՞ անդրադառնան։ Մի՞թե մեդիան չպետք է լուսաբանի այն, ինչ կա մեր երկրում։ Եթե Դուք դա եք գաղջ համարում, ապա այդ գաղջը լրագրողները չեն ստեղծել, դա քաղաքականության մեջ է։

– Չէ, ո՞վ է նման բան ասում։ Դա Ձեր անձնական ընկալումն է` իմ ասածի նպատակի հետ կապ չունի։

– Ասում եք՝ մեդիան է գաղջ տարածում։

– Այո, ասում եմ։ Եթե ինֆորմացիան հոտ ունենար Հայաստանում, ապա փիս հոտ կունենար։ Բայց մենք հասկանում ենք, որ այն պետք է ինտելեկտուալ հոտ ունենա։ Օրինակ՝ թատրոնի մասին ինֆորմացիա, օպերայի մասին, ֆիզիկայի, տիեզերքի մասին, գյուղատնտեսության, նորարարության մասին։ Բայց կա նաեւ ինֆորմացիա՝ հայհոյանքի եւ անձերի մասին։ Երբ հայհոյանքի, տգեղ խոսքերի մասին, չարության մասին ինֆորմացիան 90 տոկոսն է, դա նշանակում է, որ մեդիան է դա թույլ տալիս։ Ես գիտեմ, թե ինչու են թույլ տալիս, որովհետեւ ընթերցողների մեծ մասը գնում է դրա հետեւից։

– Այսինքն՝ եթե երկրի վարչապետն ասում է, որ շինելու է, ԱԺ նախագահը քաղաքացու դեմքին է թքում, Ազգային ժողովում իրար վրա շիշ են շպրտում, ոտքով հարվածում, դրա մեղավորը մեդիա՞ն է, որ լուսաբանում է։

– Եթե իմ երազած մակարդակի վրա լիներ մեդիան, ապա, այո, վարչապետի խոսքը չպետք է հեռարձակվեր։

– Օրինակ BBC-ն, CNN-ը նման իրադարձությունները չե՞ն լուսաբանում։

– Եթե չլուսաբանվեր դա, նույն վարչապետն իրեն նման բան թույլ չէր տա։

– Պարոն Մարտիրոսյան, անգամ աշխարհի առաջատար լրատվամիջոցներում չկա նման փորձ՝ ըստ ճաշակի չլուսաբանել երկրի ղեկավարի խոսքը։

– Ես ասում եմ՝ ցավոք սրտի, հայաստանյան մեդիաները սեւի մասին էապես ավելի շատ են խոսում, քան լույսի։ Եթերից ամեն բան սեւի մասին է։

– Գուցե նրանից է, որ մեր երկի՞րն է սեւի մեջ։ Մի երկիր, որտեղ ընտրություններ են կեղծում, պատերազմ են պարտվում, 5 հազար զոհ են տալիս եւ հայտարարում, որ հարցը կարող էր առանց զոհերի լուծվել, այդտեղ լույս գտնելը գուցե անհնա՞ր է։ Լույս պետք է լինի, չէ՞, որ տեսնեք։ Դուք էլ պարբերաբար նույն այդ մեդիային հարցազրույցներ եք տալիս։

– Իմ հարցազրույցներում հայհոյանք տեսե՞լ եք։ Լավ, սենց ասեմ՝ Հայաստանի մեդիան հայհոյանք տիրաժավորող մեդիա է։ Սրա հետ խնդիր ունենք։ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հայհոյանքը տիրաժավորում է մեդիան։ Եթե կա լուսավոր խոսք, դա անտեսում են, հայհոյանքը՝ տիրաժավորում։ Տարվա մեջ 2 հազար նոր գիրք է լույս տեսնում, ցավոք սրտի, դա անտեսված է մեդիայի կողմից։

– Միայն մի քանի անգամ ես եմ գրքերի մասին Ձեզ հետ հարցազրույց արել, ինչպե՞ս է ստացվում, որ անտեսված է այդ թեման։

– Ես «Հրապարակի» մասին չեմ խոսում։ 2 հազար գիրք է լույս տեսնում, 4-ին անդրադառնում եք, ասում եմ՝ ապրեք։ Բայց դա մեկ տոկոսն էլ չէ։ Բայց եթե ես դուրս գամ հայհոյեմ, բոլորը կտիրաժավորեն։ Ով էլ հայհոյի, կտիրաժավորվի։ Ճիշտ խոսքը չի տիրաժավորվում, սուտը տիրաժավորվում է։ Ես «Հրապարակի» մասին չեմ խոսում` մյուսների, որոնք օրհնանքը չեն տիրաժավորում։ Ասածս դա է։ Ես հայհոյանք ասելով՝ միտքը նկատի ունեմ։

– Երկրի ղեկավարը հայհոյում է, Դուք այդ մասին չեք խոսում, ասում եք՝ ինչո՞ւ մամուլը գրեց այդ մասին։ Ի դեպ, շատերն էլ «Անտարեսի» հրատարակած գրքերում կարող են գաղջ տեսնել. հայհոյանք, բաց տեսարանների նկարագրություն` սրանք էլ այլոց համար գուցե ընդունելի չլինեն։ Ասում են` «Անտարեսն» այլասերվածություն է քարոզում։ Ստացվում է՝ Դուք եւս գաղջ եք տարածում։

– Գիրքը մի համեմատեք ԶԼՄ-ի հետ, իսկ եթե համեմատում եք, օքեյ` ուրեմն թող այդպես լինի։ Արվեստը վատ լուրի հետ կապ չունի։

– «Անտարեսը» հրապարակում է նաեւ ժամանակակից գրողների գործեր, որոնք այսօրվա մասին են, եւ ընթերցողն այնտեղ կարող է քարոզի տարրեր տեսնել։

– Սյուժեում երկու ընկեր են խոսում, հայհոյանքներ են օգտագործում` ի՞նչ աներ գրողը, Հ1-ի թարգմանված ֆիլմերի նման բանդիտների խոսքը գրական հայերենո՞վ դներ: Աբովյան փողոցում մեկի հետ ժամադրվում ես, մեկը ժամադրման վայրը բառերով, փաբերով է նկարագրում, մյուսը` արվեստի օջախներով։ Իմ ասածը սա է։ Ամեն մարդ իր պատկերացումներով է իրադարձությունը լուսաբանում։ Մեկը նույն վայրը «Ձորի Աշոտի» օբյեկտով է ճանաչում, մեկը՝ թանգարաններով, «Զանգակ» գրախանութով։

– Հետեւո՞ւմ եք BBC-ին, CNN-ին։ Ի՞նչ են նրանք տարածում։ Նրանք կտրվա՞ծ են աշխարհից, չե՞ն լուսաբանում քաղաքական սկանդալներ։

– Նրանք նաեւ գիտության մասին են խոսում, իսկ Հայաստանում ոչ մի լրատվամիջոցում չկա գիտական լրագրություն։

– Իսկ Հայաստանում կա՞ գիտություն։ Գիտությունների ազգային ակադեմիան իշխանությունը ցանկանում է փակել, արվեստի բուհերը` օպտիմալացնել, բուհերը` միավորել։

– Գիտությունը պետք է համալսարաններում ծնվի։ Ակադեմիան միայն «գիտություն» բառով է կապվում գիտության հետ։

– Տառասխալներով, ուղղագրական սխալներով դասագրքեր են հրապարակվում մեր երկրում, որտեղ պատմական փաստեր են նաեւ աղավաղվում։ Գուցե նրա՞նց մեղադրեք գաղջի համար։

– Դա կապ չունի։ Հազարավոր գրքեր են տպվում։ Դա էլ է գիտություն, բայց մեդիան տիրաժավորում է սկանդալներ ու հայհոյանք… քաղաքականությունն աշխարհում այնքան մաքուր է, որ Գերմանիայի նախագահը հրաժարական տվեց այն բանի համար, որ իր կինը բանկից մեկ տոկոս զեղչ էր ստացել։ Լիտվայի պաշտպանության նախարարն էլ հրաժարական տվեց, որովհետեւ վատ խոսեց ընդդիմադիր պատգամավորի մասին։

– Այո, այդ բոլորը Ձեր նշած երկրների մեդիան լուսաբանել է: Բայց մենք Հայաստանի մասին ենք խոսում։

– Գիտե՞ք, թե ինչու է Հայաստանի քաղաքականությունը կեղտոտ, որովհետեւ կեղտոտ մարդիկ են գալիս քաղաքականություն։ Էդ պատգամավորների մեջ չկա՞ լավ մասնագետ, եկեք դրա մասին խոսենք, իր լավ պրոյեկտների։

– Ո՞ւմ նկատի ունեք, ո՞վ է լավ պրոյեկտ անում։ Մարդիկ անգամ իրենց իրավունքները չգիտեն` վարչապետի «խնդրանքով» մանդատ են վայր դնում։

– Ես կյանքը բարդ եմ ընկալում եւ չեմ ասում նման բարդ ելքեր։

«Հրապարակ». Եթե իմ երազած մակարդակի վրա լիներ մեդիան, վարչապետի խոսքը չպետք է հեռարձակվեր