23/12/2024

«Գլոբալ քաղաքականության բևեռ» Թուրքիան հետագայում ինչ անակնալներ կարող է մատուցել

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը խորհրդարանում հանդիպել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության անդամներին:

Նա ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջեւ ուժի մեջ մտած հրադադարը և հույս հայտնել, որ բոլոր կողմերը, հատկապես Իսրայելը կպահպանեն կրակի դադարեցման ռեժիմը:

Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել՝ անհրաժեշտ ներդրում ունենալու, որպեսզի Գազայի հատվածում հաստատվի մշտական հրադադար: Էրդողանն ասել է, որ Թուրքիան անշեղորեն ամրապնդում է դիրքերը՝ որպես գլոբալ քաղաքականության բևեռնեից մեկը:

Այս համատեքստում «Անադոլուն» մեջբերում է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, ով վստահաբար ասել է, որ Թուրքիան կներգրավվի Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ու պահվող անձանց փոխանակման բանակցություններին:

Ավելի վաղ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Գազայում հրադադարի հաստատման և հրեա պատանդներին ազատելու հարցով Թուրքիայից աջակցության անկնալիքով Անկարա է մեկնել Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայության տնօրեն Ռոնեն Բարը եւ բանակցություններ վարել Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընի հետ:

Իսրայելի և Թուրքիայի պաշտոնական աղբյուրներն այդ տեղեկությունը հերքել են: Ավելին, այդ ֆոնին Էրդողանը հայտարարել է Իսրայելի հետ բոլոր կապերը խզելու մասին: Միաժամանակ, սակայն, տեղեկություն է հայտնվել, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակը Կատարի մայրաքաղաք Դոհայից տեղափոխվել է Ստամբուլ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ շփումներ կան:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության ամենաուշագրավ ձևակերպումն այն է, որ Միացյալ Նահանգները հետամուտ են, որպեսզի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի իշխանությունը լուծարվի: Իսրայելական կողմի հիմնական պահանջներից մեկն այն է, որ Գազայում հաստատվի «միջազգային արտաքին կառավարում»:

Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը ոչ թե ահաբեկչական խմբավորում է, այլ կուսակցության, որ Պաղեստինի անկախ պետության քաղաքական համակարգում պետք է արժանի տեղ ունենա: Գազայում ՀԱՄԱՍ-ի իշխանությունը ոչ օրինական է ճանաչում նաև Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը, որ ոչ մի շփում չունի նաեւ լիբանանյան «Հըզբոլլահի» հետ:

Միջազգային մամուլում տեսակետ կա, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագրին օժանդակել է նաև Իրանը: Գազայի դեպքում, կարծես, Միացյալ Նահանգներն ընդունում են, որ առանց Թուրքիայի կողմից ՀԱՄԱՍ-ի նկատմամբ ազդեցության կամ ճնշումների կրակի դադարեցման եւ պատանդների ու պահվող անձանց փոխանակման գործարքը հազիվ թե կայանա:

Իրանը ֆորմալ առումով Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի կողմ չէ, ոչ էլ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավոր: Գազայում պատերազմին վերջ տալու համաձայնություն Իսրայելն ո՞ւմ հետ է ստորագրելու, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն՝ ինչպես մոտակա մի քանի օրվա կտրվածքով կանխատեսել է ԱՄՆ նախագահը:

Այսպես, թե այնպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն, կարծես, Թուրքիայի նախագահին շատ լուրջ ուղերձներ է փոխանցել: ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը, կարծես, ամեն ինչ անում է, որպեսզի պաշտոնն ստանձնելով՝ Դոնալդ Թրամփը մերձավորարևելյան «թնջուկից» գոնե ընդհանուր առմամբ ապահովագրված լինի և ռուս-ուկրաինական կարգավորման վրա կենտրոնանալու ավելի շատ հնարավորություն ունենա:

Այս դեպքում, իրոք, Թուրքիայի դիրքորոշումն էական նշանակություն ունի: Այլ բան է, թե «գլոբալ քաղաքականության բևեռ» Թուրքիան հետագայում ինչ անակնալներ կարող է մատուցել բոլորին, այդ թվում և Միացյալ Նահանգներին: