ՀՀ վարչապետի՝ ԱԺ պատգամավորներից երկուսին ուղղված խնդրանքը՝ վայր դնել մանդատները, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ այնքան ծանր են տարել ու այնպես են մորմոքում, որ կարծես խնդրանքն ուղղված է ոչ թե ՔՊ խմբակցության ներկայացուցիչներին, այլ, ասենք, «Հայաստան» խմբակցության ղեկավարին և կամ ՀՅԴ-ական, ՀՀԿ-ական որևէ երեսփոխանի։
Ասենք՝ ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ ինքնատիրապետումը կորցրած ու հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի քունքին հարվածած, քրեական հետապնդման ենթարկված Մհեր Սահակյանին, որն այդպես էլ իր արարքի համար խմբակցության փաստացի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի կողմից չկանչվեց քաղաքական պատասխանատվության, ասենք՝ մանդատը վայր դնելու տեսքով, կամ ասենք, գեներալ Սեյրան Օհանյանին, որը դարձյալ նույն՝ ինքնատիրապետումը կորցնելու պատճառով ամբիոնից ելույթ ունեցող ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ էր նետել, ԱԺ պատգամավորների միջև բախման պատճառ դարձել՝ չկանչվելով ոչ քաղաքական, ոչ էլ նույնիսկ ․․․․ կուլտուր-էթիկական պատասխանատվության։
Ենթադրում ենք, որ նրանց պատասխանատվության հարցը Քոչարյանի օրակարգ չմտավ, քանի որ հայաստանականներից ոմանց՝ խուլիգանին պատշաճող, վուլգար արարքները խրախուսվում են, երբ այդպիսի արարքների թիրախում հայտնվում են իշխող ուժի ներկայացուցիչները։ Իսկ այն ամենն, ինչը կապված է Նիկոլ Փաշինյանի թիմի վարկաբեկման, թիրախավորման, անվանարկման, ընդհուպ՝ ֆիզիկական հաշվեհարդարի, կարճ ասած՝ «ռեյտինգը մաշացնելու» հետ, բնականաբար, չի ենթադրում պատասխանատվության «կանչ» և ենթակա չէ պատժի որևէ տեսակի։ Տեղին է հիշել, թե ինչպես էին «Քոչարյան ֆան-քլաբի» ակտիվիստները «մեռնեմ ձեռներիդ»-ով արձագանքում ձեռքերին ազատություն տված Սահակյանի արարքին՝ շեշտելով, թե Սահակյանը կատարել է հայ ժողովրդի մեծ մասը սրտի ցանկությունը։
Անշուշտ, նույն՝ Հովիկ Աղազարյանի կամ ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի և կամ պաշտոնից հեռացածի հարցով տոչորվող ընդդիմության ներկայացուցիչները քաղաքական պատասխանատվության վերաբերյալ մեր դիտարկմանը կարող են հակադարձել՝ վկայաբերելով ՔՊ-ի այլ նեկայացուցիչների՝ ավելի վաղ դրսևորած «անթույլատրելի վարքագիծն» ու դրա համար թիմի ղեկավարի կողմից պատասխանատվության չկանչվելը։
Ի պատասխան այսպիսի հակադարձման՝ նկատենք՝ քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, այո, գուցե չի գործել բոլորին տեսանելի տարբերակով, կամ, գուցե, որոշ դեպքերում էլ գործի է դրվում ուշացումով, բայց ոչ՝ ուշացած։ Այս կարևոր ինստիտուտին կոլեկտիվ կամ անհատապես առերեսվելու մշակույթը մեզանում ինստիտուցիոնալ առումով պետք է ամրապնդել այսօրվանից սկսած, հենց ՔՊ-ական պատգամավորների օրինակով։
Իսկ ի՞նչ է քաղաքական պատասխանատվությունը․ մեր պատկերացմամբ՝ պատասխանատվության այն կերպը կամ դրսևորումը, որը ենթադրում է քաղաքական բարեվարքություն, այսինքն՝ չցուցաբերել այնպիսի վարքագիծ, որը կվնասի քաղաքական թիմի հեղինակությանը, կխաթարի ներթիմային առողջ, բնականոն հարաբերությունները, կհանգեցնի թիմի ներսում անվստահության մթնոլորտի ձևավորմանը․․․
Երբ կոլեկտիվի այս կամ այն անդամ՝ կառավարությունում պաշտոնավարելիս լինի, թե օրենսդիր մարմնում, իր այս կամ այն արարքով (նկատենք՝ հատուկ չենք շեշտում արարքի միտումնավոր կամ ակամա թույլ տրված լինելը) վնասում է թիմի համբավին, ապա, ենթադրաբար, դրան պետք է հաջորդի նախ «քաղաքական ինքնապատասխանատվության» ինստիտուտը։
ԱԺ պատգամավորի դեպքում, օրինակ, այդ պատասխանատվությունը ցուցաբերման երկու կերպ ունի՝ մանդատը սեփական կամոք վայր դնելու տեսքով, կամ էլ, առաջնորդվելով Սահմանադրությամբ ամրագրված այն դրույթով, թե՝ պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով և գործում է իր խղճի մտոք, խմբակցությունից դուրս գալու, անկախ պատգամավոր դառնալու տեսքով՝ այլևս չնույնացվելով այն թիմի հետ, որի նախընտրական ցուցակում ընդգրկվելով տվյալ պատգամավորը ստացել է ժողովրդի քվեն։
(Նկատենք՝ ինքը՝ մանդատը վայր դնել առայժմ հապաղող Հովիկ Աղազարյանը նույնպես այն կարծիքին է, որ ՔՊ-ն այսօր իշխանություն է, մեծությամբ առաջին խմբակցությունն է ԱԺ-ում շնորհիվ Նիկոլ Փաշինյանի անձնական հեղինակության)։
Ի դեպ, քաղաքական պատասխանատվության կանչելու խնդրին է բախվել նաև Քոչարանի կուրացիայի տակ գործող խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը։
«Հարցն օրակարգային է, քննարկվելու է։ Եթե դու քաղաքական կառույցի մաս ես և ունես հնարավորություն՝ ձևավորել քաղաքական կառույցի դիրքորոշում և ձախողում ես, ունես երկու ընտրություն՝ կամ շարունակել և պաշտպանել քաղաքական կառույցի դիրքորոշումը, կամ դուրս գալ կառույցից»,-ԶԼՄ-ներին ասել է խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։ Որպես Նազարյանին «ռինգ» կանչելու պատճառ՝ նշվում է վերջինիս իբրև թե լուսանկարվելը ԱԺ նախագահի հետ գործուղման ժամանակ, ըստ որոշ լուրերի էլ՝ Նազարյանին «խմբակցության դռան տեղը ցույց տալու» պատճառը վերջինիս հայտարարությունն է իշխանափոխության վերաբերյալ։ «Դուք մանդատ ստացաք իշխանափոխություն անելու, Փաշինյանին հեռացնելու օրակարգով ու հիմա իշխանականների հետ գործուղմա՞ն եք գնում»՝ դիտարկմանը Գեղամ Նազարյանը պատասխանել է. «Ո՛չ, ըտենց օրակարգ չկա, չգիտեմ ով ա դա մտցրել…ի՞նչ ա նշանակում՝ եկել ենք խորհրդարան, որ հեռացնենք, այսինքն, խորհրդարանում ինչ-որ սամբոյի պրյո՞մ պիտի անենք, որ Փաշինյանին հեռացնենք»:
Մեր խնդիրը չէ, թե ինչ կքննարկի վերոնշյալ խմբակցությունն իր ներկայացուցչի հարցով, սակայն եթե այդ որոշումը կայացվելու է քաղաքական պատասխանատվության վերոնշյալ բանաձևումի համատեքստում, ապա կարելի է ողջունել այն։ Բայց նախքան այդ մի հարց՝ եթե Նազարյանը գործուղման ժամանակ ցուցաբերեր պատգամավորին անհարիր վարք, ասենք՝ օտարերկրացիների մոտ «խայտառակեր ռեսպուբլիկան», կամ էլ, ասենք, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի դեմ «սամբոյի պրյոմ» աներ, ինչպիսի՞ն կլիներ խմբակցության ռեակցիան։ Ինչ որ բան մեզ հուշում է, որ Նազարյանին նման վարքագծի համար «բրավո»-ներով կընդունեին խմբակցությունում, բանը կարող էր ասնել նաև դափնե պսակին։
Վերհիշենք, որ նախորդ իշխանության օրոք էլ Դաշնակցության անդամ Աղվան Վարդանյանը կանչվեց քաղաքական պատասխանատվության՝ մանդատը վար դնելու տեսքով։ Երբ 2018-ի մայիսի 1-ին Վարդանյանը դեմ գնաց խմբակցության որոշմանն ու կողմ չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուն, ՀՅԴ Գերագույն Մարմինը հաղորդարություն տարածեց, հայտնելով, որ Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը: «Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը»-ասվում էր հաղորդարության մեջ: Վարդանյանն, ի դեպ, միայն մանդատադրումով չպրծավ, նրան հեռացրին կուսակցության շարքերից։
Նկատենք, սակայն, որ քաղաքական պատասխանատվության ենթարկելու և ենթարկեցնելու ինստիտուտը քաղաքացիական հասարակության, լայն հանրության կողմից ձևակերպվել է շատ վաղուց, որի դրսևորմանն ականատես ենք եղել ընտրությունների ժամանակ՝ այս կամ այն քաղաքական ուժին կամ լիդերին տրված կամ չտրված ձայների տեսքով։ Եթե պատասխանատվության այս մշակույթը մեզանում տարերայնորեն առկա չլիներ, ապա ընտրությունների արդյունքների վիճարկում, ետընտրական բողոքի ցույցեր տեղի չէին ունենա, 2018-ի հեղափոխությունը, որպես օրվա իշխանությանը քաղաքական պատասխանատվության կանչելու արտակարգ, մասշտաբային միջոցառում տեղի չէր ունենա՝ Սերժ Սարգսյանը չէր ենթարկվի մերժման, նրա ղեկավարած ՀՀԿ-ն էլ 2021-ի արտաերթ ընտրությունների ժամանակ կրկին բարձր տոկոսներ «կխփեր»՝ ապացուցելով պատասխանատվության քաղաքացիական ինստիտուտի բացակայությունը։
Հ․ Մանուկյան
Բաց մի թողեք
Երևանում դուստրը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է եղել. Լուսանկար
Հայաստանում կոռուպցիան շարունակում է մնալ մարտահրավեր
Կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարվել է 18 անշարժ գույքի հափշտակություն