23/12/2024

Պուտինի և Կիրիլի միջև սառնությունն սկսվել է, երբ պատրիարքը մերժել է Իվան Ահեղին սրբադասելու գաղափարը

Ռուսաստանում գումարվել է Համաշխարհային ռուս ժողովրդական խորհրդաժողով, որի մասին պետական լրատվամիջոցներն առայժմ տեղեկություն չեն տարածել:

Հասանելի աղբյուրներից միակը, որ անդրադարձել է Մոսկվայի և համայն Ռուսիո Կիրիլ պատրիաքրի հովանուն ներքո կազմակերպված միջոցառմանը, մասնագիտական անաչառությունը դեռևս լիովին իշխանահաճությամբ չփոխարինած «Նեզավիսիմայա գազետան» է:

Պարբերականը պատրիարք Կիրիլի բացման խոսքից մեջբերել է այս միտքը: «Արմատական բնակչության ոչ համաչափ փոխարինումն ալ քաղաքական կոդի, պատմական այլ փորձի կրող միգրանտներով կարող է հանգեցնել մշակութային անհամամասնության ճգնաժամի, ինչն իր հերթին, անկասկած, սպառնալիք է ռուսական աշխարհին, որի միջուկն ուղղափառ հավատքն է:

Ռուսաստանում միգրացիոն ոչ ճիշտ քաղաքականության մասին հրապարակային առաջին ահազանգը հնչեցրել է Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը՝ «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչությունից հետո: Անցած գրեթե մեկ տարում պետական դուման միգրացիոն օրենսդրությունը խստացնող մի շարք փոփոխություններ և լրացումներ է կատարել:

Իրավիճակի կառավարելիությանը նպաստում է նաև այն, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ աշխատանքային միգրանտների հոսքը որոշակիորեն կրճատվել է: Վերջին օրենսդրական խստացումը, որի համաձայն ՌԴ քաղաքացիությունից զրկվում են այն անձինք, ովքեր միաժամանակ զինվորական երդում չեն ստորագրել, ակնհայտորեն միգրանտների դեմ է:

Թվում է, թե իշխանությունների ձեռնարկած քայլերի տրամաբանությամբ Կիրիլ պատրիարքը Ռուսական աշխարհի քաղաքակրթական ապագայի վերաբերյալ այնքան խոր մտահոգություն չպետք է ունենար, որպեսզի թույլ տար խոսել ուղղափառ հավատքի դեմ սպառնալիքից:

Ըստ երևույթին՝ ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը շոշափել է շատ ավելի խորքային խնդիր: Ռուս-ուկրաինական պատերազմն արդեն իսկ ծանր հարված է հասցրել ուղղափառ քրիստոնեությանը. Ուկրաինան հարկադրված է եղել կազմավորել առանձին եկեղեցի: Մոսկվայի պատրիարքարանը կորցրել է Կիևի նկատմամբ հոգևոր գերիշխանությունը:

Զուգահեռաբար Ռուսաստանում մեծացել է մուսուլմանական հոգևորականության ազդեցությունը: Գործող իշխանությունն ակնհայտորեն աջակցում է իսլամադավաններին: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Ռուսաստանի իշխանությունները Մոսկվայի պատրիարքարանին հորդորել են վերջ տալ Կազանում ուղղափառ Քրիստոնեություն ընդունած թաթարական համայնք կազմավորելու և հոգևոր առաջնորդ նշանակելու նախաձեռնությանը, և պարտիարք Կիրիլը տեղի է տվել: Իսկ նրա դեմ Վլադիմիր Պուտինին բողոք է ներկայացրել Թաթարստանի ղեկավար Մեննիխանովը:

Ըստ երևույթին՝ Կիրիլ պատրիարքն ակնարկում է ուղղափառ հավատքի դեմ այդ սպառնալիքը: Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքարանի ու Կրեմլի միջև հակասությունների մասին տեղեկություններ վաղուց են շրջանառվում:

Տեղեկություններ կան, որ Պուտինի և Կիրիլի միջև սառնությունն սկսվել է, երբ պատրիարքը մերժել է Իվան Ահեղին սրբադասելու գաղափարը և նրան անվանել «խելագար մարդասպան»: Ընդ որում՝ նա այդ բնորոշումը հնչեցրել է նաև հրապարակային աղոթքում, ինչից Պուտինի մերձավոր շրջապատում տպավորություն են ստացել, թե Կիրիլն ակնարկում է, որ Ռուսաստանի նախագահն էլ «խելագար մարդասպան է»:

Այդպես է, թե ոչ, ենթադրությունների տեղ կա, բայց այս դեպքում գործ ունենք պաշտոնապես ձևակերպված տեսակետի հետ, որ չպետք է կասկածել, արտահայտում է Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր դասի հավաքական տեսակետը և, գուցե, պատրիարք Կիրիլն այն հնչեցրել է հնարավորինս դիվանագիտական նրբամշակված ձևով:

Ուկրաինայի դեմ պատերազմից առարկայորեն ի՞նչ է շահելու Ռուսաստանը կամ ո՞րն է եվրասիական ընտրության գործնական շահը: Այս հարցերը, երևում է, հնչեցնում են ոչ միայն ռուսաստանցի մի քանի փորձագետներ, այլև Ռուս ուղղափառ եկեղեցին, ռուս մտավորականությունը, գիտության, արվեստի և մշակույթի գործիչները, քաղաքական խմբավորումները:

Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական ընտրությունը և ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր-արժեքային դավանանքը, եթե Կիրիլ պատրիարքի միտքը վերծանենք ըստ հասցեագրման, հակոտնյա են: Պատրիարքը, իհարկե, ինչպես հոգևոր բոլոր առաջնորդները, իշխանության վերահսկողությունից ազատ չէ: Իսկ գուցե նա եվրասիական Պուտինին ուղղափառ հավատքի զավակ Պուտինին հակադրելու խնդիր է հրապարակայնացնում Կրեմլի ինդուլգենցիայո՞վ: