Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինչքան շատ է խոսում «Մարտի 1»-ի մասին ու որքան շատ է ջանում հերքել իր անձնական պատասխանատվությունն այդ իրադարձությունների ժամանակ թափված արյան, զոհերի ու վիրավորների հարցում, այնքան շատ է խրվում իր իսկ փորած փոսում՝ ակամա ցուցմունքներ տալով ինքն իր դեմ։ Հոգեբանության մեջ սա բանաձևվվում է այսպես՝ «լեզուն մատնում է մտքինը»։
Այսօր դատարանի բակում Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան հարցի՝ ի վերջո, 10 մարդ է զոհվել, իրեն որպես երկրի ղեկավար, քաղաքական պատասխանատու զգո՞ւմ է տեղի ունեցածում, հայերենի արտասանության հետ կապված դժվարություններ ունեցող նախկին ղեկավարն արձագանքել է․ «Չի կարող ղեկավար ըլնել, որի համար դա մեծ տհաճություն չլինի, իհարկե, և հատկապես, էն որ ասում ա՝ «պոդ զանավես», էլի, մեկ ամիս էր մնում՝ մինչև իմ ժամկետի ավարտը։ Իհարկե տհաճ է, իհարկե՝ լավ չէ։ Այդ հարցը պետք է տալ նաեւ նրանց, ովքեր այդ բախումները հրահրել են։ Կարծում եմ դուք բոլորդ տեղյակ եք՝ ինչ է կատարվել, և կրկնեմ, նաև ոստիկանների քանակը՝ վիրավորվածների, կրկնակի, եռակի ավել էր, քան ցուցարարների։ Ես այցելել եմ հոսպիտալը և տեսել եմ ինչ կարգի վիրավորված զինվորներ մենք ունենք, բոլորը գրեթե բեկորային կամ՝ այրվածքներով։ Եվ ասեմ՝ մոտ 200 հոգի»։
Փաստորեն, այսքան տարի Մարտի 1-ի թեմային փորձագետի մակարդակով տիրապետողները, նաև «Փաստահավաք խումբ»-ը, այնուհետ նաև ՀՔԾ-ն, պնդում էին, որ Քոչարյանը զինված ուժերը ներքաշել է ներքաղաքական պրոցեսներում՝ տապալելով սահմանադրական կարգը, նրա փաստաբանական թիմն էլ կաշվից դուրս էր գալիս, որ փրկի իր պաշտպանյալի կաշին սույն գործով պատասխանատվություն կրելուց, վերջինս կանգնում ու լրագրողների առաջ ծոր է տալիս՝ գնացել ու 200 վիրավորված զինվոր է տեսել հոսպիտալում։
Արդ՝ ո՞ր զինվորների մասին է խոսքը, երբ է նա այցելել նրանց՝ ո՞ր ժամին՝ նախքան արտակարգ դրություն հայտարարելը, թե դրանից հետո, ի՞նչ գործ ունեին իր տեսած այդ երիտասարդ զինվորները, այն էլ՝ վիրավոր, հոսպիտալում, թշնամին ասել էր մայրաքաղաքի կենտրոն ու այդտեղ տեղի ունեցած մարտական գործողությունների՞ էին մասնակցել ու դրա հետևանքով վիրավորվել, թե՞օգտագործվել էին քաղաքական ակցիայի՝ ցուցարարներ ցրելու նպատակով ու վիրավորվել։ Ի դեպ, 2008-ի մարտիմեկյան իրադարձություններին բանակի մասնակցության փաստը նաև ապացուցվում է նրանով, որ զոհերից մեկը՝ Տիգրան Աբգարյանը, ժամկետային զինծառայող էր։ Ճիշտ է, նա ծառայում էր ՈԶ թիվ 10- 33 զորամասում որպես ժամկետային զինծառայող (շարքային)։
18-ամյա Աբգարյանն, ի դեպ, զոհվել է զինվորականների աչքի առաջ և մինչ օրս նրա սպանությունը չի բացահայտվել՝ ի թիվս մնացած սպանությունների։
Նկատենք, որ դեռ 2018-ի սեպտեմբերին, երբ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգի տապալման համար, Տ․ Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ աղմկահարույց բացահայտում արեց այդ ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ նշելով՝ Լեոյի փողոցի վրա հատուկ ջոկատայինները կրակ են բացել 18-ամյա զինծառայողի վրա․ – «Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանը արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Եվ մեր վերսիան հետևյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե՝ մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի: Դա նախաքննությամբ հիմնավորվել է»: Խաչատրյանը նաեւ կարեւոր բացահայտում էր արել․ «Մեր քննությամբ արդեն իսկ հիմնավորվել են, որ բանակը ոչ միայն մասնակցել է «Մարտի 1»-ի այս միջոցառումներին, բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ, այսինքն՝ բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին։ Այս գաղտնի հրամանից հետո, երբ որ որոշվել է, որ Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, սահմաններում շաբաթներով կանգնած զինվորը հերթապահել է առանց հերթափոխի և ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ և արդյունքում, գիտեք, եղել է նաև դիվերսիա», – ասել էր Խաչատրյանը։ Նրա գնահատմամբ, ամենախայտառակ բանը, որ արել են այդ օրերին բանակի հետ, դա զինվորներին վարձկաններ սարքելն է։
Ինչ վերաբերում է Քոչարյանի սիրելի տրյուկին՝ «հրահրիչների» մասին հիշատակմանը, ապա նշենք՝ 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Տեսնես ո՞վ էր հրարել հարձակվել քնած, խաղաղ ցուցարարների վրա։
Նույն օրն ավելի ուշ Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
Ի դեպ, Քոչարյանն այդպես էլ այսքան տարի անց չի ցավում իր պաշտոնավրումից մեկ ամիս առաջ տեղի ունեցած ողբերգության համար, նրա համար, փաստորեն, տհաճություն պատճճառող է տեղի ունեցածը, ոչ թե՝ ցավալի, կսկսծալի, ամոթալի կամ ափսոսանք առաջացնող։ Եվ այս մարդը, որին մարդկային տարրական կարեկցանքը, փաստորեն, խորթ են, դեռ խոսում է քաղաքականության մեջ մնալու իր որոշման մասին։ Ավելին, երբ այսօր նրան հարցրել են իր հետագա անելիքների, քայլերի մասին, նա իր ֆիրմեննի շարժումով՝ ուսերը թոթվելով ու խնդմնդալով ծոր է տվել՝ իր «մարտավարությունից» է ելնում չխոսել այդ մասին։
Հ․ Մանուկյան
Բաց մի թողեք
Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի
Բաքուն իրեն համարում է ուժեղ կողմ, քանի դեռ համարում է, որ ուժերի բալանսն իր օգտին է