Լեռնային Ղարաբաղում «պատերազմի հետ Հայաստանն իրավական առնչություն չի ունեցել», – Աստանայում ՀԱՊԿ գագաթաժողովից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա այդ մեկնաբանությունն արել է, որպեսզի հիմնավորի, որ ՀԱՊԿ-ը չէր կարող «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում սկսված ռազմական գործողությունները գնահատել որպես Հայաստանի դեմ ագրեսիա և գործի դնել պայմանագրով նախատեսված մեխանիզմները»։
Հայաստանի քաղաքական ուժերի և փորձագիտական հանրության արձագանքը հիմնականում այն թեզի վրա է կառուցված, որ Երևանը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն չի խնդրել, դժգոհությունը կապված է 2021-22 թվականներին Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի դեմ ագրեսիային, երբ ՀԱՊԿ-ը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանը դելիմիտացված չէ, ուստի հնարավոր չէ հստակ տեղորոշել՝ արդյոք մարտական գործողությունները կազմակերպության պատասխանատվության գոտո՞ւմ են ընթանում, թե՞ ոչ։
Այս մեկնաբանությունն, իհարկե, արդարացի է, բայց Ռուսաստանի նախագահը քաղաքական դիլետանտ չէ և գերազանց գիտի, թե ինչ, երբ և ինչպես պետք է ասել։ Վլադիմիր Պուտինի համար, պետք է համոզված լինել, հասկանալի է, որ հետխորհրդային տարածքի բոլոր երկրներում ու ամբողջ աշխարհում, երբ ասում են ՀԱՊԿ, հասկանում են Ռուսաստան, Հայաստանում՝ առավել ևս։
Եվ, երբ նա ասում է, որ ԼՂ-ում պատերազմի հետ Հայաստանն իրավական առնչություն չի ունեցել, ապա շատ մատչելի ձևով հասկացնում է, որ ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Ռուսաստանը Հայաստանին, ԼՂ Պաշտպանության բանակին և հայ բնակչությանը ռազմա-քաղաքական աջակցություն ցուցաբերելու իրավապայմանագրային պարտավորություն չի ունեցել։
Քաղաքականությունը «սառը խորտիկ է»։ Եվ Ռուսաստանի Դաշնության նախագահը Ղազախստանի մայրաքաղաքից փաստացի ուղերձ է հղել ոչ թե Հայաստանի իշխանությանը, այլ ինստիտուցիոնալ ընդդիմությանը։
Պուտինի հայտարարությունը «ցտեսություն» չէ, այլ՝ «մնաք ոչ բարով»։ Քառասունչորսօրյա պատերազմին հաջորդած չորս տարիներին Հայաստանի ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական ընդդիմությունը, բոլոր «շարժումները», մի նարատիվ են գեներացրել՝ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, հետևողականորեն փչացրել է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները, խարխլել անվտանգային համակարգը, Ադրբեջանն օգտագործել է առիթը, ԼՂ դեմ պատերազմ սկսել, իսկ երբ Վլադիմիր Պուտինը փորձել է այն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար հնարավորինս նպաստավոր պայմաններով կանգնեցնել՝ «Նիկոլը մերժել է և ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթ»։
Վլադիմիր Պուտինը մի նախադասությամբ զրոյացրեց այդ քարոզչությունը և բացահայտեց, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը ոչ միայն անկախ կամ որպես Հայաստանի մաս, այլև հայկական և իբր ինքնորոշման սուբյեկտ պահպանելու պարտավորություն չի ունեցել։ Հակառակ դեպքում Մոսկվայի համար որևէ նշանակություն չպիտի ունենար, թե Երևանում ինչ իշխանություն է։ Նա Լեռնային Ղարաբաղը կպահեր հօգուտ իր աշխարհաքաղաքական շահի , ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի և բոլոր «սորոսականների»։
Պուտինի բացահայտումը սպանիչ է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար, որովհետև Ռուսաստանի նախագահը պարզորոշ հասկացնում է, որ կարող էր Լեռնային Ղարաբաղը հայկական և որպես տարածաշրջանային սուբյեկտ պահպանել, բայց աշխարհաքաղաքական շահն այլ վերաբերմունք է պահանջել։
Ըստ էության, ՌԴ նախագահի հայտարարության ամենավտանգավոր ենթատեքստը դա է. առանց Ռուսաստանի թույլտվության Բաքուն չի կարող Երևանի հետ հարաբերություններ կարգավորել։
Բաց մի թողեք
Եթե Սարգսյանն ու Քոչարյանն էին «նորածին երեխայի»՝ ԼՂ-ի ծնողները, ապա ինչո՞ւ այդպես էլ չճանաչեցին իրենց «հայրությունը» կամ «մայրությունը»
«Պոզով-պոչով» այլանդակության մասին հայտնի էր դեռ շատ վաղուց՝ 2,7 միլիարդ դրամ, տասնյակ գույքեր
Բրիտանա-ադրբեջանական էներգետիկ ծրագրերում ինչ-որ «տեղապտույտ» է սկսվել