ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանն օրերս իր հարցազրույցում ուշագավ «ցուցմունքներ» է տվել իր ընտանիքի կուտակած հարստության, իրենց դեմ իրականացվող տեղեկատվական կեղծ ու սուտ արշավի և ամենակարևորը՝ «Առագաստ» սրճարանում տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպի՝ Պողոս Պողոսյանի սպանության գործով։
Նա մասնավորապես հայտարարել է, թե տարիներ շարունակ քոչարյանների մասին հորինված պատմություններով են «լցրել մարդկանց գլուխը», ակնարկելով երևի, թե իրենց ընտանիքը, մասնավորապես հայրը, կյանքում ոչ մի մրջյուն չտրորած, որ մեկի ճանճին «քշա» չասած, ոչ մի առյուծ չսպանած․․․պաշտոնյա է եղել, ընտանիքն էլ՝ մասնավորպես երկու որդիները, արդար քրտինքով հարստացած ու հաջողակ բիզնեսմեններ են։ Ի՜նչ ապօրինի hարստացում, ինչ ապօրինի գույք, ինչ բան։ Եվ ուրեմն, ըստ որդի Քոչարյանի․ «Հիմնական ես ինչ եմ նկատել՝ էն բաները, որոնց համար մեզ կարան չընդունեն, քննադատեն, դրանց 90 տոկոսը, առանց չափազանցության, սուտ բաներն են, կամ՝ ծայրահեղ չափազանցված բաներն են՝ ծայրահե՜ղ չափազանցված, նույն, ասենք, ունեցվածքի հետ կապված, նու, 4 միլիարդը մինիմալ թիվն ա, 4 ու ով արդեն ինչ թիվ ուզում, ասում ա։ Ու նաև որ տեսնում ես՝ էդ ստերը որտեղից են ծնվե՞լ, նույն էդ 4 միլիարդինն օրինակ։ Ռուսական ինչ որ «Ճ» կլասսի թերթում (versia.ru կայքում-խմբ․), հոդված ա հայտնվում ինչ որ՝ մեր ունեցվածքի հետ կապված։ Ու ստեղ արդեն հայկական մամուլը սկսեց, հատկապես «Հայկական ժամանակ»-ը, չեմ հիշում էլ որոնք, սկսեցին դա տարածել, որ՝ տեսեք, իբր սա ռուսական թերթ ա րել, այսինքն՝ դրան ինչ որ արժանահավատություն էին տալիս, ու էնտեղ բազմաթիվ բաներ։ Չգիտեմ՝ յոթ հատ բանկ, օդանավակայան, Պղնձամոլիբդենային կոմբինատ, ի՜նչ ասես։ Հիմա մեր համար էս 18 թվի հեղափոխությունը լավ էր, որտև մենք ինչքան որ հերքում էինք, տեղ չէր հասնում։ Հիմա մարդիկ կան, ինձ ասում են՝ բա ինչի՞ չէիք հերքում։ Հերքում էինք, այ մարդ, լավ, քանի՞ անգամ կարելի ա նույն բանը հերքել։ Դրա համար եկավ իշխանություն և մենք շանս տեսանք սրա մեջ, ասինք՝ այ մարդ, դուք էիք ասում էս ամեն ինչը, գնացեք, ցույց տվեք։ Հիմա էլ ապօրինի գույքով ինչ-որ գործ են սկսել, որտեղ էն, ինչը ասում էին, դրա (ժպտալով-խմբ․) մի 100 անգամ քիչ են ինչ-որ ձևերում փորձում ցույց տալ, 23 միլիարդ դրամի, կարծեմ, պահանջ կա։ Իմիջիայլոց, էն, ինչը գրել են էդտեղ, մենք երբեք չենք հերքել մեր մասնակցությունը էդ ամեն ինչի հետ, ու միշտ էլ նշել ենք, որ դա օրինական ճանապարով ա, մնացած, մնացածը ու դատական պրոցեսներում էդ սաղ արդեն փաստարկված ցույց ենք տալու։ Բայց էն նեգատիվը, ինչ որ կա, մեծ մասամբ, այ էդ սուտ․․․Կամ, չգիտեմ, Հոկտեմբերի 27, հիմար դավադրական ինչ որ տեսություններ, մնացած, մնացած դեպքերը․․․․Նույն «Պապլավոկն» են անընդհատ բան անում, չէ՞, նենց տպավորություն ա՝ վատ բարևեց, ասեցին՝ գնացեք, սպանեք։ Հասկանում եք, այ էս․․․իհարկե, շատ վատ ու ցավալի դեպք ա եղել, բայց դա, մեղմ ասած, էնպես չի եղել, ինչպես որ մարդկանց գլուխն են մտցնում, էլի․․․»։
Փաստորեն, Լևոն Քոչարյանը լավ տեղեկացված է Պողոս Պողոսյանի սպանության հանգամանքներին, մանրամասներին, և, ստացվում է, այսքան տարի անց կարող է լույս սփռել այդ պատմության վրա՝ դառնալով այս գործով արդարադատության իրականացման կարևոր վկա։ Նա, փաստորեն, պնդում է, որ ցավալի դեպքի պատճառը ամենևինն էլ Պողոսյանի՝ «Պրիվետ, Ռոբ»-ը չի եղել, այլ մեկ այլ պատճառ։ Արդ, գուցե առաջիկա աշխատանքային օրը նա այցելի քննչական մարմիններ ու ցուցմո՞ւնք տա այս գործով՝ հայրիկին ազատելով «մարդասպանության հրարիչի»՝ տարիներ շարունակ իրեն հետապնդող ուրվականից։ Այս սրճարանն, ի դեպ, հիշյալ միջադեպից հետո դարձել է տխրահռչակ, և երբ մարդիկ «Պապլավոկ» էին ասում, միանգամից հիշում էին տեղի ունեցած սահմռկեցուցիչ միջադեպը։
Հիշեցնենք՝ խոսքը 2001 թ․ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի և Պողոսյանի միջև «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին է, որի հետևանքով Պողոսյանը մահացել էր, Ա․ Հարությունյանն էլ մեղավոր ճանաչվել հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար: Դատարանը հաստատված է համարել, որ նշված սրճարանի զուգարանում Հարությունյանի և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողող Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, ինչի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով։ 2020-ի հուլիսին Վերաքննիչ քրեական դատարանը Գլխավոր դատախազության բողոքի հիման վրա բեկանել էր շուրջ 20 տարի առաջ Երևանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործն ու այն ուղարկել նոր քննության։
Դեպքի վերաբերյալ դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել միջադեպի ականատես, վկա Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչները: Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին: Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ առերևույթ ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձը առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, ինչի համար դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության մասին:
Հ․ Մանուկյան
Բաց մի թողեք
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից էժան գներով հողեր օտարել. Լուսանկար
Ալիևի դուստրերը 6 շքեղ բնակարանների սեփականատերեր Լոնդոնում՝ Հայդ Պարկի հարևանությամբ. OCCRP. Լուսանկար
Շիրմաքարեր պատրաստելու պատրվակով զոհված զինծառայող եղբայրների ծնողից հափշտակել է խոշոր չափի գումար