Ոստիկանության հաշվառման-քննական բաժանմունքներում բառի բուն իմաստով անկազմակերպ և անկանոն վիճակ է, այլ կերպ ասած՝ «բառդակ»։
mediahub.am – Բանն այն է, որ քաղաքացիները, որոնք գնում են վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննություն հանձնելու, միայն տեսական քննությունն է, որ հանձնում են օրենքով նախատեսված չափանիշներին համապատասխան՝ պատշաճ կահավորված դասասենյակներում, և հիմնականում կոռուպցիոն ռիսկերից զերծ։ Իսկ, ահա, գործնական քննությունն անցնում է չափանիշների տոտալ ոտնահարմամբ՝ լի կոռուպցիոն ռիսկերով։
Քաղաքացին, որը վճարում է 12 հազար դրամ, որ գործնական քննություն հանձնի, պետք է այդ քննությունը հանձնի ոստիկանության տրամադրած ավտոմեքենայով, որը պետք է համապատասպանի անվտանգության չափանիշներին և լինի արգելակման լրացուցիչ ոտնակով, ինչպես նաև տեսախցիկով կահավորված։ Բայց մեր հաշվառման-քննական բաժանմունքներում, նախ, չկան այդպիսի մեքենաներ, եղածներն էլ արդեն ֆիզիկապես ու բարոյապես մաշված են, մի մասն էլ՝ բառացիորեն խափանված և շահագործման համար ոչ պիտանի։
Արդյունքում, շատ դեպքերում ոստիկանությունը քաղաքացիներից պահանջում է, որ իրենք իրենց անձնական մեքենաներով գան քննություն հանձնելու, ինչն իրենից լրացուցիչ ռիսկեր և քաղաքացու համար՝ լրացուցիչ ծախս է առաջացնում, որովհետև շատերը կա՛մ ստիպված են իրենց ծանոթ-բարեկամի մեքենան վառելիքով լիցքավորել և դրանով քննություն հանձնելու, կա՛մ դիմում են ավտոդպրոցներին՝ վճարելով միջինում 5000 դրամ, որ ավտոդպրոցի մեքենայով գնան քննություն հանձնելու։ Ստացվում է՝ 13 հազար դրամ պետտուրքից բացի քաղաքացին մի հատ էլ 5000 դրամ է վճարում, որ ավտոդպրոցից մեքենա տրամադրեն իրեն գործնական քննության համար։ Իսկ եթե իր ծանոթի մեքենայով է գնում քննություն հանձնելու, դա էլ իր հերթին անվտանգության խնդիր կարող է առաջացնել, քանզի մասնավոր անձանց մեքենաները կահավորված չեն լրացուցիչ արգելակներով։
MediaHub-ը փորձեց այս հարցերի շուրջ մեկնաբանություն ստանալ Ոստիկանության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանից, թե ինչպե՞ս կբացատրի ստեղծված իրավիճակը։ Պարոն Թևոսյանը մի որոշ ժամանակ ճշտումներ անելուց հետո բավականին դժվարությամբ, իր առջև դրված ինչ-որ տեղեկանքներ ընթերցելով և կողքից հուշումներով փորձեց բացատրել իրավիճակը՝ փաստացի չհերքելով, որ ունեն խնդիր, բայց չկարողացավ ասել, թե այդ խնդիրը ինչպես և երբ են պատրաստվում լուծել, և ինչո՞վ են երաշխավորում այսօրվա իրավիճակում կոռուպցիոն ռիսկերի բացառումը։
Նախ ասաց, որ հանրապետության ամբողջ տարածքում կա 11 հաշվառման-քննական ստորաբաժանում, որոնցում միասին կա ընդամենը 34 քննական մեքենա, դրանցից երկուսը՝ կցորդիչով, որոնցից մեկը Կոտայքի մարզում է, մյուսը՝ Երևանում։ Այս երկու տեղերում նաև ունեն E կարգի համար նախատեսված գործնական քննության ավտոբուսներ։
«Այս պահի դրությամբ այդ 34-ից 3 տրանսպորտային միջոց կա, որ անսարք է, այսինքն՝ սարքման փուլում են, դրանցից մեկը ավտոբուսն է, որը մոտ օրերս կվերանորոգենք»,- ասաց Արարատ Թևոսյանը։
Հարցին՝ բավարարո՞ւմ են այդ մեքենաները հոսքը, Թևոսյանն ասաց՝ ոչ, և հիմա միջոցներ են ձեռնարկում մեքենաները հետագայում համալրելու ուղղությամբ։ Բայց չկարողացավ ասել՝ երբ են պատրաստվում համալրել, ինչ միջոցներ են ձեռնարկում․ «Ընթացքի մեջ է, էդ հարցին հստակ չեմ կարող պատասխանել»։
Հարցրեցինք՝ կառավարությունը հետաքրքրվա՞ծ է այս հարցով, և կա՞ն, օրինակ, մասնավոր անձինք, կազմակերպություններ, որոնք առաջարկել են պայմանագիր կնքել ոստիկանության հետ, համապատասխան կահավորանքով նոր մեքենաներ բերեն և աութսորսի ձևաչափով ծառայություն մատուցեն պետությանը, եթե պետությունն ինքը չի կարողանում լուծել այս հարցը, ոստիկանության պաշտոնյան ասաց․ «Այո, կառավարությունը հետաքրքրված է, մենք էլ մեր բոլոր միջոցները կներդնենք, որպեսզի փորձենք շուտափույթ համալրել»։
Ինչ վերաբերում է մասնավորի կողմից առաջարկներին, Թևոսյանը այս հարցին ևս չկարողացավ պատասխանել՝ նշելով միայն, թե այդ հարցը գնումների մասին օրենքով է կարգավորվում։
Երբ նկատեցինք, որ գործնական քննության ժամանակ հաճախ քաղաքացուց պահանջում են, որ ինքը գնա և մեքենա բերի գործնական վարման համար, Թևոսյանն ընդունեց, որ կա նման բան՝ նշելով, որ բոլոր նմանատիպ դեպքերում քաղաքացու բերած մեքենան պետք է համապատասխանի գործնական վարման պահանջներին, այլ պարագայում ոստիկանությունը, իբրև թե, չի ընդունում մեքենան։ Բայց մենք նշեցինք, որ լինում են դեպքեր, երբ այլ՝ գործնական չափանիշներին չհամապատասխանող մեքենա է բերում քաղաքացին, որ քննություն հանձնի, և քննությունն ընդունող տեսուչը ընդունում է այդ մեքենան:
Թևոսյանն այստեղ դարձյալ օրենքից ինչ-որ հղումներ կարդաց, հետո խնդրեց, որ այլևս հարցազրույցը չշարունակենք․ «Պարոն Մակարյան, կներեք, էլի, Դուք երկու հարց էիք ուզում, ես պատասխանեցի։ Եթե ուրիշ հարցեր ունեք, գրավոր գրեք, կպատասխանենք Ձեր հարցին»։
Մի քիչ էլ պնդելուց հետո Արարատ Թևոսյանը հիշեց միջազգային փորձը՝ նշելով, որ ԱՄՆ-ում էլ, օրինակ, վարորդական իրավունքի համար քննություն հանձնողը կարող է իր մեքենայով հանձնել քննությունը, բայց այդպես էլ չկարողացավ բացատրել, և իրենք, իբրև թե, այդպիսի պարտականություն չունեն, որ պետք է անպայման ոստիկանության հատուկ կահավորված մեքենա տրամադրեն քաղաքացուն գործնական քննության համար։
«Տենց պարտականություն չկա, որտե՞ղ ա գրած»,- ասաց Թևոսյանը՝ չկարողանալով բացատրել, թե ինչպե՞ս են, այդ դեպքում, բացառում կոռուպցիոն ռիսկերը կամ տեսուչի կողմից կամայականությունը մասնավոր մեքենայում և երաշխավորում գործնական վարման անվտանգությունը, երբ մեքենան պատշաճ կահավորված չէ։
Այսքանով հանդերձ՝ Արարատ Թևոսյանը նաև հիշեց, որ կառավարությունը մինչև 2027 թվականը իրենց ժամանակ է տվել, որ իրենց բոլոր տարածքային ստորաբաժանումները կահավորեն համապատասխան տրանսպորտային միջոցներով։
«Ու նաև տվյալ տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն համապատասխան ոտնակներով, կամերաներով, և էդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են»,- ասաց Թևոսյանը՝ նորից չկարողանալով ասել, թե կոնկրետ ինչ աշխատանքներ են տանում։
Այսպիսով, Արարատ Թևոսյանն ընդունեց, որ կառավարության որոշմամբ էլ՝ գործնական քննության մեքենաները պետք է կահավորված լինեն համապատասխան արգելաակման ոտնակներով, այսինքն՝ դա պարտադիր պայման է, և այդ մեքենաները պետք է ոստիկանությունն ինքը տրամադրի քննություն հանձնողներին, ոչ թե քաղաքացին ինքը պետք է իր հետ մեքենա բերի, որը կարող է և պատշաճ կահավորված չլինել։ Բայց հիմա այդպես բարձիթողի վիճակում են անցկացնում քննությունները, որոնք հղի են կոռուպցիոն ռիսկերով և վտանգներով։
Վահե Մակարյան; mediahub.am
Բաց մի թողեք
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան
Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ. Լուսանկար