«Հիմնական թեզն այն է, որ Հայաստանին կամ անձամբ ինձ ներքաղաքական նկատառումներով պետք է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, մինչդեռ ցանկացած շատ թե քիչ որակավորված կամ նույնիսկ չորակավորված դիտորդը կարող է տեսնել, որ ընդհակառակը՝ հենց ներքաղաքական նկատառումներով մեզ՝ կառավարող թիմին, և կոնկրետ ինձ, ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն»:
Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որի՝ ՀՀ-ն նոր պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի դեմ:
«Հրապարակումները ցույց են տալիս, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելով: Մեր արձագանքը պետք է լինի հետևյալը՝ չտրվել որևէ սադրանքի և անհոգնել պարզաբանել մեր դիրքորոշումը: Նախ մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք, որովհետև, ըստ էության, մենք քաղաքական մակարդակում ինչ-որ առումով նաև ևս մի իրավական քայլ ենք արել և փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և նույնիսկ մեր ԱԺ-ն վավերացրել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, և առաջիկայում մենք պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք փոխադարձ համաձայնությամբ հաջորդ հատվածում: Այս առումով ուզում եմ ընդգծել, որ բացառում եմ ուղղակի որևէ գործողություն ՀՀ-ի կողմից, որը նպատակամղված կլինի տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելուն»,- ասաց նա:
Այս համատեքստում Փաշինյանը նաև ընդգծեց՝ ՀՀ տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է, բայց հայկական կողմը հայտարարում է, որ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր օրակարգում չկա, քանի որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը և սահմանազատման գործընթացը հնարավորություն են տալիս այդ բոլոր հարցերը լուծել բանակցային, իրավական հիմքի վրա: «Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, և ՀՀ-ն ռազմական խնդիրներ այդ առումով որևէ հարևանի նկատմամբ չունի, և մենք բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչել ենք և ճանաչում ենք:
Ես հույս ունեմ, որ մենք կակտիվացնենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, որովհետև աշխատանքի, ըստ էության, 90 տոկոսն արված է, մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պայմանագիր»,- ասաց նա և, եզրափակելով ասաց՝ իր գնահատականն այն է, որ տարածաշրջանում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա:
Փոխարենը՝ Ադրբեջանական պրոպագանդան շարունակում է հետևողականորեն գեներացնել «հայկակյան ռևանշի» կազմակերպման «թեզը», Հայաստանի իշխանությանը մեղադրելով ռազմական գործողության «ծածուկ» նախապատրաստման համար:
Ադրբեջանցիներն այդ «թեզն» առաջ տանելու համար օգտագործում են գրեթե ցանկացած առիթ, անկախ դրա հիմնավորվածությունից: Հետևողականությունը վկայում է, որ արշավը պարզապես մեդիական չէ, այլ՝ պետական:
Ադրբեջանը նոյեմբերին հայտարարեց, որ զբաղված է Կլիմայի գագաթնաժողովի հետ կապված հարցերով և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցության նոր փուլ կլինի դեկտեմբերին կամ հունվարին, երբ ավարտեն Cop29-ով պայմանավորված զբաղվածությունը: Գործնականում սակայն, այդ զբաղվածություն ասվածը թերևս Ադրբեջանի համար դադարի պատրվակ էր:
Դրա մասին է վկայում և այն, որ փաստորեն այդ շրջանակում չեղավ համաձայնություն Հայաստանի մասնակցության շուրջ, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանն ըստ ամենայնի Հայաստանի առաջ դրել է քաղաքական պայմաններ, այդ կերպ նաև ձախողելով գերիների հարցում մարդասիրական պայմանավորվածության հնարավորությունը:
Համենայն դեպս, հարց է առաջանում, թե ինչու՞ չեղավ այդպիսի համաձայնություն, այն պարագայում, երբ մեկ տարի առաջ հենց նմանօրինակ համաձայյնության շնորհիվ էր, որ Ադրբեջանը ստացավ Cop29 անցկացնելու հնարավորություն:
Այստեղ սակայն ուշադրոության է արժանի այն, որ Հայաստանի մասնակցության հարցում համաձայնության բացակայությունը որևէ կերպ չի «հուզել» հայ-ադրբեջանական խաղաղությամբ շահագրգռություն արտահայտող որևէ միջազգային դերակատարի:
Չի արտահայտվել որևէ ափսոսանք, որ չհաջողվեց զարգացնել մեկ տարի առաջ ձեռք բերած պայմանավորվածությունն ու ապահովել Հայաստանի մասնակցություն: Այդ «լռությունը» կամ «անտարբերությունը» իրապես զարմանալի է:
Պակաս զարմանալի չէ եւ այն, որ Երևանն էլ իր հերթին բավականին լուռ է այդ թեմայի առնչությամբ: Արդյոք դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կա մտավախություն, որ Ադրբեջանը կարող է այդ առիթով որևէ խոսակցություն օգտագործել բանակցության չվերադառնալը այսպես ասած «լեգիտիմացնելու» համար: Առայժմ Բաքուն կարծես թե փորձում է դա «լեգիտիմացնել» պրոպագանդիստական դաշտում:
Բաց մի թողեք
Այս ուր եք իջել, ով եք դուք․ ինչ օրակարգեր ու մարտահրավերներ են Հայաստանի առաջ այսօր
Ի՞նչն է պատճառը, որ Փաշինյանի համար անցանկալի է դարձել լինել մի տեղ, որտեղ է նաև Իլհամ Ալիևը
Փաշինյանն ինչո՞ւ որոշեց հանկարծ սրել արցախյան բանակցության թեման