27/12/2024

Ինչ է հայտարարագրել Արմավիրի նորնշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանը. Լուսանկար

«Հեղափոխության ժամանակահատվածում «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ում մենեջեր աշխատած Արգիշտի Մեխակյանը 6 տարի անց դարձավ ՀՀ Արմավիրի մարզի մարզպետ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 26-ին ՔՊ-ի կողմից Արմավիրի մարզպետ առաջադրված Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը երեկ Կառավարության որոշմամբ ընտրվեց Արմավիրի մարզպետ։

Մեխակյանը 2007 թվականից աշխատել է տարբեր գերատեսչություններում։ Սկզբում աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում՝ որպես վերահսկողության բաժնի երկրորդ կարգի մասնագետ, 2008-2010 թվականներին՝ Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ, 2010-2014 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի օգնական եւ այդպես շարունակ։ Իսկ 2017-2018 թվականներին՝ հեղափոխության ժամանակ, եղել է «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ի մենեջեր։ Հաղթական «թավշյա հեղափոխությունից» հետո Մեխակյանը միանգամից 2018 թվականի օգոստոսից միչեւ 2019 թվականի հունվար զբաղեցրեց Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Մեխակյանը եղել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ մինչ մարզպետ դառնալը եղել է Խոյ համայնքի համայնքապետ։

Արգիշտի Մեխակյանը 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիր ներկայացրել է որպես Խոյի համայնքապետ։ Հայտարարագրի համաձայն՝ Մեխակյանն ունի մեկ անհատական բնակելի տուն Վաղարշապատ համայնքում, որը ձեռք է բերել 2014 թվականին։ Հայտարարագրել է մեկ Toyota մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին։ Կանխիկ դրամական միջոցները, նախորդ տարվա հետ համեմատած, նվազել են 100 հազար դրամով՝ 1 մլն դրամից դարձել են 900 հազար դրամ։

Արգիշտի Մեխակյանի՝ 2023 թվականի տարեկան եկամուտները կազմել են 17 մլն 358 հազար դրամ, որից 6 մլն 43 հազարը աշխատանքի վարձատրություն է Խոյի համայնքապետարանի աշխատակազմից։

Եկամուտների 1 մլն 45 հազարը ապահովագրական փոխհատուցում է, իսկ մյուս մասը՝ 10 մլն դրամը, վարկեր են «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ից եւ «Ակբա» բանկից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլն 627 հազար դրամ, որը բնակելի տան հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Մեխակյանը անշարժ գույքի վերանորոգման համար կատարել է 9 մլն դրամ ծախս։

Արգիշտի Մեխակյանը «Երկրապահ Կամավորականների Միություն» ՀԿ վարչության, նաեւ ՔՊ կուսակցության անդամ է»:

***

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանին։

Նախարարը շնորհավորել է Մեխակյանին՝ ընդգծել, որ նա ծանոթ է մարզին, մարզի խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները, լուծել իր առջև դրված խնդիրները։

Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը վստահության համար։

Մեխակյանը նշել է, որ կարվի առավելագույնը մարզում սահմանված աշխատանքների բարձր նշաձողը պահելու և, ինչու չէ, նաև այն գերազանցելու համար։

Ինչ է հայտարարագրել Արմավիրի նորնշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանը. «Ժողովուրդ»