Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը հիմնականում քննարկվում է քաղաքական օրակարգում, սակայն այս հարցով նաև իրավական պահանջներ են ներկայացվել միջազգային ատյաններում։
Այս մասին հայտարարեց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, Հայաստանի կողմից գերիների վերադարձի հարցը բարձրացվել է թե՛ Արդարադատության միջազգային դատարանում, թե՛ Եվրոպական դատարանում, սակայն այդ ատյանները գտել են, որ հարցը դուրս է իրենց իրավասությունից։
«Ցավոք, գերիների վերադարձի հարցը ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է, բայց իրավական դաշտում դրա վերաբերյալ պահանջ ներկայացրել ենք՝ թե՛Արդարդատության միջազգային դատարանում, թե՛ Եվրոպական դատարանում։ Ցավոք, միջազգային դատարանները համարել են, որ այդ հարցը իրենց անմիջական առարկայական իրավասությունից դուրս է»,- ասաց Կիրակոսյանը։
Կիրակոսյանի խոսքով՝ իրավական գործընթացները հիմնականում ուղղված են գերիների նկատմամբ իրավական երաշխիքների ապահովմանը, մինչդեռ նրանց վերադարձի հարցն ավելի շատ լուծվում է քաղաքական հարթակում։
Հայաստանն այս պահին միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու որոշում չունի։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այն հայտարարության վերաբերյալ, որ ինչ-որ փուլում փոխադարձ հայցերի հետկանչի հարց կարող է քննարկվել։
«Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետև կստացվի, որ կմեկնաբանեմ։ Ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ մեկնաբանություններից։ Այս պահին նման հարց չկա դրված։ Շարունակվում է մեր հայցերի քննությունը, շարունակվում են ընթացակարգային քայլերը, որոնք անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար»,- նշեց Կիրակոսյանը։
Նա հավելեց, որ այս պահին Ադրբեջանը Հայաստանին առնչվող հայցեր ունի երկու միջազգային ատյաններում՝ ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում, ինչպես նաև կա արբիտրաժային գործընթաց։
«Այս պահի դրությամբ նոր հայց Ադրբեջանի կողմից չկա ներկայացված»,- եզրափակեց Կիրակոսյանը։
Բաց մի թողեք
Մեր շուրջ «քիչ ավելի հեռու» կատարվում են զարգացումներ, որոնք մեզ համար ևս կարող են ունենալ նշանակալի ազդեցություն․ Բադալյան
Հայկական բանակցային ֆոնդը զրկվում է բովանդակությունից և սպառվում․ Մարուքյան
Փաշինյանը կօգնի Ալիեւին վերջնականապես փոխել ԼՂ հիմնահարցի էությունը. Ադրբեջանագետ