Ադրբեջանի «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը հրավիրել է մեջլիսի նիստ: Ֆորմալ առումով այն նվիրված է եղել հունվարի վերջին սպասվող մունիցիպալ ընտրություններին: Կուսակցությունը որոշել է շրջանային կառույցներին արտոնել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններում թեկնածուներ առաջադրեն:
Ադրբեջանում տեղական ինքնակառավարումը ձևական բնույթ է կրում: Խոշոր քաղաքները կառավարվում են նախագահի հրամանագրով նշանակված պաշտոնյաների կողմից, իսկ գյուղական համայնքները՝ շրջանի վարչական ղեկավարի լիազոր ներկայացուցիչների: Մունիցիպալ ընտրություններ օրենքով պետք է անցկացվեին նոյեմբերին: Կապված Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովի անցկացման հետ՝ դրանք հետաձգվել են:
«Մուսավաթի» մեջլիսի մասին պաշտոնական հաղորդագրությունից դատելով, ընդդիմադիր կուսակցությունը հիմնականում կենտրոնացել է Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակի վրա և առաջին անգամ հրապարակայնացրել, որ «ավելի քան 300 անձ քաղաքական այլակարծության պատճառով գտնվում է անազատության մեջ»: «Մուսավաթը» նաև առաջին անգամ օգտագործել է «բռնաճնշումներ» բնորոշումը:
«Ամեն անգամ, մանավանդ տոներից առաջ, հանրության մեջ հույս է արթնանում, որ քաղաքական այլակարծության պատճառով անազատության մեջ պահվող անձանց նկատմամբ իշխանությունը համաներում կկիրառի, բայց փոխարենն ականատես ենք դառնում նոր բռնությունների»,- ասված է «Մուսավաթի» տարածած հայտարարության տեքստում, որ փոխանցել է «Թուրան» գործակալությունը»:
Ընդդիմադիր կուսակցությունը կոչ է անում դեկտեմբերի 31-ի «ամբողջ աշխարհի ադրբեջանցիների համերաշխության տոնին ընդառաջ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել, դադարեցնել քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների նկատմամբ հետապնդումը, կարճել հարուցված գործերը»:
«Մուսավաթի» հայտարարությունն ավարտվում է չափազանց ուշագրավ ձևակերպումներով. կուսակցությունն իշխանություններին հորդորում է «ամեն ինչ անել՝ վերականգնելու հանրային համերաշխությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները»:
Ակնարկն, ակնհայտորեն, վերաբերում է Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալմանը, ինչպես նաև Վրաստանի ներքաղաքական ճգնաժամին, որի հանգուցալուծման մասին ոչ ոք որևէ կանխատեսում անել չի կարող:
Ըստ էության Ադրբեջանի առաջին քաղաքական ուժը, որ ԽՍՀՄ փլուզման տարիներին կառավարող կոալիցիայի մաս էր, արձանագրում է, որ իշխանությունների բռնապետական քաղաքականության պատճառով չկա հանրային համերաշխություն: Սա շատ լուրջ, ենթատեքստային և տարողունակ արձանագրում է:
Անցած ապրիլին «Մուսավաթի» առաջնորդ է վերընտրվել Իսա Գամբարը: Նա ամբիցիոզ քաղաքական դեմք է, ժամանակին զբաղեցրել է Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը: 1993 հունիսի 15-ին հրաժարական է տվել՝ ճանապարհ հարթելով, որ Հեյդար Ալիևը վերադառնա իշխանության:
Ստեղծված իրավիճակում, իհարկե, Գամբարն այն դեմքը չէ, որ կարող է կամ կցանկանա ընդդիմադիր շարժում գլխավորել: Էականը քաղաքացիական դիմակայության մասին ակնարկն է, որի հաղթահարման համար նա առաջարկում է քաղբանտարկյալներին ազատ արձակել:
Իշխանությունը մինչդեռ առաջնորդվում է այն սկզբունքով, որ ինքն անվտանգ է, եթե հակառակորդները բանտում են, նախնական կալանքի վայրում կամ ֆորմալ ազատության մեջ են, բայց շուրջօրյա վերահսկողության ներքո:
Բաքվում ներքաղաքական սուր դիմակայությունը կբացահայտվի՞: Չափազանց ուշագրավ է, որ մեկ շաբաթվա ընթացքում Բաքվում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանը երկու անգամ Ադրբեջանի իշխանություններին խստագույն քննադատել է և կոչ արել, որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն:

Բաց մի թողեք
«Կույր կետեր». Մայիսյան անօդաչու թռչող սարքերի մասին տագնապը ընդգծում է լիտվացիների համար օդային հարձակման ապաստարանների վատ հասանելիությունը
Ալբանիայում շարունակվում են Թրամփի ընտանիքի հետ կապված հանգստավայրի դեմ բողոքի ցույցերը
Մագյարը պնդում է, որ Ուկրաինայի հետ կնքված փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ համաձայնագիրը կվերացնի ԵՄ անդամակցության վետոն