12/12/2024

Այս պահին Գյումրիում ՔՊ-ն անօրինական քարոզչությամբ է զբաղված․ Գևորգյան

«Հրապարակի» զրուցակիցը Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գեւորգյանն է:

– Գյումրիում ՔՊ-ն փրայմերիզ կոչվող մեխանիզմով քաղաքապետի նախնական ընտրություն է իրականացնում` 7 թեկնածու է առաջադրել: Երիտասարդներն այցելում են տներ եւ մարդկանց առաջարկում այդ 7-ից 1-ին ընտրել: Ձեր բնակարան այցելե՞լ են: Ի՞նչ կարծիք ունեք նախնական ընտրության եւ ՔՊ-ի թեկնածուների մասին:

– Նախ ասեմ, որ իմ տուն չեն այցելել եւ, հավանաբար, չեն էլ այցելի, որովհետեւ ես հայտնել եմ, որ այս իշխանության վարած քաղաքականությունը չեմ համարում ճիշտ եւ չեմ կիսում այդ խմբի տեսակետները: Այն մարդիկ, ովքեր 2018-ին Գյումրիում խանդավառված էին Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու հանգամանքով, իշխանափոխությամբ, այսօր լուրջ հարցադրումներ են անում, ասում են` բազմաթիվ խնդիրներ ունենք, սակայն ոչ մի լուծում չի առաջարկվում: Գյումրիում մարդկանց խնդիրը, 1988-ից սկսած, սոցիալական էր, այսօրվա գյումրեցու խնդիրները փոխվել են, այլեւս միայն սոցիալական չեն, այսօրվա գյումրեցու խնդիրը Գյումրի քաղաքի զարգացման, քաղաքում ներդրումներ անելու հեռանկարի բացակայության մասին է: Անվտանգությունը եւս շատ կարեւոր է, գյումրեցին ունի անվտանգության հետ կապված խնդիրներ նաեւ: Մարդիկ այստեղ բիզնես չեն սկսում, որովհետեւ վստահ չեն, որ այն պահպանվելու է:

– Ինչո՞ւ:

– Երբ մենք ասում ենք Գյումրի, պետք է հիշենք, թե այն քանի կիլոմենտր հեռավորության վրա է գտնվում Թուրքիայից: Գյումրին Թուրքիայի սահմանակիցն է: Սա շատ կարեւոր խնդիր է: Եվ հետո՝ մարդիկ տեսել են իշխանության թեկնածուներին, պատգամավորներին: Գյումրեցին շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում իշխանության կողմից նշանակված քաղաքապետ: Օրվա իշխանության հետ չկա լոյալություն: Փաստացի այն, ինչ խոստացվել էր Գյումրու մասով 2019-ին` բյուջեով 4,5 միլիարդ դրամի բնակարանաշինություն էին իբրեւ ցանկանում նախատեսել, սակայն ոչինչ չիրականացվեց: Սրան էլ գումարած՝ պատերազմից հետո գոնե, երբ Արցախին էլ գումար չէին տրամադրում, պետք է ապաստարանների հարց լուծեին, սակայն դա էլ չարվեց: Ինչ-որ չնչին բաներ արեցին, ու վերջ: Գյումրեցին տեսնում է, որ այսօր չկա Արցախը, այն ժամանակ սոված էին մարդիկ, բայց ասում էին` Արցախ ենք պահում, Արցախի խնդիր ենք լուծում, հեռանկար կար, բայց այսօր ոչինչ չկա: Մարդիկ չունեն վստահություն այսօրվա իշխանության հանդեպ: Ինչ վերաբերում է այդ փրայմերիզին, ապա նախ ասեմ, որ այն օտար բառ է, որը ոչ մի կապ չունի Գյումրու եւ գյումրեցու մենթալիտետի հետ: Բնականաբար, երբ գնում ես, մարդկանց ասում ես` բարեւ ձեզ, փրայմերիզ ենք անելու, մարդիկ զարմանում են, չգիտեն, թե դա ինչ է: Մինչեւ հիմա մարդիկ էդպես էլ նորմալ չեն հասկացել` քաղաքապե՞տ են ընտրում, թե՞ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Երկու դեպքում էլ հարց է ծագում` ինչո՞ւ են միայն իշխանության ներկայացուցիչների մասին այսքան շատ խոսում: Այս ամենը մի այլ կարգի շիլաշփոթ է ստեղծել: Այս նախնական ընտրությամբ ՔՊ-ն չի կարողանալու արտացոլել այն իրական պատկերը, որը կա Գյումրիում: ՔՊ-ի թեկնածուները շատ ակտիվ են, բայց անգամ այդ ակտիվությունը չի ունենալու դրական էֆեկտ` իրենց համար, քանի որ Գյումրիում տրամադրություններն այլ են:

– Ճանաչո՞ւմ եք ՔՊ-ի այդ 7 թեկնածուներին: Ոմանք ասում են, որ նրանք հիմնականում անծանոթ են գյումրեցիներին:

– 7-ից երեքին գիտեմ միայն: Բայց մյուսներին չեմ ճանաչում, գուցե երիտասարդ, կյանքի նոր ուղի մտնող մարդիկ են, այդ է պատճառը, որ չեմ ճանաչում: Այո, մարդիկ նրանց չեն ճանաչում, մեծ հաշվով: Քաղաքական եւ կառավարման իմաստներով նրանք ներկայանալի չեն:

– Երբ տնետուն են գնում, մարդկանց ներկայացնում են ՔՊ-ի 7 թեկնածուներին, չկա՞ մտավախություն, որ այդ փրայմերիզը կունենա իր ազդեցությունը` մարդկանց ուղեղում բացառապես ՔՊ-ականներին դաջելու առումով, ընտրությունների ժամանակ: Այսինքն` անօրինական քարոզչություն է ընթանում:

– Սահմանվել է անհամաչափ քարոզարշավ: «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր բացահայտ քարոզարշավ է սկսել: Ես պնդում եմ, որ սա նախընտրական քարոզարշավ է: ՔՊ-ն անում է այն, ինչից զրկված են ընդդիմադիր ուժերը, մարդիկ, ովքեր թիմ ունեն, ուզում են թեկնածություն առաջադրել: Բայց գիտեք՝ այս ամենի մեջ մի հարց է կարեւոր․ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ուզում է այս պահին իշխանություն ունենալ Գյումրիում: Ինձ թվում է՝ նա ժամանակավոր պաշտոնակատարին դեռ երկար կպահի, մինչեւ որ համայնքային եւ վարչական ռեսուրսները դառնան տիրապետելի: Այս պահին ոչնչի նրանք չեն տիրապետում Գյումրիում, եւ կա խնդիր՝ վարչական ռեսուրս ձեւավորելու: Ընտրությունները պետք է լինեն հենց այդ ամենի հենքի վրա: Եվ հետո, եթե այսօր մարդիկ փրայմերիզի շրջանակում ընտրեն այդ յոթից մեկին, չի նշանակում, որ իրական ընտրության օրը հենց այդ յոթից մեկին են ընտրելու: Մարդիկ գուցե մտածեն եւ հասկանան, որ ՔՊ-ին ձայն տալ պետք չէ: Այս պահին ծափ տվողն ու պարողը միայն ՔՊ-ն է, բայց հարց է առաջանում՝ եթե այլ թեկնածուներ գան ասպարեզ, ո՞վ կհաղթի: Ես ասել եմ ու չեմ դադարի ասել` Գյումրին սեւ արկղ է, այն այդքան հեշտ կառավարվող քաղաք չէ: Մանավանդ որ այս պահին աշխարհաքաղաքական լուրջ զարգացումներ են տեղի ունենում: Մի շարք լուրջ խնդիրներ են առաջ գալիս, եւ միանշանակ չէ ոչինչ: Գյումրին ղեկավարել՝ չի նշանակում միայն աղբի ու տրանսպորտի հարց լուծել: Քաղաքական գործոնը եւս գյումրեցի ընտրողի համար շատ կարեւոր է:

Եթե Ձեր դուռը թակեն եւ առաջարկեն մասնակցել փրայմերիզին, ի՞նչ կանեք:

– Քանի որ ես չեմ կիսում օրվա իշխանության տեսակետները, շատ գեղեցիկ ձեւով իմ տուն կհրավիրեմ երիտասարդներին, թեյ, սուրճ կհյուրասիրեմ, կլսեմ նրանց, բայց չեմ մասնակցի ոչ մի փրայմերիզի: