Սիրիայում «ապստամբական ուժերի» հաջողությունը վերագրվում է Թուրքիային: Իշխող տեսակետ է, որ Անկարան ապտակ հասցրեց Մոսկվային և Թեհրանին:
Թուրքական մամուլը հայտնում է, որ սիրիացի տասնյակ հազարավոր փախստականներ սկսել են հայրենիք վերադառնալ: Փաստացի, սակայն, այդ «մեծ վերադարձը» թուրքական իշխանությունների նախաձեռնությունն է: Լրատվամիջոցներից մեկն այդ առթիվ արտգործնախարար Հաքան Ֆիդանի մանվածապատ խոսքը ձևակերպել է հստակ և կոնկրետ. «Հյուրն ընդունելի է, բայց նրա տեղն իր տունն է»:
Թուրքիան, երևում է, արդեն ավելի քան տասը տարի իր տարածքում բնակվող սիրիացիներին վերադարձնում է հայրենիք, որպեսզի քաղաքական հնարավոր գործընթացներում լրացուցիչ ռեսուրս ունենա: Ապստամբական ուժերը հայտարարել են, որ Սիրիան կլինի ժողովրդավարական միասնական, բազմամշակութային երկիր՝ ինկլյուզիվ կառավարությամբ, որտեղ ներկայացված կլինեն բոլոր փոքրամասնությունները:
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները, սակայն, ոչ միայն սուննի իսլամադավան «ապստամբների» անկեղծությանն են կասկածում, այլև նրանց հետ կոալիցիա կազմելու՝ սիրիական երկու համայնքների՝ ալավիների և քրդերի, ցանկությանը: Ընդ որում՝ փորձագետներն այդ հավանականությունը հիմնավորում են ալավիաբնակ շրջաններում Ռուսաստանի, իսկ քրդական վերահսկողության գոտում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությամբ:
Ըստ էության՝ առաջին տպավորությունը, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ բանակցություններ է վարում Սիրիայից իր զորախումբն անվտանգ դուրս բերելու համար, ոչ մի փաստական հիմք չունեն: «Ապստամբական ուժերը» ռուսական ռազմաբազաների ուղղությամբ ոչ մի քայլ չեն ձեռնարկել: Վերջին տեղեկությունների համաձայն՝ քրդական փաստացի ինքնավարության գոտում նույնպես բախումներ չեն արձանագրվել: Ավելին, սահմանակից գոտում ամերիկյան օդուժը մի շարք թիրախներ է խոցել: Պաշտոնական հիմնավորումն այն է, որ Իսլամական պետությունը կարող է առիթն օգտագործել և կրկին իրեն իշխանություն հայտարարել:
Ասադի վարչախմբի տապալումը, Սիրիայից Իրանի պրոքսի խմբավորումների հեռացումն, իհարկե, Թուրքիայի համար Մերձավոր Արևելքում ազդեցիկ դերակատար լինելու հնարավորութոյւն է, բայց «սիրիական մահակը երկու ծայր ունի»: Անկարայի գերխնդիրը Սիրիայում քրդական իքնավար շրջանի կլանումն է: Բայց որքանո՞վ է դա հասանելի նպատակ, երբ դրվում է ժողովրդավար, բազմադավան և բազմամշակութային Սիրիա կառուցելու առաջնահերթություն:
Քաղաքականության »շնաձկները», իհարկե, ոչ զգացմունքներով են առաջնորդվում, ոչ բարոյական նորմերով, բայց ո՞վ է երաշխավորում, որ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական փաստացի ինքնավարության լուծարումը ձեռնտու է շահագրգիռ և ներգրավված բոլոր կողմերին: Մինչ այս պահը քրդերն օգտվել են Միացյալ Նահանգների քաղաքական, ռազմական, տնտեսական, լոգիստիկ աջակցությունից:
Թուրքիայի նախագահ Էրդողանն առաջիկա երկու-երեք ամիսներն իր երկրի համար շատ կարևոր է համարել: Նա հույս ունի, որ Դոնալդ Թրամփը «կկատարի խոստումը» և ամերիկյան զորախումբը կհեռացնի Սիրիայից: Թրամփն ասել է, որ Սիրիայում ամերիկյան ներկայությունը կարելի է սահմանափակել, բայց դա նախընտրական խոստում է, որ նա տվել է, երբ Ասադը դեռ չէր տապալվել: Բայց նա միաժամանակ Աֆղանստանից հեռանալու համար Բայդենին «վախկոտ» է անվանել:
Այնպես որ, Սպիտակ տան Օվալաձև սրահ վերադառնալուց հետո Թրամփը կարող է, ընդհակառակը, մեծացնել Սիրիայում ամերիկյան ներկայությունը, որպեսզի, թեկուզ, նվազագույնի հասցնի այնտեղ վերադառնալու Իրանի հնարավոորւթյունը: Քրդական ինքնավարությանը կարող է աջակցել նաև Իսրայելը: Սիրիայում, ըստ այդմ, ոչինչ չի ավարտվել: Ամեն ինչ միայն սկսվում է:
Բաց մի թողեք
Ֆրանսիայի հետ «սուվերեն մրցակցությունն» Ալիևին դրական ոչինչ չի խոստանա
Լևոն Քոչարյանը «քյոռփա» ժամանակ կամ` «առանց պպզել սեղանի տակ անցնելու» տարիքում
Միլիոնների գույք Դուբայում ու 3 քրեական վարույթ. հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը. Լուսանկար