12/12/2024

Փաշինյանի համար մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Նիկոլ Փաշինյանն ազդարարել է, որ առաջիկայում «հատիկ առ հատիկ» ներկայացնելու է ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի արդյունքում պետությանը վերադարձվող գույքերի ցանկը: Կասկածից վեր է, որ սա լինելու է Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության հերթական «գիծը»:

Ինտրիգն այստեղ այն է, թե արդյո՞ք այդ «գիծը» որևէ կերպ համադրելի լինելու է զուգահեռ ընթացող մյուս պրոցեսի՝ այսպես ասած ներիշխանական թիմի «ֆիլտրացիայի», վերախմբավորման հետ:

Այսինքն՝ «ապօրինի գույքի բռնագանձման» գործընթացը որևէ կերպ կսկսի՞ առնչություն ունենալ ոչ միայն նախկին կառավարող համակարգի, այլ հենց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության շրջանակի հետ, այդ թվում նաև կառավարող համակարգում ընդգրված:

Այդպիսով, Փաշինյանը կարող է փորձել ստանալ կրկնակի էֆեկտ: Ընդ որում, հատկանշական է մի հանգամանք: Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադառնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության ֆոնին, որն այն մասին է, որ Սրբուհի Գալյանին ԱՄՆ պետքարտուղարությունը ճանաչել է աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում, այն աշխատանքի համար, որ Գալյանը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում իրականացրել է հենց ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի առնչությամբ:

Գալյանին մրցանակը հանձնել է հենց պետքարտուղար Բլինքենը: Ինչպես հայտնի է, Սրբուհի Գալյանը շաբաթներ առաջ նշանակվեց արդարադատության նախարար, ընդ որում՝ ինչն ուշագրավ է, նա նշանակվեց բավականին տեւական ներթիմային պրոցեսի խաղարկման արդյունքում, որ հմտորեն կազմակերպում էր Նիկոլ Փաշինյանը:

Հազիվ թե Փաշինյանը պատահաբար է ընտրել Ծաղկաձորում հողամասի՝ պետությանը վերադարձնելու մասին հրապարակման օրը: Նա փորձել է լինել կամ ցույց տալ, որ նույն գծի վրա է այն տեղեկատվության հետ, որ Գալյանի վերաբերյալ հրապարակել էր ԱՄՆ դեսպանատունը:

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ հանգամանքից էլ քաղել քարոզչական առավելագույնը՝ թափանցիկ ակնարկով ասոցացվելով ԱՄՆ պետքարտուղարության գնահատականին:

Նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ունի այսպես ասած արևմտամետ տրամադրություններով ընտրողներին «կորցնելու» մտավախություն, ինչով էլ պայմանավորված էր նաև նրա հայտարարությունը ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի նախաձեռնության հանդեպ: Թերևս նույն հաշվարկն էին պարունակում նաև լուսանկարները Փարիզի Աստվածամոր տաճարի վերաօծման արարողությունից:

Սակայն այսօր Հայաստանի առաջ լրջորեն կանգնած է հարցը, թե Երևանն ի՞նչ բովանդակային ու առարկայական օրակարգ է պատկերացնում արևմտյան ուղղությամբ աշխատանքի համար թե՛ ԱՄՆ, թե՛ ԵՄ հետ, որոնք իրենք էլ այսօր գտնվում են որոշակի տրանսֆորմացիաների փուլում:

Նախընտրական «անտուրաժն» անցողիկ է, իսկ պետական շահը պահանջում է հիմնարար իմաստներ: