13/12/2024

Ինչու են նորից հիշել Կիրանցի թեման

Տավուշցիներին պատերազմով ահաբեկելուց հետո Կիրանցի հողերը թշնամուն հանձնած Նիկոլ Փաշինյանը նորից Կիրանցն է հիշել, բայց այս անգամ՝ որպես «հաջողության պատմություն»: Թերեւս՝ Ալիեւի ու Ադրբեջանի, բայց, հաստատ՝ ոչ Հայաստանի «հաջողության»:

Հրապարակ թերթը գրել է․ Ֆեյսբուքյան նախկին լսարանն ու տասնյակ հազարավոր հավանումները վերականգնելու մոլուցքով, ՀՀ վարչապետը երկու օրվա ընթացքում երկու տասնյակից ավելի հրապարակում է արել սոցցանցի իր էջում՝ իր գրառումների դիտումների վիճակագրությունից մինչեւ տեսանյութեր` կառավարության նիստից, «գնդակահարության պատ» վերնագրով գրառում, որի մեկնաբանություններում առաջարկում է քննադատել իրեն… եւ հայտարարում է, որ ներում է իրեն հայհոյողներին: Ու մինչ իր նման պարապ մի բազմություն էլ զբաղված է մեկնաբանություն գրել-ջնջելով, մի առանձին գրառմամբ էլ երեկ խոսել է Կիրանցում իբրեւ թե ապօրինի տրված կադաստրի վկայականներից ու հայտարարել․ «Կիրանցի մի քանի խնդրահարույց կադաստրային վկայականների դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ զբաղվել են, սակայն ոչինչ չի գտնվել»: Փաշինյանը սա գրել ու պնդել է, թե դա հիմք է տալիս ենթադրելու, որ վկայականները տրվել են ապօրինի:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ սահմանազատման անվան տակ Փաշինյանը միակողմանի հող հանձնեց Ալիեւին՝ թքած ունենալով այն փաստի վրա, որ Կիրանցի՝ Ադրբեջանին անցած տարածքներում վեց տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ պետության կողմից տրված կադաստրի վկայականներ ունեն: Փորձելով արդարացնել մարդկանց ունեզրկումն ու ՀՀ սուվերեն տարածքներից Սահմանադրության խախտմամբ՝ առանց հանրաքվեի հող հանձնելը, Փաշինյանը դեռ հոկտեմբերին խորհրդարանում հայտարարեց, թե քննությունը կպարզի՝ ինչպես են մարդկանց ժամանակին սեփականության վկայաններ տրվել: Միանգամից վերդիկտ էլ տվեց, թե չի բացառվում, որ դա ապօրինի եղած լինի:

Հիմա Փաշինյանն ասում է, որ այդ «պրակտիկան Հայաստանում հազվադեպ չի», ու որ «Կիրանցի խնդրահարույց կադաստրային վկայականներով հիմա իրավապահներն են զբաղվում»: Թե ով է հետին թվով զբաղվել վկայականներով, այդ ինչ «ապօրինի» հիմքեր է պարզել՝ ոչ մի խոսք: Հաջորդիվ արցախցիների, տիգրանաշենցիների վկայականներն է ապօրինի անվանելու: Ի գիտություն Փաշինյանի՝ քաղաքացու սեփականության վկայականները չեղարկելու սահմանված ընթացակարգեր կան, որոնք չեն պահպանվել, եթե անգամ ընդունենք, որ մարդիկ ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով են ժամանակին վկայականներ ստացել: Իրավական ակտն իրավական համակարգում չի կարող ուղղակի, ինքնաբերաբար վերանալ, որովհետեւ կառավարությունում վարչապետի աթոռին նստած անձն այդպես է ուզում: Մարդիկ ունեցել են իրավական կարգավիճակ, եղել են գույքի սեփականատեր, այդ տարածքից ընտրությունների են մասնակցել, եւ դա պետք է դադարեցվեր բացառապես դատարանով, օրենքով:

«Պետության կարեւորագույն գործառույթներից մեկն իր քաղաքացիների կյանքի եւ սեփականության (այդ թվում՝ եւ անշարժ գույքի, հողատարածքների) անվտանգության ապահովումն է։ Նիկոլը նախկինում հրապարակավ խոստովանել է, որ իշխանությունը չի կարողանում անվտանգային հարցերին լուծում տալ (ցանկացած ժողովրդավար երկրում այսպիսի խոստովանությունը բավարար հիմք կլիներ՝ այդպիսի կառավարչին իշխանությունից հեռացնելու համար), այժմ էլ փորձում է իր հանցագործությունը բերել կենցաղային մակարդակի եւ դրա մեղքը բարդել ինչ-որ մանր չինովնիկների վրա, այսինքն՝ ՀՀ տարածքը հանձնելը վերածում է «մի քանի մետրով սխալ գծված կադաստրի թղթի» խնդրի»,- «Հրապարակ»-ին ասում է ռազմական եւ անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Կիրանցում, այսպես կոչված, սահմանազատման համար իշխանությունները որպես հիմք նշում էին Խորհրդային Միության 1976-ի տեղագրական քարտեզները՝ առանց հիմնավորելու, թե ինչու է հիմք ընդունվել հենց այդ եւ ոչ թե այլ տարեթվի քարտեզ, որը Հայաստանի շահերից կբխեր: Հիմա էլ Փաշինյանը որոշել է խորհրդային քարտեզները ֆետիշացնել ու նոր թեզ է դաշտ նետում, թե դրանցից հրաժարվելը կնշանակի «հրաժարվել պետականությունից ու անկախությունից», որովհետեւ, ըստ նրա, միջազգային հանրությունը մեզ այդպես է ճանաչել, ու դրան հավատարիմ մնալն «անվտանգության կարեւոր բուֆեր է մեզ համար»:

Կարեն Վրթանեսյանն ասում է՝ սա հերթական վիճահարույց հայտարարությունն է՝ անիմաստ քննարկումներ հրահրելու համար։ «Պետությունների միջեւ սահմանները ճանաչվում են առաջին հերթին երկու հարեւան պետությունների միջեւ կնքված պայմանագրերով, իսկ միջազգային հանրությունը մեծ մասամբ ընդունում է դա։ Ավելին, կան պետություններ, որոնց միջեւ հարյուրամյակներով կամ տասնամյակներով տարածքային վեճեր կան, օրինակ՝ Ռուսաստան-Ճապոնիա, Բրիտանիա-Իսպանիա եւ այլն։ Խորհրդային քարտեզով էլ Կիրանցի ճանապարհն Ադրբեջանի տարածքում չէր։ Ավելին՝ նույն խորհրդային ադմինիստրատիվ սահմանները բազմիցս փոխվել են։ Ի վերջո, նույն՝ միջազգային փորձագիտական շրջանակներում ընդունված է հետխորհրդային երկրներն անվանել «նոր անկախացած պետություններ» (newly independent states)։ Այսինքն՝ լրիվ նորմալ է ու տրամաբանական, որ այդ պետությունները կարող են սահմանները գծել այլ կերպ, քան խորհրդային վարչական սահմաններն էին»,- բացատրում է «Հրապարակ»-ի զրուցակիցը՝ հիշեցնելով ԵԱՀԿ 2017 թ. հրապարակած սահմանային հարցերի լուծման ուղեցույցը, որում կան օրինակներ, թե ինչպես է տրամաբանական՝ փոխել սահմանները, որպեսզի դրանով պետություններն իրար չվնասեն, այն դեպքում, երբ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Հայաստանի հաղորդակցության ուղիները հնարավորինս սահմանափակելուն, ասել է թե՝ Հայաստանին «խեղդելուն»։ Եվ Ադրբեջանը դա անում է՝ արհամարհելով, այդ թվում, ԽՍՀՄ վարչական սահմաններն ու միջազգային հանրության կարծիքը, որոնց հղում է անում Փաշինյանը։
Ինչո՞ւ է նա հիմա նորից հիշել Կիրանցի թեման․ Վրթանեսյանի խոսքով, սա փորձ է՝ իրավական հիմքեր ստեղծել որեւէ հաջորդ հատվածում, օրինակ, Տիգրանաշենում հող հանձնելու համար։ Իսկ կրկին սոցցանցերը նվաճելու Փաշինյանի մոլուցքը եւ օրակարգն իրենով լցնելու ակտիվ փորձերը, թերեւս, նոր աղետի նախապատրաստությունը ստվերելու նպատակ ունեն: Գոնե վերջին՝ հատկապես 3-4 տարիների տխուր փորձը դա է հուշում:

Հավելենք, որ հոկտեմբերի 11-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում, փոխադարձ համաձայնությամբ, կսկսվի, այսպես կոչված, սահմանազատման հաջորդ փուլը։ Տավուշից հետո ո՞ր հատվածն է լինելու Ադրբեջանի թիրախում՝ իշխանությունը չի բացահայտում: Հայտնի է միայն, որ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւը պատրաստվում են հաջորդ հանդիպմանը, որի ամսաթիվը չի նշվում: