13/12/2024

«Օղրաշությո՞ւն», թե՞ պրիմիտիվ պարազիտություն. Ինչո՞ւ են ՀՅԴ-ականներն աղմկում գործուղումների թեմայով

«Մին հագնում է սպիտակ,

Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, էսպե՜ս էլ գիժ ամիս…»։

Մեծն Թումանյանն այսպես էր բնութագրում ամիսներից «ամենագժին»՝ մարտին։ Գործող խորհրդարանի երեսփոխաններն էլ, նկատենք, ճիշտ նույն կերպ՝ «մարտավարի», ավելի ճիշտ՝ «գժավարի» են իրենց պահում խորհրդարանական գործունեության երեք տարիների ընթացքում՝ մի օր որոշում են «եռագույն» հագնել ու բոյկոտել ԱԺ աշխատանքները, փողոց դուրս գալ ու իշխանափոխություն պահանջել, որոշ ժամանակ անց էլ «միտինգի շորերը» հանում, «սպիտակ»՝ «տեղ գնալու» շորերն են հագնում ու վերադառնում են օպոզիցիոների իրենց աշխատանքին։ Մի օր որոշում են, որ պետք է բոյկոտեն միջազգային այցերը, գործուղումները, մի օր էլ որոշում են վերանայել իրենց այդ որոշումը՝ «կակղել» ու գնալ, հայաստանյան իրականության «այլընտրանքային պատկերը» ներկայացնել միջազգային հանրությանը։ Պարզվում է՝ գործուղումների մեկնել-չմեկնելու հարցը դարձել է պրոբլեմատիկ որոշ պատգամավորների համար. երևի աչքները վախեցել է իրենց գործընկեր Գեղամ Նազարյան հետ տեղի ունեցածից, երբ նրա՝ վերջերս տեղի ունեցած գործուղումներից մեկն ու դրա ընթացքում արված լուսանկարի հրապարակումը ճակատագրական դարձավ՝ դառնալով խմբակցությունից վերջինիս դուրս հրավիրվելու «մահանա»։

Ի դեպ, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, այն ընթացքում, երբ իրենք իրենց զրկել էին արտերկիր մեկնելուց, իշխող ուժին հաճախ էին մեղադրում պետական բյուջեի միջոցների հաշվին «տուրիստական կրուիզների» մեկնելու, ընդհուպ՝ «գյորմամիշության» մեջ, մի պատգամավոր էլ կար, որը ԱԺ նախագահին մեղադրում էր ԱՄՆ «գաղտնի գործուղման» մեկնելու, բիզնես դասով թռչելու, կնոջն էլ այդ գաղտնի գործուղմանը տանելու մեջ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանն է այսօր արծարծել գործուղումների թեման. ի պատասխան հարցի՝ ինչո՞ւ ընդդիմությունից մարդ չկա պաշտոնական այցով Հնդկաստան մեկնող ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունում, ՀՅԴ-ականն արձագանքել է՝ մամուլից է տեղեկացել այցի մասին, իրեն Հնդկաստան մեկնելու առաջարկ էլ չի արվել։ «Եվ սա, ըստ պատգամավորի, իր հստակ պատճառն ունի. իրեն ժողովրդավար իշխանություն հորջորջող ՔՊ-ն ուղղակի ցանկանում է միջազգային հանրությանն իր թեզերը հրամցնել ու ցույց տալ, որ բոլորը համաձայն են այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրում»,-գրել է Խաչատրյանի հետ զրուցած կայքն ու մեջբերել վերջինիս խոսքը. «Տեղյակ չեմ՝ ընդդիմադիր որևէ այլ պատգամավորի առաջարկե՞լ են պատվիրակության կազմով մեկնել Հնդկաստան, թե՞ ոչ։ Ակնհայտ է, որ ժողովրդավարության բաստիոն հորջորջող քաղաքական ուժը ժողովրդավարությունից այնքան հեռու է, որքան խոզը՝ տուռնիկից։ Իրենք գնում են արտասահման՝ Հայաստանի իրականությունը կեղծված ձևով ներկայացնելու»։ Դիտարկմանը, որ օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույցում ասաց՝ ընդդիմությանը խնդրում են, որ իրենց հետ աշխատանքային գործուղումների գնա, սակայն որևէ մեկը չի ցանկանում, ու դա նրա համար, որ իր հետ չնկարվեն, Արթուր Խաչատրյանն արձագանքել է՝ «դա պրիմիտիվիզմ է»։ «Մենք իր հետ չենք գնում, ինքը չի տանում, այլ մենք պատվիրակության կազմում ենք ընդգրկվում։ Իսկ այն, թե իրենք փնտրում են ընդդիմադիր պատգամավոր, որ իրենց հետ գնա գործուղման, ևս սուտ է»։

Պարզվում է՝ սուտ է Խաչատրյանի ասածը։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակը պարզաբանել է՝ «ինչպես միշտ, այս անգամ ևս ՀՀ ԱԺ նախագահի անունից հրավեր է եղել ընդդիմադիր մի քանի պատգամավորի, որոնք, սակայն, առանց կոնկրետ պատճառաբանության հրաժարվել են Հնդկաստան մեկնելուց։ Մասնավորապես, Հնդկաստան նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում հրավեր է ուղարկվել պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Գառնիկ Դանիելյանին, Լևոն Քոչարյանին և Աննա Մկրտչյանին, որոնք բոլորն էլ հրաժարվել են՝ առանց լուրջ հիմնավորման»։ Թե հիմա ով է «խոզը» և որքանով է հեռու կամ մոտիկ «տուռնիկին» ՝ թող պարզեն ընդդիմադիրներն իրար մեջ։

Նկատենք, որ գործուղումների թեմային օրերս անդրադարձել էր մեկ այլ ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ է, մասնավորապես ՀՀ-Սիրիա, ՀՀ-Քուվեյթ, ՀՀ-Սլովենիա, ՀՀ-Տաջիկստան բարեկամական խմբերի անդամ է, ու նշել է, որ կոնկրետ ինքը կամընտրաբար է մեկնում գործուղումների։ «Միշտ չի, որ գնում ենք գործուղումների, էդ էն օրը, որ Ալենն ասում էր՝ խնդրում, աղաչում են, վայ, լավ էլի։ Անկեղծ ասեմ՝ էդ գյորմամիշների համար ա գործուղումը կյանքի նպատակ։ Օրինակ, ես իմ օրինակով ասեմ՝ բարեկամական խմբեր կան, միջազգային պատվիրակություն է օրինակ, երբ մեր ֆրակցիայում քննարկվում է, ըստ նպատակահարմարության է ամբողջը դիտվել։ Օրինակ՝ ԵԽԽՎ-ն դիտարկվում է ամենաէլիտարներից մեկը ԱԺ-ում, երբ որ րոպեն մեկ գնում են Ստրասբուրգ, Փարիզ, տը, տը, տը, տը ու ամենաշատն ա։ Բայց մեր խմբակցությունում մազաչափ որևէ մեկի մոտ կասկած չի եղել, որ էդ պատվիրակության մեջ անպայման պետք է լինի Արմեն Ռուստամյանը… Որևէ մեկի մոտ կասկած չի եղել, որ մյուսը Գևորգյան Արմենն է՝ իր փորձառությամբ, վարչական և այլ հարաբերություններով»։ Հարցին՝ այսինքն՝ Ալեն Սիմոնյանը ձեզ չի՞ խնդրել գնալ գործուղման, սույն պատգամավորն արձագանքում է. «Զանգել, առաջարկում էին Տաջիկստան, չուզեցա, հարմար չէր։ …Մի անգամ, օրինակ, գնացել եմ հետը Բուլղարիա, որովհետև Բուլղարիան դաշնակցականի համար ուրիշ երկիր ա։ Բուլղարիա, Սոֆիա, որտեղ թաղված ա Դաշնակցության հիմնադիր անդամ Քրիստափոր Միքայելյանը, որը զոհ գնաց Աբդուլ Համիդի մահափորձի նախապատրաստությանը։ Բուլղարիա, որտեղ ՀՅԴ-ն 1911-ին հիմնել է ռազմական դպրոց…»։ Այսինքն՝ դաշնակցական հետքի համար եք գնում գործուղումների՝ դիտարկմանը Մանուկյանն արձագանքել է. «Նաև, որտև հայ համայնք կա։ Այսինքն, էդ կյանքի նպատակ չի, անկեղծ եմ ասում։ Շատ հաճախ, այո, մերոնք հրաժարվում են պատվիրակությունների մեջ գնալ… Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավարն էլ Իշխան Սաղաթելյանն ա, որը հատուկ ընտրեց էդ խմբի ղեկավար լինելը, քանի որ կա Հալեպ, կա Դամասկոս, կա Լաթաքիա, կա Քեսաբ, դաշնակցական կառույց կա հայոց… Մի տարի Սիրիայի խորհրդարանը հրավիրում էր էստեղի պատվիրակությանը։ Մի տարի մանրախնդրություն, փոքրոգություն էին անում, ձգում էին, բա՝ էս թուղթն ա պետք, էս ա պետք… էնքան, որ ասինք՝ հերն անիծած։ Վերջում հրավեր եկավ էնտեղից, մեկ էլ ասում են՝ չէ, գիտե՞ս, խորհրդարանի փոխնախագահն ա գնալու՝ Հակոբ Արշակյանը։ Լսեք, ասում եմ, կա խորհրդարանական դիվանագիտության մակարդակ, ասի՝ չեմ գալի, հլը տենամ ոնց եք գնալու Սիրիա։ Գնացին, Դամասկոսից դուրս չեկան…»։

Ի դեպ, Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են եղել նաև սույն բարեկամական խմբի՝ ՔՊ-ն ներկայացնող երեք պատգամավորներ, Սիրիա էր մեկնել մեկ տարի առաջ, հանդիպում ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևոր հայրերի հետ։

«Հայաստան»-ական պատգամավորի այս անկեղծության պոռթկումը իրականում լավագույնս է բնութագրում այս խմբակցության, մասնավորապես դաշնակցական անդամների աշխատաոճն ու վերաբերմունքը գործուղումներին՝ երբ իրենց սրտով չէ գործուղումը, կարող են «ինադ անել» ու չգնալ։ Թքած խորհրդարանական դիվանագիտության վրա։ Խորհրդարանական դիվանագիտության մասին թեզը կհիշեն մեկ էլ այն դեպքում, երբ հերթը հասնի այն երկրներ գործուղումներին ու այցերին, որտեղ ՀՅԴ-ն ունի կառույցներ։ Ստացվում է՝ պարոնայք դաշնակցական հայաստանականները գործուղման համար կռիվ են տալիս ոչ թե ՀՀ իրականությունը ոչ կեղծ՝ «շիտակ ձևով» ներկայացնելու, ոչ այնքան պետական, որքան նեղ կուսակցական գործերն առաջ տանելու նպատակով։ Հիմա սա օղրաշությո՞ւն է, թե՞ պրիմիտիվ պարազիտություն։

Հ. Մ.