18/12/2024

ՀՀ կառավարությունն ընդդեմ հերոս հարկատուների, թե քաչոզչական քայլ

ՀՀ կառավարությունն ընդդեմ հերոս հարկատուների, թե քաչոզչական քայլ: Եթե դա զուտ քարոզչական քայլ է, ապա այն որևէ դրական ազդեցություն թերևս չի տա, ինչպես որևէ արդյունք չտվեց թավշյա հեղափոխությունից հետո դատական ակտերի զրոյացումը …

Հայաստանի կառավարությունն անցնող նիստում ընդունեց մի որոշում, ըստ որի՝ նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը:

Առաջարկվում է՝ շահառուին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ շահառուի ձեռք բերվելիք ֆորմալ զբաղվածության արդյունքում ձևավորված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, որը կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը, ֆինանսական աջակցությունը տրամադրել առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից, շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով:

Կառավարությունը հայտնել է նաև, որ ըստ ԿԲ տվյալի՝ 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023-ի ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ:

Այսինքն, պատկերացնելի է, թե ինչ շոշափելի բեռ է դրվում պետական բյուջեի վրա: Ընդ որում՝ մի բյուջեի, որը ավելի քան 100 միլիարդ դրամով թերակատարվում է 2024 թվականին, իսկ 2025 թվականի նախագծով էլ ունենալու է դրանից մի քանի անգամ ավելի մեծ դեֆիցիտ, որը ծածկելու համար էլ մի քանի հարյուր միլիոն դոլարով ավելանալու է պետական պարտքը:

Հայաստանի բանկային համակարգը 2022 և 23 թվականներին համախառն ստացել է 1 միլիարդ դոլարից ավելի եկամուտ: 2024 թվականին էլ բանկային համակարգի եկամուտը կկազմի թերևս գրեթե կես միլիարդ դոլար: 2022, 23 և 24 թվականին Հայաստանի բանկային համակարգը 2021-ի և դրան նախորդող մյուս բոլոր տարիների համեմատ ունեցել է եկամտի կտրուկ՝ անգամների աճ:

Դա պայմանավորված է եղել թե նրանով, որ ՌԴ դեմ պատժամիջոցները բացել են «տարանցիկ» հնարավորություններ, թե նրանով, որ Հայաստանի կառավարության տարբեր որոշումներ ավելի ու ավելի պարտադիր են դարձնում քաղաքացիների ամենօրյա շփումը բանկերի հետ՝ տարբեր վճարումների առիթով, իսկ բանկերն էլ այդ ընթացքում թանկացնում են միջնորդավճարները:

Ըստ էության՝ վերջին երեք տարում գրեթե մեկուկես միլիարդ դոլարի հասնող թռիչքային եկամուտ ունեցող բանկային համակարգը միանգամայն ի վիճակի է կրել այսպես ասած «անհուսաի» համարվող վարկային բեռը: Իհարկե, ավելորդ է ասել, որ բանկային համակարգի կայունությունը պետության անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է, ինչը պետք է ապահովել:

Բայց այն բարձր եկամտաբերությունը, որ ունեցել են բանկերը անցնող երեք տարիներին, թույլ է տալիս վստահ լինել, որ 1 միլիոն դրամը չգերազանցող «անհուսալի» վարկերի բեռը նրանց համար կլինի միանգամայն տանելի: Անհամեմատ ավելի տանելի, քան շոշափելի դեֆիցիտով պետական բյուջեի համար: Եվ դա այն դեպքում, երբ կառավարությունը հունվարի 1-ից բարձրացնում է մանր բիզնեսի հարկային բեռը, ակնհայտորեն բյուջետային եկամուտներն ավելացնելու ֆիսկալ նկատառումով:

Փաստացի, առանց այդ էլ ամենևին ոչ լավագույն տարիներն ապրող մանր ու միջին բիզնեսը բյուջեի «միջոցով» ֆինանսավորելու է վերջին տարիներին լավագույն եկամտային ցուցանիշներն արձանագրող բանկային համակարգի «ռիսկերը»: Թեև, դե ֆակտո, կրկնեմ, այդ համակարգը այսօր ունի այնպիսի դիրքեր եւ ցուցանիշներ, որ խոսք չկա որևէ էական ռիսկի մասին: Փաստորեն, Հայաստանի կառավարությունը, որ հարկատուներին համարում է հերոս, նրանց մղում է նորանոր «սխրանքների», այսինքն՝ ավելի բարձր հարկային բեռի: