05/02/2025

Առաջին փուլում 1 մլն մարդ կվտարվի. Թրամփը կիրականացնի անօրինական միգրանտների արտաքսման ամենամեծ գործողությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է երկրից 1 միլիոն մարդու վտարել միգրանտների արտաքսման քաղաքականության իրականացման առաջին փուլում։

Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Թրամփի խորհրդականներին։

Նրանց տեղեկատվությամբ՝ առաջնահերթ խմբում ընդգրկված են այն միգրանտները, որոնք հանցագործություններ են կատարել կամ ապաստան չստանալով երկրից արտաքսման վերաբերյալ վերջնական որոշում են ստացել:

Թրամփը միգրանտների խնդիրն արդեն քննարկել է Մեքսիկայի և Սալվադորի ղեկավարների հետ։

Ըստ աղբյուրի, Վաշինգտոնին անհրաժեշտ է ապահովել երրորդ երկրների համաձայնությունը միգրանտներին ընդունելու համար, որովհետև նրանց զգալի մասն ունի այն երկրների քաղաքացիություն, որոնց հետ ԱՄՆ-ն վատ հարաբերություններ ունի. դրանք են Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան։

Մեխիկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ից արտաքսման դեպքում պատրաստ է միայն սեփական քաղաքացիներին ընդունել։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր երդմնակալությունից հետո մտադիր է իրականացնել Ամերիկայի պատմության մեջ անօրինական միգրանտների արտաքսման ամենամեծ գործողությունը։