Կուսակցական կարգապահությունն ու կանոնակարգը, այսպես ասած՝ «խաղի սահմանված կանոնները» խախտելու, եթե կուզեք՝ «դաղալության» հետեւանքով պատասխանատվության ենթարկվելը նորմալ գործընթաց է ժողովրդավարական, նույնիսկ տոտալիտար կառավարմամբ երկրներում։
Մինչդեռ ՔՊ-ում տեղի ունեցող վերջին զարգացումները, որոնք տեղավորվում են վերոհիշյալ «նորմալ ընթացակարգի» շրջանակներում, հայտնի շահագրգիռ խմբակները մատուցում են որպես «աննորմալ երեւույթ»՝ միաժամանակ հրճվելով՝ «Նիկոլի թիմը քանդվում է»։
Ինչն է զավեշտական՝ իշխող թիմի «քանդվելու», երբեմնի թիմակիցներին «մինչեւ վերջ վարկաբեկելու եւ խմբակցությունից դուրս շպրտելու» մասին են աղաղակում անդամներն այն կուսակցության, որը ժամանակին համարվում էր քրեաօլիգարխիայի ներկայացուցիչների «օջախն» ու «կռիշը», կուսակցություն, որի մեջ մտնում էին ոչ թե գաղափարական-քաղաքական, այլ՝ թայֆայական շահերը սպասարկելու նպատակով։
Խոսքը մասնավորապես ՀՀԿ-ի մասին է, որի ներքին՝ «այլասերված բարքերի» մասին, ի դեպ, ահազանգել են հենց իրենք՝ կարկառուն ՀՀԿ-ի ականները, սակայն ոչ թե այն շրջանում, երբ երկրի կառավարման ղեկին էին, այլ իշխանությունը կորցնելուց հետո։
ՀՀԿ ղեկավար մարմնի խորհրդի երեք անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, Ֆիրդուս Զաքարյանը եւ Ռազմիկ Մարտիրոսյանը, հիշեցնենք, 2020 թվականի հունվարին դուրս գալով կուսակցությունից, իրենց առաջնորդ՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրեցին կուսակցությունում «քրեաօլիգարխիկ բարքերն ամրապնդելու», կուսակցությունը «պրոֆմիություն» դարձնելու համար, մարմին, «որի մեջ ներխուժեցին կուսակցության գաղափարախոսության, քաղաքականության հետ կապ չունեցողները՝ գրավելով բավականին բարձր դիրքեր»։
Ալեքսանյանն իր հարցազրույցում ասել էր նաեւ, որ երբ ասում է՝ քրեաօլիգարխիա, նկատի չունի միայն Սերժ Սարգսյանին, այլ նրանց, ովքեր կոռուպցիայի, թալանի հետ էին նույնացվում եւ մտնում մի կուսակցություն, որը, լինելով կառավարող ուժ, հայտարարում էր նույն այդ կոռուպցիայի եւ թալանի դեմ պայքարելու մասին։
Թալանի եւ կոռուպցիայի դեմ պայքարի ելած ՀՀԿ-ն, փաստորեն, հավաքատեղին էր դարձել կոռուպցիոներների ու թալանչիների․․․
Ի դեպ, Սերժ Սարգսյանն իր բերանով էր ժամանակին՝ 2016-ի նոյեմբերին ՀՀԿ համագումարում (նախապատրաստվում էր 2017-ի ԱԺ ընտրություններին) խոստովանել, որ ՀՀԿ-ն վերածել է «տանիքի»՝ «ինչ-ինչ խնդիրներ լուծողների համար», եւ իրենք կուսակցության շարքերը համալրելուն զուգընթաց ազատվել են այդպիսի տարրերից։
Ի դեպ, երբ Սարգսյանն այս հայտարարությունն անում էր, ՀՀԿ-ի տանիքի տակ էին շարունակում մնալ եւ ոչ թե թաքնված, այլ բացահայտ իրենց շատ կոնկրետ խնդիրները լուծել այնպիսի հռչակավոր դեմքեր, ինչպիսիք էին իր իսկ եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, հայտնի մականունավորները, մասնավորապես՝ Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը», «ՍԱՍ-ի Արտակը», Սուրիկ Խաչատրյանը՝ «Լիսկան», «Չոռնի Գագոն», «Նեմեց Ռուբոն», ԴԱՀԿ-ի Միհրանը, Տարոն Մարգարյանը և այլք:
Այս պաշտոնյաներն էին ՀՀԿ-ի այցեքարտը, այս կուսակցականներն էին ժողովրդի մեջ վերաբերմունք ձեւավորել հանդեպ իշխանությունն ու կառավարող կուսակցությունը, այս «վինեգրեդի» վերոթվարկյալ եւ մյուս «բաղադրիչներն» էլ, ի վերջո, իրենց վարքագծի ու հեղինակության հետեւանքով հանգեցին 2018-ի հեղափոխական գործընթացներին։
«Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի անկարգապահությունը եթե համեմատելու լինենք հիշյալ ՀՀԿ-ականների դրսեւորած վարքագծի հետ, գուցե, «անմեղ չարաճճիություն» թվա)։ Այ եթե Սերժ Սարգսյանը ժամանակին նույն ջանասիրությամբ ու հրապարակավ (ուժը, փաստորեն, միայն Գագիկ Ծառուկյանի վրա էր պատում) «մինչեւ վերջ հեղինակազրկեր ու դուրս շպրտեր» ՀՀԿ-ի անունն ու դավանած արժեքները պղծողներին, մանդատազրկեր եւ «իզգոյացներ» ընտրակեղծարարներին եւ կոռուպցիոներներին, ամբարտավաններին ու «դեպի իշխանություն տանող ճանապարհը» ցույց տվողներին, գուցե շարունակեր պաշտոնավարել։
Նույն՝ «այլասերման» վիրուսն է, թերեւս, ժամանակին հանգեցրել նաեւ ՀՀՇ-ական իշխանության հեղինակազրկմանն ու հեռացմանը։ Դժվար է ասել՝ արդյոք 1998-ի «պալատական հեղաշրջման» հանդեպ հանրությունը կցուցաբերե՞ր նույնպիսի պասիվ համախոհություն, եթե այդ ժամանակ կառավարող ուժի առանցքային դեմքերը, որոնք ժողովրդի ուսերի վրա էին իշխանության եկել, հիասթափեցրած չլինեին իրենց իշխանության բերածներին, չընկալվեին այլեւս որպես թալանչիներ, ընտրակեղծարարներ, «մեր դեմ խաղ չկա»-ի բանաձեւով առաջնորդվողներ․․․․
Դժվար է ասել՝ արդյոք հանրությունը նույնքան տոլերանտ կլինե՞ր «քոչարյանա-սերժական» կառավարման հանդեպ մասնավորապես «Հոկտեմբերի 27»-ի սպանդից հետո, եթե նախքան այդ ներշնչված չլիներ նաիրիհունանյանական հանցավոր «ռոմանտիզմով», որն իր նողկալի արարքն արդարացնում էր՝ ոճրագործության զոհերին մեղադրելով «10 տարի մեր արյունը ծծելու․․․․» համար:
Քաղաքականությամբ զբաղվող բազմաթիվ կոլեկտիվներ են անցել ինստիտուցիոնալացվելու՝ քաղաքական կուսակցություն դառնալու դժվարին ճանապարհով, բայց ոչ բոլոր կուսակցություններին է հաջողվել մնալ այդ կարգավիճակում՝ չտրոհվել՝ վերադառնալով իր սկզբնական՝ կոլեկտիվի կարգավիճակին։
Այս համատեքստում վերադառնալով «Նիկոլի թիմը քանդվում է» պնդմանը՝ նկատենք՝ իրականում տեղի ունեցողը միտված է «քանդման» գործընթացը կանխարգելելուն, եւ նմանատիպ պրոցեդուրաները, եթե կազմակերպվում են ճիշտ ժամանակին՝ «քաղցկեղի» հայտնաբերման վաղ փուլում, դարմանիչ, կազդուրիչ ազդեցություն են ունենում կուսակցության վրա՝ որպես մեկ ամբողջական՝ կենդանի մարմին։
«Քաղաքացիական պայմանագիրն» էլ, լինելով կենդանի օրգանիզմ եւ միաժամանակ կառավարող ուժ, թերեւս, արտահերթության կարգով ու առանձնակի նախանձախնդրությամբ պետք է անդրադառնա ներքին կարգապահության խնդիրներին, ցանկացած շեղում արժանացնի համարժեք գնահատականի, ընդհուպ՝ «գնդակահարության պատի» տակ կանգնեցնելը, բնում խեղդի խարդավանքները, ինտրիգները, ժամանակ առ ժամանակ էլ իրականացնի, այսպես ասած, «դետոքս միջոցառումներ «բալաստից» ձերբազատվելու նպատակով։
Հայտնի է՝ մակաբույծները քայքայում են օրգանիզմի դիմադրողականությունը։ Ճիշտ նույնկերպ էլ, երբ օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, գլուխ են բարձրացնում մակաբույծները։ (Այսպիսի՝ ոչ հաճելի իրողության՝ «մակաբուծային վարքի», ՔՊ-ն արդեն իսկ առերեսվել է մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո)։
Արդ, ժողովրդից ստացած իմունիտետը՝ լեգիտիմությունը, պետք է պարտավորեցնի կառավարող ուժին չկորցնել զգոնությունը՝ գնալով ՀՀԿ-ացվելու կամ ՀՀՇ-ացվելու խոտոր ճանապարհով։ Այդպիսի «ճոխությունը» հաստատ չի ներվի։
Հեղինե Մանուկյան
Բաց մի թողեք
Էրդողանը փորձում է ՀԱՄԱՍ-ը վերցնել իր հսկողության ներքո, ընդունակ է նույնիսկ գերտերությունների հաշվարկները խառնել
Անորակ ասֆալտ, թաքնված կապեր. Տեսանյութ
Եվրոպական էլիտաներին ավելի շատ դուր էր գալիս Բայդենը, քան Թրամփը. Պուտին