«Խնդրում եմ ինձ հանգիստ թողնել: Ես հայտարարել եմ, որ առաջիկա առնվազն մեկ ամսում ոչ մի մեկնաբանություն չեմ տալու»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցությունից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի, եթե Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազը մտնի խորհրդարան:
Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ որոշել է մեկ ամիս լռել, նա պատասխանեց. «Այդպես եմ որոշել»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։
Նա դիմել էր խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին, որպեսզի խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտար պարզաբանումներ:
Ավելի ուշ Ասլանյանը սոցցանցի իր էջում մի քանի սքրինշոթ էր հրապարակել, որով հայտնել էր, թե իր հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա և շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ:
Ժամեր անց հայտնի դարձավ, որ Ասլանյանը հեռացվել է խմբակցությունից:
Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանը ևս հեռացվել է կուսակցության շարքերից:
Կուսակցությունը որպես հիմնավորում նշել է, որ նա թույլ է տվել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր, ինչպես նաև՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։
Ազգային ժողովի նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս կուսակցությունից՝ ներողություն խնդրելով կուսակիցներից:
Բաց մի թողեք
Խնդիրը լսելու և ընկալելու մեր պաթոլոգիկ անկարողությունն է
Քաղաքականություն՝ ուղղված «Շարիկովներին»
Որտեղի՞ց «ծլեց» Իսլամական պետության դեմ պայքարը, եւ արդյոք դա Հայաստանի առաջնահերթությո՞ւնն է