«Մանվել Գրիգորյանի գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Դա այն եզակի գործերից էր, որ ՄԻԵԴ-ը 3 անգամ միջանկյալ միջոց կիրառեց` արձանագրելով որոշակի խախտումներ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։
Նշենք, որ Գրիգորյանի ընտանիքը չի համաձայնել մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ` պահանջել են արդարացնել գեներալ Մանվելին: Փաստաբանը նշեց, որ ՄԻԵԴ-ն առաջարկություն է արել կողմերին` գործը լուծել հաշտությամբ. «Եթե հրապարակային կերպով կառավարությունը ներողություն խնդրի Մանվել Գրիգորյանի հարազատներից` առերեւույթ կատարած ապօրինությունների համար` նախաքննության փուլում, դատաքննության փուլում, ապա հարազատները պատրաստ են հրաժարվել բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցումից։ Այս պահի դրությամբ կառավարությունը մոտավորապես այս կարգի դիրքորոշում էր հայտնել, որ իրենք չունեն առաջարկություն, բայց նման դեպքում 1-1,5 տարում Եվրոպական դատարանն իր համապատասխան գնահատականը կտա»։
Հիշեցնենք․ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։ ԵԿՄ նախկին ղեկավարը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: 2020 թ. հունվարի 15-ին առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։
Նա մահացավ 2020 թվականի նոյեմբերի 19-ին: Մանվել Գրիգորյանի նկատմամբ պատիժ չի նշանակվել՝ մահացած լինելու պատճառաբանությամբ, իսկ նրա կինը` Նազիկ Ամիրյանը, դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Արցախյան պատերազմի մասնակից է, ազատվել է ազատազրկման ձեւով պատիժը կրելուց։ Դատավարությունը շարունակվում է, ըստ պաշտպանական կողմի` դատարանը չունի բավարար ապացույցներ, որոնք կհաստատեին առաջադրված մեղադրանքները:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»