13/01/2025

Շուրջ 300 հազար ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը. Ալիև

Շուրջ 300 հազար ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն:

Այս մասին «Ռիա» և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա նշել է, որ խոսքը «1980-1990-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է», որոնք, Ալիևի կարծիքով, «վերադառնալու իրավունք ունեն»:

Ըստ նրա՝ Հայաստանի ղեկավարությունից դեռ պատասխան չի եղել, թե ինչպես են տեսնում ադրբեջանցիների՝ «իրենց պատմական հողեր» (նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը -խմբ.) վերադառնալու գործընթացը:

Ալիևը նաև ասել է, թե խաղաղությունը միայն թղթի վրա գրված տեքստ չէ, այն ենթադրում է հասարակական կոնսենսուս:

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պլանավորում է շարունակել ռուսական զենքի գնումները և հավելել՝ այդ գործընթացը օբյեկտիվ պատճառներով կանգ էր առել։ «Պլանավորում ենք, բայց պետք է ասեմ, որ նվազագույնը վերջին երեք տարիներին ռուսական զենքի գնման պայմանագրեր չեն ստորագրվել»,- ասել է նա:

Ըստ նրա՝ պայմանագրերի ժամանակավոր բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուսական ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է ներքին սպառման համար։

Լեռնային Ղարաբաղում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիները սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից։ Նրա խոսքով՝ երկու ամիս առաջ եղած տվյալներով՝ այնտեղ մոտ 20 հայ է մնացել։

«Նախքան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը, Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը և համաձայնի լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Եվս երկու բան կա, որ հայկական կողմը պետք է անի. առաջինը՝ փոխել իր Սահմանադրությունը, քանի որ Սահմանադրությունը հղում է պարունակում Անկախության հռչակագրին, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, որտեղ է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը:

Սահմանադրության փոփոխությունը մեր քմահաճույքը չէ, դա ուղղակի օբյեկտիվ պայման է»,- ասել է նա։ Բաքվի երկրորդ պայմանը, ըստ Ալիևի, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է. «Քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով, ֆորմալ առումով դա անհնար է անել առանց Հայաստանի համաձայնության: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց չի գործում, այն ֆորմալ առումով գոյություն ունի: Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցի լուծման համար, հիմա ինչո՞ւ է պետք Հայաստանի չցանկանալը լուծարել այն (ԵԱՀԿ Մինսկի խումբը -խմբ.), պետք է մեզ հետ միասին դիմել ԵԱՀԿ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար»։