23/12/2024

Ալիևն անգամ ծաղրում է Իրանին ու Ռուսաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ռուսաստանի պետական հեռուստաընկերության մեկնաբան, պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում, պատասխանելով Ադրբեջանում թուրքական ռազմակայանների հնարավորության մասին հարցին, հայտարարել է, թե դա չի լինի, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա: Ալիևի պատասխանը, իհարկե, որոշակի «ռևերանս» է Ռուսաստանին և Իրանին, սակայն թերևս՝ մակերեսային ռևերանս:

Համենայն դեպս, Ռուսաստանն էլ, Իրանն էլ թերևս լավ են պատկերացնում, որ ըստ էության՝ թուրքական ռազմակայանի անհրաժեշտություն չկա, քանի որ ադրբեջանական զինուժն ինքնին մի մեծ թուրքական ռազմակայան է՝ դե ֆակտո:

Ընդ որում՝ Թուրքիան պարբերաբար է հիշեցնում այդ մասին՝ օասելով, որ Ադրբեջանը չէր կարողանա մտնել Ղարաբաղ, եթե չլիներ Թուրքիայի աջակցությունը: Ադրբեջանական զինուժը, ըստ էության, ամբողջությամբ թուրքական դե ֆակտո հրամանատարության ներքո է, ինչի մասին, թերևս, թարմ վկայությունները հենց այս օրերին ծավալվող ինտենսիվ շփումներ են Բաքվի և Անկարայի միջև՝ պաշտպանական պատվիրակությունների մակարդակում:

Նախօրեին Թուրքիայի ցամաքային զորքերի բարձրաստիճան զինվորականների մեծաթիվ պատվիրակությունն էր ժամանել Բաքու: Դրանից առաջ Բաքվում է եղել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը, իսկ Նախիջևանում համազորային բանակի հրամանատարն էլ եղել է Անկարայում:

Ի դեպ, Նախիջևանում համազորային բանակը, ըստ էության թուրք-ադրբեջանական համատեղ բանակ է, համատեղ տեխնիկական և մարդկային ռեսուրսով: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը Թուրքիայի հետ ունի օկուպացված Շուշիում կնքված հռչակագիրը՝ այդ թվում նաև ռազմական փոխօգնության մասին արձանագրումներով:

Թուրք-ադրբեջանական զորավարժություններն այնքան են հաճախակիացել, որ Ադրբեջանում ոչ ֆորմալ իմաստով գրեթե մշտապես առկա է թուրքական ռազմական կոնտինգենտ: Այլ կերպ ասած, Ադրբեջանում թուրքական ռազմակայանների առկայության անհրաժեշտություն չլինելու մասին Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ էության ոչ թե ռևերանս է Մոսկվայի և Թեհրանի հասցեին, այլ ծաղր:

Այլ հարց է, իհարկե, որ Մոսկվան էլ, Թեհրանն էլ ներկայումս ստիպված են կուլ տալ այդ ծաղրը՝ յուրաքանչյուրն իր մտքում կառուցելով դրա ավարտի իր «տեսլականը»: