21/12/2024

Թուրքիայի ներկայացուցիչների ընդգրկման հարցը Բաքուն կդիտարկի որպես «կոմպրոմիս»

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ Եվրոպական միացյալ ուժերի շտաբի պետի տեղակալի հետ: Ըստ հաղորդագրության, քննարկվել է ՆԱՏՕ-Ադրբեջան գործակցությունը:

Առաջին հայացքից կարող է թվալ աշխատանքային դրվագ, սակայն հատկանշական է, որ այն հաջորդում է Իլհամ Ալիևի հարցազրույցին, որ նա տվել էր Ռուսաստանի պետական հեռուստաալիքին: Ալիևը դրանում խոսել էր նաև այն մասին, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը, որ դիտարկում է հայ-ադրբեջանական սահմանը, փաստորեն վերածվել է ՆԱՏՕ առաքելության:

Ընդ որում, Ալիևի «փաստարկն» այն է, որ դրա մեր ներառվել է նաև Կանադայի ներկայացուցիչը: ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներկայացուցիչներ են ունեցել ԵՄ երկրներ, որոնք ՆԱՏՕ անդամ են, բայց Ադրբեջանը իր «գնահատականի» հիմք է դարձնում Կանադայի մեկ ներկայացուցչի ներգրավումը: Այսինքն, ակնառու է, որ տվյալ պարագայում Ալիևը օգտագործում է ԵՄ ոչ անդամ երկրի հանգամանքը, հայտարարելու համար, որ դե ֆակտո արդեն ՆԱՏՕ առաքելություն է:

Սա իհարկե միամտություն չէ, այլ թերևս ավելի հեռուն տանող հաշվարկի մաս: Դրա համար արժե փոքր-ինչ հետ գնալ և հիշել, որ մոտ երկու ամիս առաջ Ադրբեջանը Բաքվում ընդունելով ՆԱՏՕ պատվիրակությանը՝ միջազգային ռազմական շտաբի պետի գլխավորությամբ, այդ պատվիրակության առաջ բարձրացրել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հարցը, հայտարարելով, որ դրանում օրինակ Ֆրանսիայի ներկայացուցիչների առկայությունը վստահություն չի ներշնչում Ադրբեջանին: Բաքուն այդօրինակ հարցերը երբեք չի բարձրաձայնում պատահական, հենց այնպես:

Ադրբեջանն ըստ ամենայնի ՆԱՏՕ-ի հետ քննարկում է ԵՄ դիտորդական առաքելության կազմում Թուրքիայի ներկայացուցիչների ընդգրկման «գաղափարը», որն էլ թերևս կդարձնի ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետը երկարաձգելու հարցում Բրյուսելի հետ քննարկումների առարկա:

Ադրբեջանը այժմ հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին չպետք է լինի երրորդ կողմի ներկայություն: Ըստ ամենայնի, Թուրքիայի ներկայացուցիչների ընդգրկման հարցը Բաքուն կդիտարկի որպես «կոմպրոմիս»:

Ավելորդ է ասել, որ Թուրքիան բնականաբար ոչ միայն դեմ չի լինի դրան, այլ թերևս հենց Անկարայի հետ է մշակվել այդ հավանական մտադրությունը: Իսկ այդ հեռանկարը կարո՞ղ է լինել նաև Ֆրանսիայի ու Թուրքիայի նախագահների քննարկումների թեմա, որոնք վերջին ամսվա ընթացքում, ըստ էության, հաղորդակցվում են արդեն երկրորդ անգամ:

Նոյեմբերի 7-ին տեղի էր ունեցել նրանց հանդիպումը Բուդապեշտում, իսկ նախօրեին՝ նրանց հեռախոսազրույցը: