«Եվրախորհրդարանը Եվրահանձնաժողովին առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ֆուդա Ալեսկերովի, Վիլայաթ Էյվազովի և Ալի Նաղիեւի դեմ: Մի ներքին ձայն ինձ հուշում է, որ եթե մինչև տարեվերջ մեծ համաներում չլինի, հեռացող Բայդենը պատժամիջոցներ կսահմանի: Եվրոպայում դրան են սպասում, իսկ ԱՄՆ որոշումը ձգձգվում էր Բլինքենի պատճառով»,- ֆեյսբուքյան գրառում է կատարել Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր, Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ Գյուլթեքին Հաջիևան (Հաջիբեյլի):
Նշված անունները միջին-վիճակագրական ընթերցողին գրեթե ոչինչ չեն ասում: Իրականում խոսքը վերաբերում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների: Ֆուադ Ալեսկերովը նախագահի աշխատակազմի վարչական մարմինների հետ աշխատանքի բաժնի պետն է, Իլհամ Ալիևի օգնականը: Նա Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին խոսնակ Մուրթուզ Ալեսկերովի որդին է, նախագահի աշխատակազմում է Հեյդար Ալիևի ժամանակներից:
Վիլայաթ Էյվազովն Ադրբեջանի ներքին գործերի նախարարն է, իսկ Ալի Նաղիևը՝ Պետական անվտանգության ծառայության տնօրենը: Եվրախորհրդարանը երեք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը հիմնավորում է մարդու իրավունքների բռնաճնշումներին, քաղաքացիական իրավունքների սահմանափակմանը նրանց անմիջական մասնակցությամբ:
Ընդ որում, պաշտոնյաների անունները թվարկվում են այնպիսի հերթականությամբ, որ հասկացվում է, որ հրահանգներն ստացվում են անմիջապես Իլհամ Ալիևից՝ նրա օգնական, վարչական, այսինքն՝ պատժիչ, մարմինների գործունեությունը համակարգող Ֆուադ Ալեսկերովի միջոցով:
Ավելի վաղ արևմտյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ հանդես են եկել անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ահաբեկչական պատերազմի անմիջական մասնակից ադրբեջանցի մի խումբ զինվորականների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությամբ:
Ըստ տարածված տեղեկատվության՝ օրենսդրական այդ նախաձեռնությունը պաշտոնապես գրանցվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում: Հետագա ընթացքի մասին տեղեկություններ առայժմ չկան:
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ահաբեկչական պատերազմի նախապատրաստմանը, Հակարոյի կամրջի ապօրինի անցակետում հայազգի անձանց առեւանգմանը և ԼՂՀ նախկին նախագահների ու այլ պաշտոնյաների պատանդառությանն ուղղակի մասնակցություն է ունեցել Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նաղիեւը, ինչպես նաև նրա առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկին:
Առայսօր ոչ ոք չի փարատել հիմնավոր կասկածները, որ սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի մերձակայքում բելզապահեստի ավելի քան 200 մարդու կյանք խլած պայթյունը կազմակերպել և իրակաանցրել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները, կոնկրետ՝ Պետական անվտանգության ծառայությունը, որի տնօրեն Ալի Նաղիևն այդ օրերին գտնվել է արդեն Ստեփանակերտում:
Ի՞նչ որոշում կընդունի Եվրահանձնաժողովը կամ ԱՄՆ հեռացող նախագահն իրոք Ադրբեջանի ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի, թե պետքարտուղար Բլինքենը դարձյալ Ալիևի համար կբարեխոսի,- եթե, իհարկե, Գյուլթեքին Հաջիևան ճիշտ է տեղեկացված՝ դժվար է կանխատեսել: Բայց որ Ալիևի ռեժիմի հանցավոր բնույթը միջազգայնացվել է՝ կարծես թե փաստ է: Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի:
Այլապես բոլոր բռնատեղահանվածներն իրավունք կունենան հավատալու Դոգին, որ ասում է, թե Սամվել Շահրամանյանին ընտրած 22 պատգամավորից յուրաքանչյուրը 100 միլիոն դրամ «կանխավճար» է ստացել:
Բաց մի թողեք
Բաքուն իրեն համարում է ուժեղ կողմ, քանի դեռ համարում է, որ ուժերի բալանսն իր օգտին է
Միլիարդավոր դոլարների «կեղտոտ» ոսկին Ռուսաստանից դուրս է գալիս Հայաստանի միջոցով
Իրանն ու Ռուսաստանն իրար են մեղադրում Սիրիան կորցնելու հարցում