21/12/2024

Հայության սին հույսերը Թրամփից, թե նա կգա ու կհանդարտեցնի Ալիևին

«Ես Եվրամիությանն ասել եմ, որ պետք է լրացնի Միացյալ Նահանգների հետ առևտրական հաարբերությունների ահռելի դեֆիցիտը՝ մեր նավթի և գազի գնման ծավալների զգալի մեծացման միջոցով: Հակառակ դեպքում նրան սպասում են «ամբողջ ծրագրով» մաքսատուրքեր»,- սոցիալական ցանցում այս բովանդակությամբ գրառում է կատարել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը:

Որ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը խնդրահարույց է լինելու ոչ միայն ԱՄՆ մրցակից, այլև դաշնակից երկրների համար՝ շատ փորձագետներ կանխատեսում էին ի սկզբանե: Որոշ վերլուծաբաններ անգամ կարծում են, որ նա շատ բարդ ընտրություն է թելադրելու նաև ՆԱՏՕ-ին՝ առաջարկելով, որ անդամ երկրներն իրենք հոգան սեփական անվտանգության ծախսերի մեծ մասը, ոչ թե հուսան, որ բոլոր հաշիվները Միացյալ Նահանգներն է փակելու:

Կանխատեսվում է, որ աշխարհում ԱՄՆ տնտեսական գերիշխանությունը վերահաստատելու նպատակով Դոնալդ Թրամփը պատերազմ է հայտարարելու նավթային երկրներին: Ըստ որոշ աղբյուրների՝ նրա վարկազմն աշխատելու է բոլոր լծակները գործի դնել, որպեսզի նավթի գներն իջնեն բարելի դիմաց 40 դոլարի:

Եվրամիությանն ուղղված սոցցանցային «վերջնագիրը», հավանաբար, այդ քաղաքականության անոնսավորում է: Մեծացնել ԱՄՆ-ից նավթի և գազի գնման ծավալները՝ նշանակում է կրճատել այլ աղբյուրներից գնումները: Նավթի և գազի համաշխարհային շուկայում ի՞նչ իրավիճակ կստեղծվի, ինչպե՞ս է ԱՄՆ նոր վարչակազմը հարաբերություններ կառուցելու Պարսից ծոցի նավթա-գազային «ասեղի վրա նստած» երկրների հետ, որ տարածաշրջանում իր դաշնակիցներն են՝ ցույց կտա ժամանակը:

ԵՄ-ին Թրամփի «վերջնագիրը» հրապարակայնացվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին գրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակից հետո: Ալիևը Եվրահանձնաժողովի նախագահին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորելուց զատ նրան առաջարկել է վերսկսել էներգետիկ ծրագրերի հարցով բանակցությունները:

Խոսքն, անկասկած, Եվրամիության երկրներ ադրբեջանական գազի մատակարարման ծավալների մասին է: Ըստ 2021թ. Բաքվում ստորագրված համաձայնագրի՝ Ադրբեջանը 2027թ. ԵՄ երկրներ գազի արտահանման տարեկան ծավալը պետք է հասցնի 20 միլիարդ խորանարդ մետրի: Այդ խնդրի շուրջ արդեն իսկ առկա են ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական բնույթի բարդություններ:

Եվրամիությունը, ինչպես արևմտյան մամուլն է հայտնում, կասկածներ ունի, որ Ադրբեջանը «պարզապես վերավաճառում է ռուսական գազը»: Այդ հարցը նաև Ուկրաինային է անհանգստացնում: Բարդ իրավիճակ է Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև գազային գործարքի հարցում:

Նման իրավիճակում ԱՄՆ ընտրված նախագահի «վերջնագիրը» Եվրամիության համար լրջագույն խնդիրներ է հարուցում: Ներկայումս ԵՄ երկրներ արտահանվող ադրբեջանական գազի տարեկան ծավալը կազմում է շուրջ 8 միլիարդ խորանարդ մետր: Դա այն ծավալը չէ, որ հնարավոր չէ փոխարինել ամերիկյան հեղուկ գազով:

Մանավանդ որ Եվրահանձնաժողովն Ադրբեջանի հետ ուղղակի պայմանագիր չունի. գործարքն իրականացնում են մասնավոր ընկերությունները, որ շուկայում ավելի մատչելի գին առաջարկելու դեպքում լիովին ազատ են խզելու ադրբեջանական Socar-ի հետ ունեցած «լողացող պայմանագիրը»:

Եվրամության «էներգետիկ անվտանգության ապահովման» ալիևյան ծրագիրն, ինչ խոսք, տնտեսականից առավել քաղաքական նշանակություն ունի: Ամենևին էլ պատահական չէ, որ Եվրահանձնաժողովի նախագահ Լյայենը Բաքու է այցելել 2021թ. մայիսին՝ քառասունչորսօրյա պատերազմից մի քանի ամիս անց: Եվ Եվրոպայի, եվրոպական կառույցների հետ Իլհամ Ալիևի ամբարտավան երկխոսությունը նույնպես այդ հաշվարկով է:

ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո գործնականում ի՞նչ քայլեր կձեռնարկի Դոնալդ Թրամփը: Փորձագետների մեծ մասը գտնում է, որ նա «գործարար աշխարհի մարդ է և քաղաքականության մեջ գործում է նույն սկզբունքով»:

Եվրամիությունը, հավանաբար, կմեծացնի ամերիկյան նավթի և գազի գնումների ծավալները: Բաքուն, ըստ այդմ, ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման մասնակցի դիրքային կորուստներ կունենա կամ նվազագույնը լրացուցիչ լծակներ չի ունենա: