Գերմանիայի արտաքին գործերի նախարար Բերբոկը ժամանել է Անկարա: Թուրք պաշտոնակից Ֆիդանի հետ նրա բանակցությունների մասին պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի տարածվել:
Թուրքական մամուլը, հղելով արտաքին գործերի նախարարության աղբյուրին, հայտնում են, որ կողմերը քննարկել են նաև «Հարավային Կովկասում իրավիճակը»: Ըստ այդմ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման պատմական հնարավորությունն օգտագործվել է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, սակայն, հավելել է, որ երրորդ կողմերն այդ գործընթացին պետք է մասնակցեն արդարացիորեն և անաչառ: Բաքվի մամուլը Ֆիդանի այս միտքը ներկայացրել է որպես Թուրքիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ անաչառ գտնվելու պահանջ, որ նա այս դեպքում կոնկրետ ներկայացրել է Գերմանիային:
Գերմանիան հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդության լուրջ և հետևողական փորձ չունի մեկ անգամ կանցլեր Շոլցը նախաձեռնել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում, բայց եթե անգամ Բեռլինը փորձել է ինչ-որ գործընթաց սկսել, ապա այն հետագա զարգացում չի ունեցել: Առարկայական արդյունք չի արձանագրել նաև Գերմանիայի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Թուրքիա է այցելել մի իրավիճակում, երբ Անկարայի համար առաջնահերթություն է Սիրիայի ներքին իրավիճակի կառավարումը, բայց Բերբոկ-Ֆիդան բանակցությունների մասին Թուրքիայի ԱԳՆ անանուն աղբյուրն այդ հարցի շուրջ ոչինչ չի ասել: Փոխարենը տեղեկացրել է, որ Թուրքիան շարունակում է պատրաստակամ մնալ՝ իր ներդրումը բերելու ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:
Այս առումով ուշագրավ է արեւմտյան որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, որ կանցլեր Շոլցը պատրաստվում է «մոտակա օրերին այցելել Մոսկվա՝ ներկայացնելու ուկրաինական կարգավորման առաջարկություններ»: Գերմանիայի ԱԳՆ-ն այդ լուրը չի հաստատել, իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ Մոսկվան «կանցլեր Շոլցի այցի հայտ չի ստացել»:
Գերմանիայում կոալիցիոն կառավարությունը վստահության քվե չի ստացել, առաջիկայում կկայանան խորհրդարանական ընտրություններ: Այս իրավիճակում, բնականաբար, Մոսկվան չի կարող շահագրգռված լինել ուկրաինական կարգավորման «Շոլցի ծրագրի» քննարկմամբ: Ռուսաստանում սպասում են Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնամուտին, նոր վարչակազմի և Թրամփի դիվանագիտական թիմի ձևավորմանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարի կողմից գերմանացի պաշտոնակցին հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդության վերաբերյալ արված «դիտողությունից» կարելի է ենթադրել, որ Երևան-Բաքու «սեպարատ համաձայնագրի» ստորագրումն Անկարան բացառում և «հարավկովկասյան կարգավորումը» գնահատում է աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:
Այս դիտանկյունից եթե գնահատելու լինենք, ապա, թերևս, կարևոր է կռահել՝ Անկարան հայ-ադրբեջանական հավանական կարգավորումը համարում է «նոր իրավիճակի արդյու՞նք», թե իր համար «նոր արդյունքի իրավիճակ ստեղծելու հավելյալ հնարավորություն»:
Սիրիայում Ասադի ռեժիմի տապալումից հետո Թուրքիան փորձում է միջազգայնացնել իր «ժողովրդավարական մոդելը»: Պետք է խոստովանել, որ այդ տեսակետը որոշակի ընկալման է արժանացել հատկապես Եվրամիությունում:
Բրյուսելը, իհարկե, իր պրագմատիկ հաշվակրն ունի. սիրիական որևէ շկարգավորում նրան ազատում է Ասադի ռեժիմից փախստականների կարիքները հոգալուց և շատ որոշակիորեն կարգավորում միգրացիոն սպառնալիքը: Բայց Անկարան, ինչպես ցույց են տալիս դիվանագիտական վերջին հղումները, Սիրիայով սահմանափակվելու մտադրություն չունի:
Էրդողանը կփորձի՞ Փաշինյան-Ալիև գագաթաժողով կազմակերպել և հասնել հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման: Եթե Ֆիդանն ասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երրորդ կողմերն «արդարացի և անաչառ չեն», ուրեմն այդ առաքելությունը վերագրում է իր երկրին:
Բաց մի թողեք
Ադրբեջանը հօգուտ Իսրայելի՝ մերժում է Թուրքիային. Ինչ սպասել …
Հայության սին հույսերը Թրամփից, թե նա կգա ու կհանդարտեցնի Ալիևին
Թուրքիայի ներկայացուցիչների ընդգրկման հարցը Բաքուն կդիտարկի որպես «կոմպրոմիս»