Մի քանի օրից կավարտվի 2024 թվականը, և ավանդաբար այս շրջանում ընդունված է ամփոփել տարին՝ վերհիշելով ձեռքբերումներն ու կորուստները, նվաճումներն ու ձախողումները։
Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել Հայաստանը և այն կառավարող ուժը և ինչ ձեռքբերումներ՝ կառավարող ուժի ինստիտուցիոնալ այլընտրանքը՝ խորհրդարանական ընդդիմությունը։ Քանի որ Հայաստանը մի երկիր է, որին «տանջող ցավը» հարևանների հետ հարաբերությունների նորմալացումն ու կարգավորումը և այն փաստաթղթավորելն է՝ մասնավորապես «խաղաղության պայմանագրի» տեսքով, ապա բոլորիս հայացքն ուղղված է դեպի արտաքին այդ կարևոր խնդրին։ Անշուշտ, կարելի է ձեռքբերում համարել, որ այս տարի հնարավոր եղավ նվազեցնել (կանխել) Ադրբեջանի կողմից էսկալացիայի ռիսկը, ինչը, այո, ձեռքբերում, եթե կուզեք՝ նվաճում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի ախորժակով ու բանակցային վարքագծով աչքի ընկնող հարևանի հետ գործ ունի մեր երկիրը։ Հարկավ, պետք է ձախողում համարել այն, որ այս տարի էլ հնարավոր չեղավ վերջապես ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը՝ իրավական երաշխիք ստեղծելով դրա հետագա իմպլեմենտացիայի համար։ Միաժամանակ, սակայն, այս համատեքստում կարևոր ձեռքբերում կարելի է համարել այն, որ գործընթացը սառեցված չէ, կանգ չի առել, Սերժ Սարգսյանի տերմինով՝ «փակուղում» չէ, և ընթանում են բանակցություններ այն վերջնականացնելու ուղղությամբ։ Հարկ է նշել, որ բանակցվող փաստաթղթի 17 կետերից 15-ը համաձայնեցված է, վիճահարույց և կամ չհամաձայնեցված կետերն էլ առնչվում են միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցեր չներկայացնելուն և ՀՀ-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը (ՀՀ-ի դեպքում՝ ԵՄ քաղաքացիական դիտորդների)։ Հիշեցնենք՝ օրերս «Արմենպրեսս»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ են փոխանցվել Ադրբեջանին, որոնց վերաբերյալ դեռևս պատասխաններ չեն ստացվել:
Այս տարի ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման առարկայական, շոշափելի ձեռքբերումը պետք է համարել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի երկուստեք վավերացում-ստորագրումը և որպես սահմանազատման գործընթացի շոշափելի առհավատչյա՝ Տավուշի մարզի հատվածում սահմանազատված սահմանի առկայությունը։
Արդ, ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել սահմանազատման գործընթացը և առհասարակ՝ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները գանահարող, դրանց հայաստանանպաստ լինելը կասկածի տակ դնող խորհրդարանական ընդդիմությունը։ Սովորաբար ժողովրդավարական այն երկրներում, որտեղ ընդդիմությունն իր գործունեության նպատակը հռչակում է ոչ թե ամեն գնով ռևանշի հասնելը, այլ խորհրդարանական կառուցողական աշխատանքի միջոցով իրեն դիրքավորում է որպես իշխանության ռեալ այլընտրանք, առաջարկում է պետության շահերից բխող, ամենակարևորը՝ ադեկվատ այլընտրանքային ծրագրեր, արձանագրում է ձեռքբերումներ՝ նվազագույնը հանրային աջակցության ցուցիչի աճման տեսքով։ Մինչդեռ սոցիոլոգիական հարցումները հակառակի՝ շեշտակի անկման մասին են վկայում (ի համեմատ 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ունեցած հանրային վստահության): Միջազգային հեղինակավոր՝ հանրային կարծիքի ուսումնասիրման կազմակերպության՝ IRI-ին ս.թ. մարտին հրապարակված հարցումների համաձայն՝ եթե «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու ցանկություն էր հայտնել 3%-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին՝ 2%-ը, ապա հոկտեմբերին հրապարակված տվյալներով՝ «Հայաստան դաշինք»-ին ու նախկին իշխող ուժին՝ Հանրապետականին, իր ձայնը կտար հարցվածների 2-ական տոկոսը։
Թերևս պետք է ընդդիմության համար ցավով արձանագրել, որ «կանաչ վիշապի» տարին՝ 2024 թվականը, կրկնեց «սև վագրի» (2022 թ.) և «սպիտակ առնետի» (2020) տարիների ընթացքը՝ ընդդիմության փողոցային պայքարի առաջ, որքան էլ այն «սրբազան» հորջորջվեց, ՀՀ քաղաքացիները «կանաչ լույս» չվառեցին։ Սև կապան սպիտակ բալախոնով փոխարինած ու Տավուշից մեկնարկած քայլերթը դեպի Երևան առաջնորդած արքեպիսկոպոսը, հանդիպելով լայն հանրության «դիմադրությանը», ստիպված եղավ դադարեցնել իշխանափոխական օրակարգով փողոցային պայքարն ու… պասիվանալ։ Չենք բացառում, որ եկող՝ կանաչ օձի տարում ևս խորհրդարանական ընդդիմությունը, ապացուցելով, որ զուրկ է այդ սողունին հատուկ իմաստնությունից, վերստին փորձի «բախտը» փողոցում որոնել, միայն թե դժվարանում ենք կռահել, թե այս անգամ ում դեմքով դուրս կգա «որոնումների»։ Թեև չի բացառվում, որ նույն արքեպիսկոպոսն էլ վերաառաջնորդի վերսկսվելիք շարժումը՝ ի կատարումն մի քանի ամիս առաջ տրված՝ «մայիսին սկսել ենք, մայիսին էլ ավարտելու ենք» խոստման։ Այսուհանդերձ, փողոցային պայքարի ձախողման ֆոնին որպես «ձեռքբերում» կարելի է համարել ընդդիմության առանձին գործիչների անկաշկանդ խոստովանությունը, որ, այո՛, իրենք ձախողել են։ Իրականության դաշտ վերադառնալը, սեփական ուժերը ադեկվատ գնահատելն ու այս ամենից բխող մտահանգումներով բարձրաձայն կիսվելը, այո՛, ձեռքբերում է։
Հ.Գ. Հարկ է նկատել, որ որպես սրբազան շարժման «կարևոր ձեռքբերում» քարոզվում էր այն, թե Գալստանյանին հաջողվել է կոնսոլիդացիա ապահովել իր շուրջը՝ նույն սեղանի շուրջ նստեցնելով «օրգանապես անհամատեղելի» քաղաքական ուժերին, ասենք՝ ՊՊԾ գունդը 2016-ին գրաված «Սասնա ծռերին»՝ այժմ որպես «ԱԺԲ»-ականներ, և ՀՀԿ-ին։ Նկատենք, սակայն, որ այս ձեռքբերումն էլ ժամանակավոր էր, և որոշ ժամանակ անց ԱԺԲ-ն իր «խոդով» հեռացավ սրբազանից։ Հարկ է նկատել, որ նույն ԱԺԲ-ականներից մեկը՝ Արա Պապյանը, օրերս անոնսեց ՀՀ-ում գարնանը տեղի ունենալիք հերթական հայրենափրկչա-հեղաշրջման մասին, որը, ըստ նրա, պետք է իրականացվի ՌԴ-ի ձեռամբ։ Իսկ թե ում կատարմամբ՝ կարելի է գուշակել։ «ՌԴ-ն նախ ինքն է փորձելու էստեղ իրականացնել հեղաշրջում՝ ոչ թե հեղափոխություն։ ՌԴ-ն չի ուզում երախտապարտ լինի Ալիևին ՀՀ-ում իշխանափոխության համար, մի անգամ Ալիևը իշխանափոխություն արել ա, հերիք ա, ՌԴ-ն ինքն ա փորձելու։ Այ երբ որ ՌԴ-ի մոտ չստացվի, ինքը կխնդրի, կհանձնարարի Ալիևին, այ էդ ժամանակ արդեն պատերազմը կդառնա ռեալ։ Ես կարծում եմ՝ նման հարց կբարձրանա գարնանը»։
Հ. Մ.
Բաց մի թողեք
Փաշինյան – Պուտին հանդիպում նախատեսվում է Սանկտ Պետերբուրգում
Ադրբեջանից առ այս պահը չի ասվել, որ իրենք ևս չունեն Հայաստանի հանդեպ որևէ մտադրություն
Օսկանյանը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն է արել՝ հուշելով Ալիևին՝ մտիր և վերցրու «Զանգեզուրի միջանցքը»