Պաշտպանության նախարարությունում շարունակվում է որոշ մարդկանց տուն ճանապարհելու գործընթացը, որի նպատակը նախարար Սուրեն Պապիկյանի դեմքը մաքրելն է՝ առկա բազմաթիվ թերությունները ենթակաների վրա «դուրս գրելով»։
Սպասվող պաշտոնանկություններից նշանակալին, թերեւս, պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի աշխատանքից ազատումն է։ Ասում են՝ նրա գլխին վաղուց էին սեւ ամպեր կուտակվել։ «Բրուտի պաշտոնաթողությունը 50/50 է, ամենայն հավանականությամբ՝ նա կհեռանա»,- կարծում է ՊՆ-ի մեր տեղեկացված աղբյուրը։ Ըստ նրա՝ դա կապված է ՊՆ գործընկեր մի շինարարական ընկերության հետ։
Այս ընկերությունը ՊՆ-ի համար գործ է արել, բուժկետ է սարքել, սակայն խնդիրներ է ունեցել շինվարչության հետ։ Կարեն Բրուտյանն առաջարկել է ընկերությանը՝ կոշիկի արտադրամաս հիմնել եւ կոշիկ կարել ՊՆ-ի համար։ Տղաները գնացել, վարկեր են վերցրել` շուրջ մեկ միլիոն դոլարի, արտադրամասը հիմնել են, ապրանքը բերել, ցույց են տվել, բայց ՊՆ-ն հրաժարվել է գնումից։
Ասում են՝ ընկերության ներկայացուցիչները մտել են նախարարի մոտ, ձայնագրիչով, եւ «կինո» սարքել` գոռգոռոցներով, վիրավորանքներով, այնպես, որ նախարարի անվտանգության աշխատողները ստիպված են եղել միջամտել։ Այս բարձր տոնայնությամբ «առանձնազրույցի» ընթացքում Պապիկյանը մեղավոր է կարգել Բրուտյանին՝ ասելով, որ նա է որոշողը: Դե, արտադրողներն էլ զարմացել են` եթե նա է որոշողը, ապա Դուք ի՞նչ եք անում, պարոն նախարար, մարդկանց բերում` «քցում» եք, էս եք անում, էն եք անում։ Իրավապահ աղբյուրի փոխանցմամբ՝ ձայնագրությունը քննչականներից մեկում է։
Այս սկանդալի, «քցված» ընկերության մասին հարցրինք փոխնախարար Կարեն Բրուտյանին։ Փոխնախարարն ասաց, որ կա վեճ, որն օրենսդրությամբ սահմանված կարգով ընթանում է։ Եվ ներկայացրեց, որ 3 տարբեր ընկերություն կոշիկի արտադրության հետ կապված վեճ ունեն իրար հետ, որը քննվում է օրենքի սահմաններում, եւ հույս կա, որ լուծում կգտնվի։ Բայց խորհուրդ տվեց` «եթե ուզում եք արժանահավատ դատողություններ անել այս ամենի մասին», լավ կլինի՝ դիմեք ՊՆ լրատվականին, քանի որ ՊՆ-ի հետ կապված հարցերի շոշափումը «զգայուն թեմա է», եւ ես լիազորված չեմ որեւէ տեղեկություն տալ։ Նրան այլ` «ոչ աշխատանքային» հարցեր ուղղեցինք, իր անձի հետ կապված, քանի որ Կարեն Բրուտյանը ՊՆ ամենահարուստ պաշտոնյաներից է համարվում։
Մամուլը պարբերաբար գրում է նրա կողմից ձեռք բերվող անշարժ գույքերի, նրա տիրապետած ահռելի ֆինանսական միջոցների մասին։ Վերջերս էլ նոր լուր կար, թե, քանի որ շուտով Կարեն Բրուտյանը գնալու է համակարգից, նա կապիտալի բաշխում-տեղափոխումներ է կատարում եւ մոտ 1 ամիս առաջ, իբր, ահռելի հողատարածք է գնել Մեղրաձոր համայնքում եւ 7-8 մլն դոլար արժողության բիթքոյին է ուղարկել ԱՄՆ։ Լսելով այս հարցը՝ Բրուտյանը երկար ծիծաղեց, ապա հայտնեց․ «Ես Հանքավանում ունեցվածք ունեմ, որն իմ հայտարարագրում նշված է, որը որեւէ փոփոխության չի ենթարկվել 2003 թվականից, եթե չեմ սխալվում»։
– Ձեր աստղաբաշխական հարստությունը, որի մասին այդքան խոսում են, սո՞ւտ է, լեգե՞նդ է, որ Դուք ՊՆ ամենաազդեցիկ ու հարուստ պաշտոնյաներից եք։
– Ենթադրում եմ։ Ազդեցիկի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց մնացածը, իհարկե, սուտ է։ Իմ աշխատանքի բնույթն առանձնապես հրապարակայնություն չի ենթադրում, բայց ես թաքցնելու ոչինչ չունեմ ու շատ անհոգ եմ այս իմաստով։
– Ձեզ հայտնի՞ է, որ Ձեր պաշտոնանկության մասին են խոսում համակարգում։
– Ոչ, բացարձակ։
– Դուք չե՞ք պատրաստվում դիմում գրել։
– Բացարձակ։
Կարեն Բրուտյանը պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսից, մինչ այդ ֆինանսների նախարարի, նաեւ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն է եղել։
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել, ինչու ․․․
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան