05/02/2025

Ադրբեջանաիսրայելական հետևություններ կլինեն արդյոք Ռուսաստանի հետ հարաբերություններում

Իսրայելի ազգային ավիափոխադրող El Al ընկերությունը ադրբեջանական ավիաուղիների՝ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացրած օդանավի աղետից հետո մեկ շաբաթով դադարեցրել է թռիչքները դեպի Ռուսաստան:

Իսրայելական հեռուստատեսությունը հայտնել է, որ հաջորդ շարբաթ կիրականացվի իրավիճակի նոր գնահատում, որից հետո կկայացվի թռիչքները վերսկսելու վերաբերյալ որոշումը: Իսրայելի այդ արձագանքը բավականին հատկանշական է, մասնավորապես այն գնահատականների ֆոնին, որ ադրբեջանական օդանավը հնարավոր է վնասվել է ռուսական ՀՕՊ գործողության հետևանքով, որ Չեչնիայում գործի է դրվել ուկրաինական անօդաչուների դեմ պայքարի համար:

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, օդանավը վնասվել է հրթիռի մոտ պայթյունից, ինչից հետո վնասված վիճակում թռչել է դեպի Ակտայ, քանի որ ռուսական օդանավակայաններում թույլ չեն տվել կատարել վայրէջք: Այդ տեղեկություններն անանուն աղբյուրներով հղումներ են, պաշտոնապես դեռևս չի շրջանառվում որևէ վարկած: Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ քանի դեռ չկա քննության եզրակացություն, պետք չէ շրջանառել որևէ «հիպոթեզ»:

Հատկանշական է, որ թեման շրջանցվել է նաև Սանկտ Պետերբուրգում Պուտինի ճեպազրույցի ընթացքում, որ հաջորդել է ԵՏՄ գագաթնաժողովին: Չի հնչել թեմայի վերաբերյալ որևէ հարց և չի եղել պատասխան:

Այդ ֆոնին, Իսրայելի ազգային ավիափոխադրողի որոշումն իսկապես նշանային է: Այստեղ կա հետևյալ հանգամանքը: Իսրայելի ազգային ավիափոխադրող ընկերությունը թռիչքներ է իրականացնում Մոսկվա:

Թերևս, կասկած չկա, որ թռիչքների վերաբերյալ որոշումը կայացրել է ոչ թե ավիաընկերությունը, այլ թերևս քաղաքական ղեկավարությունը, կամ առնվազն քաղաքական ղեկավարության հետ համաձայնեցված, քանի որ այդօրինակ իրավիճակներում նման որոշումներն ակնհայտորեն պարունակում են քաղաքական համատեքստ:

Փաստորեն այդ որոշումով Իսրայելն ակնարկում է, որ անվտանգ չէ անգամ դեպի Մոսկվա՞ թռիչքը, թե՞ ակնարկը ունի այլ տողատակ, որ հնարավոր է ՀՕՊ գործողությունը ամենևին էլ չի եղել ողբերգական թյուրիմացություն, և Իսրայելը գուցե առնվազն կասկածներ ունի այդ կապակցությամբ: Ի դեպ, այս հանգամանքը ուշադրության է արժանի այն խորը գործակցության ֆոնին, որ կա Իսրայելի և Ադրբեջանի միջև:

Ի դեպ, 23 տարի առաջ՝ 2001 թվականի հոկտեմբերի 4-ին, Սև ծովի վրա ողբերգություն տեղի ունեցավ Թել-Ավիվ-Նովոսիբիրսկ չվերթի հետ, որն իրականացնում էր իհարկե ոչ թե իսրայելական, այլ ռուսական Սիբիր ավիաընկերությունը:

Թել-Ավիվ-Մոսկվա չվերթը իրականացնող Տու154 օդանավը խոցվեց C200 ՀՕՊ կայանի հրթիռով, որ գործի էր դրել ուկրաինական ՀՕՊ ստորաբաժանումը՝ Ղրիմում անցկացվող ռուս-ուկրաինական համատեղ զորավարժության ընթացքում: