Նիկոլ Փաշինյանի հերթական ֆեյսբուքյան գրառումը էթիկայի մասին է, ինչ-որ պրոֆեսորի հղումով, որի մասնակցությամբ տեսանյութը Փաշինյանը դիտել է համացանցում: Տեսանյութը վերաբերել է էթիկայի պահպանմանը, դրա խախտումից բխող ընդհուպ անվտանգության ռիսկերին:
Փաշինյանի ֆեյսբուքյան այդ գրառումը գուցե չլիներ որևէ կերպ հիշարժան, եթե այն անմիջապես չհաջորդեր քաղաքապետ Տիգրան Ավինյանին առնչվող մի աղմկոտ տեսանյութի, որտեղ «հերոսը» Ավինյանի հայրն է:
Տեսանյութին արդեն ծանոթ են, թերևս, բոլորը, չարժե վերաշարադրել դրա բովանդակությունը: Այդպիսով, այդ տեսանյութին անմիջապես հաջորդում է Նիկոլ Փաշինյանի գրառումը էթիկայի մասին: Կասկածից վեր է, որ դրա պատճառն աղմկոտ տեսանյութն է: Իսկ Փաշինյանի գրառման բովանդակությունը բավականին բազմիմաստ է: «Եթե դու շփման մեջ և կյանքում էթիկական նորմեր չես պահպանում, դա առաջ է բերելու հակազդեցություն այն սուբյեկտի կողմից, ում նկատմամբ էթիկան խախտված է»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:
Ի՞նչ է դա նշանակում: Արդարացնո՞ւմ է, երբ պետական պաշտոնյաները կամ նրանց մերձավորները դրսևորում են հանրության նկատմամբ էթիկայի կոպիտ խախտում, դրա պատասխանատվությունը դնում է հանրությա՞ն վրա՝ պաշտոնյաների կամ նրանց մերձավորների վարքը ներկայացնելով որպես հակազդեցություն իրենց նկատմամբ էթիկայի խախտումներով հանրային վարքին, թե՞ զգուշացնում է հենց պետական պաշտոնյաներին ու նրանց հարազատներին, որ էթիկայի խախտումները կարող են բերել հանրային հակազդեցության:
Ընդ որում՝ եթե երկրորդն է, ապա Փաշինյանն իրավացի է, եթե առաջինը, ապա՝ ոչ: Հանրությունը կարող է պաշտոնյաների հանդեպ լինել շատ խիստ, դուրս գալ էթիկայի սահմաններից, սուր ընդդիմախոսել, նախատել և այլն:
Պաշտոնյաների համարժեք արձագանքը չի կարող որևէ կերպ լինել ընդունելի և բացատրելի, այդ թվում նաև նրանց հարազատների: Որովհետև, էթիկական կարևոր, կենսական հավասարակշռությունը, որի մասին խոսում է Փաշինյանը, պետք է ձևավորվի հենց պաշտոնյաների և նրանց հարազատների վարքի հիմքով, ելակետով:
Այդպես է ոչ միայն Հայաստանում, այդպես է ամբողջ աշխարհում, կամ առնվազն՝ առաջադեմ աշխարհում: Վերնախավային, պաշտոնեական կարգավիճակը պարտավորեցնում է, այդ թվում նաև էթիկայի հարցում, նույնիսկ, եթե որևէ պաշտոնյա համարի, որ իր հանդեպ է խախտվել էթիկան:
Այդպիսով, իր գրառումով ո՞ր ազդակն է փոխանցում իր թիմին ու համակիրներին Նիկոլ Փաշինյանը՝ «ատամ ընդ ատամա՞ն», թե հակառակը՝ դրանից զգուշանալու և սեփական վարքն այնպես կառուցելու, որ իրավիճակը չհասնի դրան:
Հաշվի առնելով այն, որ Փաշինյանը թեմային անդրադարձել է այսպես ասած բազմիմաստ գրառումով, որը կարող է մեկնաբանվել թե այս, թե այլ կերպ, հնարավոր է եզրակացնել, որ նա առնվազն պատրաստվում է հարցն իր ձեռքում դարձնել այսպես ասած ներիշխանական ևս մի լծակ:
Եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի առաջնորդվում «խելագարության կանխավարկածով» և իր թիմակիցներին չի հուշում «ատամ ընդ ատաման» սկզբունքը:
Բաց մի թողեք
Ադբրբեջանը հավակնում է դառնալ ռեգիոնալ «լիդեր». Բայրամովը` Հայաստանի Սահմանադրության և «ռևանշիզմի» մասին
Ադրբեջանցիները ոչինչ են Իլհամ Ալիևի համար
Էրդողանին կհաջողվի՞ քրդամետ ուժերին համախմբել իր և ծայրահեղ ազգայնական Բահչելիի դաշինքի շուրջ