13/01/2025

Ներքաղաքական կոնյուկտուրայից բխող տեղեկատվաքարոզչական պայքարի շղթան

Ի՞նչ խնդիր կարող է լուծել ղարաբաղյան կարգավորման գործընթացում համանախագահների առաջարկների հանրայնացումը՝ դրանց տրված Հայաստանի պաշտոնական պատասխանի հետ միասին:

Մեծ հաշվով և գործնականում՝ ոչ մի էական խնդիր: Եթե որևէ մեկը կարծում է, թե հանրայնացվելու դեպքում ամեն ինչ դրվելու է իր տեղն ու այլևս դադարելու են գործընթացի վերաբերյալ ներքաղաքական բանավեճերը, ներքաղաքական նենգափոխումները, տեղեկատվաքարոզչական արշավները և այլն, ապա դա թերևս մոլորություն է:

Մոլորություն է նախ և առաջ այն պարզ պատճառով, որ, ինչքան էլ պրոցեսը փաստաթղթավորված, այդուհանդերձ, մաթեմատիկական գործողություն չէ, որ եղել է: Այսինքն՝ քաղաքական, դիվանագիտական փաստաթղթերը միշտ էլ, ըստ էության, ենթակա են մեկնաբանության: Անգամ օրենքներն են շատ դեպքերում ենթակա իրավական մշակույթից և փիլիսոփայությունից բխող մեկնաբանությունների: Դիվանագիտական-քաղաքական փաստաթղթերը՝ առավել ևս:

Հատկապես, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը ուղեկցվել է աշխարհաքաղաքական մոտիվների բարդ հանգույցով, բազմաշերտ ու բազմակողմ զուգահեռ պրոցեսներով, որոնք նաև էապես պայմանավորել են թե՛ փաստաթղթերը, թե՛ դրանց հանդեպ դիրքորոշումները:

Եվ խիստ սուբյեկտիվ է լինելու որևէ դիրքորոշման տրվող գնահատական, եթե ամբողջապես չի շոշափելու տվյալ ժամանակահատվածի հարակից գործոնների ամբողջությունը: Իսկ դրա համար պետք է ուրեմն հանրայնացվեն նաև օրինակ երկկողմ ու բազմակողմ մի շարք շփումների, բարձր մակարդակով, արտգործնախարարների մակարդակով հանդիպումների ու զրույցների սղագրություններ:

Այլ կերպ ասած, պարզ է, որ պարզապես կարող է սկսել քանդվել մի կծիկ, որը չունի վերջ: Հետևաբար, ներքաղաքական կոնյուկտուրայից բխող տեղեկատվաքարոզչական պայքարի շղթան ոչ միայն չի հասնելու վերջին՝ փաստաթղթերի հանրայնացման պարագայում, այլ պարզապես ստանալու է նոր թափ:

Հետևաբար, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքն առավել նոր թափով է սկսելու ծավալվել մի թեմայի շուրջ, որը այսօր գործնականում քիչ կապ ունի այն հրամայականների հետ, որոնց առաջ կանգնած են պետությունն ու հանրությունը: