02/01/2025

Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը 2025-ին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ուղերձ է հրապարակել՝ նշելով, որ անհամբերությամբ սպասում է հարաբերությունների հետագա զարգացմանը 2025 թվականին։

«Ընկերներիս և ընտանիքիս հետ նշելով ամանորյա տոները՝ ցանկանում եմ գալիք տարում մաղթել խաղաղություն, երջանկություն և բարգավաճում։

Տոները հիանալի առիթ են՝ համատեղ ձեռքբերումների մասին խորհելու և գալիք տարին պլանավորելու համար։
Նոր տարուն ընդառաջ ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերը, առավել, քան երբևէ, ամուր են։ Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը 2025 թվականին։

Երախտապարտ եմ Հայաստանում գտնվելու ընթացքում ինձ և իմ ընտանիքին ցուցաբերված ջերմ և բարեկամական վերաբերմունքի համար։ Ձեր շնորհիվ կարողացել եմ Երևանում ինձ զգալ ինչպես իմ տանը։ Այստեղ տոնական նոր ավանդույթներ ենք ձևավորել, որոնցից մեկն էլ տոնածառի վինտաժային զարդարանքների ձեռքբերումն է Վերնիսաժից։

Թող ձեր տոնական օրերը լցված լինեն ուրախությամբ, խաղաղությամբ և սիրով։ Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասել է նա:

***

2025 թվականին հայ-ամերիկյան հարաբերության զարգացման հարցն ստացել է նոր երանգ այն համատեքստում, որ ԱՄՆ 2025 թվականին ունենալու է նոր վարչակազմ, փաստացի նոր իշխանություն:

Թե՛ Սպիտակ տունը, թե՛ Կոնգրեսը, ըստ էության, ղեկավարելու են հանրապետականները: Սպիտակ տանը լինելու է Դոնալդ Թրամփի վարչակազմը, որի շատ մոտեցումներ հիմնավոր հարցեր են առաջացնում Հարավային Կովկասի հանդեպ ամերիկյան քաղաքականության մարտավարության հնարավոր փոփոխությունների, ուշադրության հնարավոր նվազման վերաբերյալ: Իսկ ԱՄՆ մարտավարական փոփոխությունները անշուշտ Կովկասի երկրների համար կարող են ունենալ շատ ավելի ընդգրկուն նշանակություն:

Հաշվի առնելով տրամաչափերի տարբերությունը: Այս հանգամանքները հայ-ամերիկյան հարաբերության առումով էական անհրաժեշտություն են դարձնում Հայաստանի բովանդակային նախաձեռնողականությունը:

Եթե մարտավարությունից, մոտեցումներից, աշխարհաքաղաքական պատկերացումների համատեքստում գոյություն ունեցող առաջնահերթություններից ելնելով, ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը ակտիվ էր Կովկասի ուղղությամբ, այդ թվում նաև Հայաստանի՝ հետևաբար Երևանին այսպես ասած «մնում» էր միայն արձագանքել, ապա ԱՄՆ դե ֆակտո նոր իշխանության պայմաններում հայ-ամերիկյան հարաբերության լճացում կամ ստագնացիա թույլ չտալու համար նախաձեռնողական պետք է լինի Հայաստանը, փորձելով ակտիվ շփումներ ունենալ հանրապետական Կոնգրեսի և Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ:

Ընդ որում՝ նախաձեռնողականությունը պետք է ենթադրի առաջին հերթին բովանդակություն, օրակարգային առաջարկներ, որոնք համահունչ կլինեն այն աշխարհաքաղաքական պատկերացումներին ու հետաքրքրություններին, որ ունի ԱՄՆ նոր վարչակազմը: