27/12/2025

2025 թվականի ամենամեծ սկանդալները շոու բիզնեսում

Միջազգային շոու-բիզնեսի շատ աստղերի համար 2025 թվականը լուրջ փորձություն էր՝ սկանդալներով լի:

Բեմում իդեալականացված կերպարներ, իրական կյանքում «անկումներ», խնդիրներ, որոնք բորբոքում են հանրային հետաքրքրասիրությունը: Ներկայացնենք դրանցից մի քանիսը։

Քիմ Քարդաշյանը՝ ընդդեմ Ռեյ Ջեյի

TMZ-ի հաղորդմամբ՝ ամերիկահայ հայտնի պոռնոաստղ Քիմ Քարդաշյանը եւ նրա մայրը՝ Քրիս Ջենները, դատական հայց են ներկայացրել երաժիշտ Ռեյ Ջեյի դեմ՝ նրան մեղադրելով զրպարտության մեջ։ Պատճառը Ռեյ Ջեյի հայտարարությունն է՝ ընդդեմ Քարդաշյանի եւ Ջենների RICO (հանցավոր գործունեություն եւ կոռուպցիա) հետաքննության շրջանակներում դաշնային իշխանությունների հետ համագործակցության մասին։ Երգիչն ավելի վաղ նշել էր, որ «կհավատար դրան, եթե Քարդաշյանին մեղադրեին շորթման մեջ»։ Քարդաշյանների եւ Ռեյ Ջեյի հարաբերությունները վաղուց լարված էին։ Երաժիշտը նախկինում հայտարարել էր, որ իր եւ Քիմի ինտիմ տեսանյութը, որը բաց ռեսուրսով հասանելի դարձավ 2007-ին, հրապարակվել է Քիմի կամքով։ Նա ասել էր, որ դա նկարահանվել է փոխադարձ համաձայնությամբ՝ 2003-ին, իրենք քննարկել են այն հրապարակելու հարցը 2006 թվականին։

Փի Դիդիի դատավճիռը

2024 թ․ սեպտեմբերին կալանավորվեց ռեփեր Փի Դիդին (իսկական անունը՝ Շոն Քոմբս), ինչը մեծ աղմուկ բարձրացրեց։ Նրան մեղադրանք առաջադրվեց սեռական թրաֆիքինգի՝ կանանց մարմնավաճառության մեջ ներգրավելու եւ շորթման համար։ Գրեթե մեկ տարի տեւած դատավարությունից հետո Քոմբսը դատապարտվեց 50 ամսվա ազատազրկման եւ 500 հազար դոլար տուգանքի։ CBS News-ի հաղորդմամբ, երաժիշտը բանտում աշխատում է որպես քահանայի օգնական։ Նա պահպանում է եկեղեցու գրադարանը եւ օգնում է մաքրել քահանայի գրասենյակը։ Աշխատանքը շահավետ է Քոմբսի համար. նա սնունդ է ստանում կրոնական արարողություններից հետո եւ ապրում է առանձին՝ օդորակիչով սենյակում։ Երաժշտի ներկայացուցչի խոսքով՝ Շոնը վայելում է աշխատանքային միջավայրը՝ այն նկարագրելով որպես «ջերմ եւ հարգալից»։ Այնուամենայնիվ, բանտը միշտ չէ, որ այդքան «նուրբ» է եղել Փի Դիդիի համար։ «Դեյլի Մեյլ»-ը հայտնել է, որ արտիստը ողջ է մնացել իր խցում դանակահարությունից հետո։ Ըստ որոշ տեղեկությունների, մեկ այլ կալանավոր մտել է խուց եւ ինքնաշեն սուրը դրել քնած Քոմբսի կոկորդին։ «Նա արթնացել է դանակը կոկորդին։ Բայց եթե այդ տղան իսկապես ցանկանար վնասել նրան, Շոնը կվիրավորվեր»,- ասել է ռեփերի ընկերը՝ Չարլուչի Ֆիննին։

Բալդոնին՝ ընդդեմ Լայվլիի

«Ամեն ինչ ավարտվում է մեզ հետ» դրաման թողարկվել է 2024 թ․ օգոստոսին: Գլխավոր դերերում են ռեժիսոր Ջասթին Բալդոնին եւ Բլեյք Լայվլին, որը հանդես եկավ նաեւ որպես պրոդյուսեր: Թրեյլերը թողարկվել է 2024 թ․ մայիսին, իսկ ֆիլմի՝ օգոստոսի 9-ին լայն տարածումից հետո հանդիսատեսը տեղեկացավ նախագծի շուրջ լարվածության մասին: Մանհեթենում կայացած պրեմիերայի ժամանակ Լայվլին եւ Բալդոնին խուսափեցին միասին հանրության առջեւ հայտնվելուց, ինչն ասեկոսեների ալիք բարձրացրեց: Ըստ Page Six տաբլոիդի, նկարահանման հրապարակում գլխավոր դերակատարների միջեւ կոնֆլիկտ է առաջացել: 2024 թ․ դեկտեմբերին դերասանուհի Բլեյք Լայվլին սեռական ոտնձգությունների եւ զրպարտության փորձի մեղադրանքներ է ներկայացրել ռեժիսոր Ջասթին Բալդոնիի դեմ: Նա բողոք է ներկայացրել Կալիֆորնիայի քաղաքացիական իրավունքների դեպարտամենտ: Բալդոնիի փաստաբանը հերքել է ռեժիսորի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները։ Լայվլին դատական հայցը ներկայացրել է 2024 թ․ դեկտեմբերի 31-ին։ Ջասթին Բալդոնին, իր հերթին, հակընդդեմ հայց է ներկայացրել Բլեյք Լայվլիի եւ Ռայան Ռեյնոլդսի դեմ։ Ռեժիսորը պնդում է, որ աստղային զույգը «գողացել է» իր ֆիլմը եւ փորձել է խաթարել իր հեղինակությունը՝ սեռական ոտնձգության մասին կեղծ մեղադրանքներ ներկայացնելով։ «Այս գործը հայտնիների մասին չէ, որոնք մամուլում միմյանց քննադատում են։ Սա աշխարհի երկու ամենաազդեցիկ աստղերի պատմությունն է, որոնք օգտագործում են իրենց հսկայական ուժը՝ ամբողջ ֆիլմը ռեժիսորի եւ պրոդյուսերական ընկերության ձեռքից գողանալու համար։ Երբ հայցվորները հնարավորություն ունենան խոսելու դատարանում, ատենակալները կճանաչեն, որ նույնիսկ ամենաազդեցիկ հայտնին չի կարող ճշմարտությունը կամքով խեղաթյուրել»,- ասվում է հայտարարության մեջ։ Լայվլիի փաստաբանները դատավորի որոշումն անվանել են «լիակատար հաղթանակ եւ լիակատար արդարացում»։ Նրանք պատրաստվում են փոխհատուցում պահանջել՝ անհիմն դատական հայց ներկայացնելու համար։

Ջասթին Բիբեր. կախվածություն եւ ամուսնական խնդիրներ

2025 թվականին Ջասթին Բիբերը բազմաթիվ վերնագրերի թեմա էր լրատվամիջոցներում եւ սոցցանցերում: Լրագրողներն ուշադիր հետեւում էին ոչ միայն արտիստի հոգեկան առողջությանը, այլեւ նրա ամուսնությանը Հեյլի Բիբերի հետ։ 2025 թ․ փետրվարին երգիչը սոցիալական ցանցերում հրապարակեց տեսանյութ, որտեղ նա կիսամերկ ռեփ էր կարդում նավակի վրա: Մեկնաբանություններում երկրպագուները պնդում էին, որ Բիբերն օգտագործում է թմրանյութեր՝ հղում անելով նրա արտաքին տեսքին: Սակայն երգչի ներկայացուցիչները կտրականապես հերքեցին այս տեղեկությունը: Այնուամենայնիվ, Ջասթինը շարունակում էր խթանել հանրության հետաքրքրությունը՝ իր անձնական բլոգում հրապարակելով վիճահարույց լուսանկարներ եւ տեսանյութեր՝ հումորներ, իր ոտքերի եւ անօրինական նյութերի լուսանկարներ, ինչպես նաեւ՝ անհայտ կանանց հետ հեռախոսազրույցների սքրինշոթեր։ Ավելի ուշ փոփ երգիչը սոցիալական ցանցերում հայտարարեց, որ իր նախկին թիմը ճնշում է գործադրել իրեն անօրինական նյութեր ընդունելու՝ աշխատանքի համար ավելի շատ էներգիա տալու համար: Հունիսին նա խոստովանեց հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին․ «Մարդիկ ինձ ասում են, որ ես թերապիայի կարիք ունեմ։ Բայց երբեւէ մտածե՞լ եք, որ եթե ես կարողանայի վերականգնվել, դա վաղուց կանեի։ Գիտեմ, որ կոտրված եմ։ Գիտեմ, որ խնդիրներ ունեմ»։ Ավելին, 2025 թ․ մարտին լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին, որ երգիչը Հեյլիից ամուսնալուծվելու եզրին է։ Բազմաթիվ պատճառներ էին բերվել՝ հավատքի տարբերություններից մինչեւ Ջասթինի կողմից անտեսում եւ բռնություն։ Այնուամենայնիվ, զույգը դեռ միասին է։

Քեթի Փերին եւ նրա տիեզերական թռիչքը

2025 թվականի ապրիլի 4-ին երգչուհի Քեթի Փերին, հինգ այլ կանանց հետ միասին, կատարեց ենթաուղեծրային թռիչք դեպի տիեզերք՝ Ջեֆ Բեզոսին պատկանող տիեզերանավով: Այս համարձակ քայլի համար երգչուհուն սոցցանցերում աննախադեպ քննադատության արժանացրին, այլ ոչ թե՝ հիացմունքի: Մարդիկ վրդովված էին. շատերը գրում էին, որ չեն կարող վճարել վարձավճար կամ գնել մթերք, սակայն հսկայական գումարներ են ծախսվում «անհասկանալի» տիեզերական թռիչքների վրա: Ինչ-որ մեկը մեղադրեց արտիստին՝ շրջակա միջավայրն աղտոտելու եւ «ծիծաղելիորեն թանկ սելֆի անելու» ցանկության մեջ: Օգտատերերի մեծ մասը հետաքրքրվում էր թռիչքի նպատակով: Տոմսի ճշգրիտ գինը չի բացահայտվել: Հայտնի էր միայն, որ տեղ ամրագրելու համար անհրաժեշտ էր 150 հազար դոլար կանխավճար: Առաքելությունը տեւեց գրեթե 11 րոպե: Կանայք անկշռության մեջ էին մոտ 3 րոպե, նախքան վայրէջքը սկսելը: Պատկերավոր ասած՝ աստղերի մի փոքր քայլ՝ թռիչք բավական է, որ նրանց մասին կարծիքը փոխվի 180 աստիճանով՝ նրանց մասին շարքային մարդկանց պատկերացումներն ու միֆերը միանգամից անկում գրանցեն։